HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի մասին հանրային քաղաքականության տեսանկյունից

Արդյոք արդարացվա՞ծ են կառավարության ձեռնարկած տեղաշարժի սահմանափակումները

Այս գիրը պետք է հատկապես հետաքրքրի այն մարդկանց, որոնք կասկածի տակ են դնում կառավարությունների, մասնավորապես մեր կառավարության գործողությունները կարանտինի, արտակարգ դրության և այլ սահմանափակումների առնչությամբ: 

Ծանուցում` Գծապատկերները արտացոլում են մարտի 27-ի դրությամբ (ներառյալ) հրապարակված տվյալները:

Ընդհանուր առմամբ բոլոր կառավարությունների միջամտությունները ինչ-որ մի գործընթացում տեղի են ունենում երբ հանրային խնդիր է ձևակերպվում:
Արդյո՞ք կորոնավիրուսը որպես այդպիսին հանրային խնդիր է: Մարդիկ կան, նաև մեր քաղաքացիների մեջ, որ ասում են` ոչ, կորոնավիրուսը սովորական գրիպի տեսակ է, և եթե վարակվածների ու մահերի կշռով նայենք, առ այսօր եղած գրիպներից ավելի սարսափելի չէ, և հետևաբար ինչու են կառավարությունները նման սահմանափակումների դիմում և միլիարդների վնասներ պատճառում տնտեսությանը և հետևաբար մարդկանց: Այսինքն ասում են կորոնավիրուսի տարածումը հանրային խնդիր չէ: Սակայն աշխարհի գրեթե բոլոր կառավարությունները, այս պահի դրությամբ, կորոնավիրուսի տարածումը ճանաչել են հանրային խնդիր և հետևաբար միջամտություններ են իրականացնում:

Ինչու՞ է կորոնավիրուսը հանրային խնդիր: Պատճառներ.

  • Սա ավելի արագ է տարածվում, քան առ այսօր հայտնի այլ վիրուսներ: 
  • Սա ուղղակի գրիպի տեսակ չէ: Սա ավելի վարակիչ է:
  • Սա ավելի վտանգավոր է առողջական խնդիրներ ունեցող և թույլ իմունիտետ ունեցող քաղաքացիների համար, հետևաբար հիմնականում տարեցները ավելի մեծ սպառնալիքի տակ են, քան այլ հայտնի վիրուսիների դեպքում (նաև հետևյալ պատճառով):
  • Սրա համար պատվաստանյութ դեռ չկա:
  • Սրա համար բուժման թերապիա դեռ չկա:

Այս ամենը երբ համադրում ենք, ապա կարողանում ենք ձևակերպել կորոնավիրուսի հանրային խնդիր լինելը հետևյալ կերպ: 

Վիրուսը կարող է տարածվել մի արագությամբ, որ դրա արդյունքում մեծ թվով մարդիկ կդառնան վիրուսակիր և դրանցից բուժօգնության կարիք ունեցող մարդկանց թիվը որոշակի պահի դրությամբ շատ ավելի մեծ կլինի, քան երկրի բժշկական ծառայությունների կարողությունն է: 

Երբ կորոնավիրուսի տարածումը հանրային խնդիր է ձևակերպվում, ապա կառավարությունները սկսում են մտածել իրենց գործողությունների` արձագանքի մասին և մտորում են հետևյալ հիմնական տարբերակների շուրջ:

  • Տարբերակ առաջին: Ոչինչ չանել և թողնել, որ վիրուսը իր բնական ճանապարհով տարածվի, տալ որոշակի քանակի զոհեր և շարժվել առաջ: Այնուհետ հանրությանը համոզել, որ սա օպտիմալ տարբերակն էր: 
  • Տարբերակ երկրորդ: Մեծացնել բժշկական ծառայությունների կարողությունները և թողնել, որ վիրուսը իր բնական արագությամբ տարածվի և սպասարկել բոլորին ովքեր բուժօգնության կարիք կունենան:
  • Տարբերակ երրորդ: Նվազեցնել վիրուսի տարածման արագությունը և փորձել եղած բժշկական կարողությունների շրջանակում սպասարկել բոլոր կարիք ունեցողներին:

Այս երեք տարբերակներն էլ ծախս-օգուտ վերլուծության են ենթարկում և հասկանում հետևյալը: Առաջին տարբերակը անընդունելի է, քանի որ կարող է հանգեցնել ոչ միայն մեծ քանակի զոհերի, այլ նաև առողջապահական համակարգի փլուզման և հանրային խռովությունների: Նաև սա անհնար կլիներ մատուցել հանրությանը իբր թե օպտիմալ տարբերակ, քանի որ 21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարություններին նման ծայրահեղ մանիպուլացիաների հնարավորություն չեն տալիս: Իրականում, առաջին տարբերակը ամենածախսատարն է:

Երկրորդ տարբերակը իրատեսական չէ, քանի որ վիրուսը շատ արագ է տարածվում և հնարավոր չէ հասցնել բուժհաստատությունների կարողությունները այսքան արագ մեծացնել, եթե նույնիսկ ֆինանսական և մնացյալ ռեսուրսները անսահմանափակ են: Իրականում ցանկացած ռեսուրս սահմանափակ է, հատկապես այս օրերին երբ վիրուսը աշխարհով մեկ մեծ տարածում ունի: Եվ ռեսուրսները սահմանափակ են հատկապես մեր երկրի համար:

Երրորդ տարբերակը այս պահի դրությամբ ամենատարածված միջամտության եղանակն է, որ կառավարությունները ընտրել են: Վիրուսի տարածման արագությունը նվազեցնում են մարդկանց շփումները հնարավորինս քչացնելով: Եզակի պետություններ սրան զուգահեռ կարողանում են նաև բժշկական կարողությունները փոքր-ինչ ընդլայնել և հետևաբար շփումների սահմանափակումը շատ խիստ չեն կիրառում: Օրինակ է Հարավային Կորեան: Այս եղանակը ընտրելով կառավարությունները հույս ունեն, որ վիրուսը կտարածվի դանդաղ և բժշկական հաստատությունները կկարողանան սպասարկել բոլոր բուժօգնության կարիք ունեցողներին և հետևաբար մահերի թիվը հնարավորինս փոքր կլինի: Սա երրորդ տարբերակի գերնպատակն է:

Այժմ, այս ներկայացվածը դիտարկենք երեք սցենարով, որոնք կառուցված են իրական թվերի վրա (Տես հետևյալ գծապատկերները. Դրանք արտացոլում են նոր վիրուսակիրների թիվը յոթնօրյա միջնարժեքով): Միակ ենթադրությունը այս երեք գծապատկերներում կարմիր գծի դիրքն է: Դա յուրաքանչյուր երկրում բժշկական ծառայությունների կարողությունների սահմանն է: Ենթադրաբար այս գծերը ճիշտ տեղում են` ելնելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունից, նաև վիրուսակիրների մեջ մահացածների կշռից: Իտալիայի դեպքում այս պահին կորոնավիրոսից մահացության ցուցանիշը 10.5% է, որը վատագույն ցուցանիշն է, իսկ Հարավային Կորեայի դեպքում սա 1.5% է, որը կարելի է նվազագույնը համարել: Հայաստանի համար դեռ վաղ է այս ցուցանիշի մասին խոսել. Կախված որդեգրած միջամտության արդյունավետությունից կորոնավիրուսից մահացածների թիվը կլինի այս միջակայքում:

Իտալիա.png (117 KB)

Կորեա.png (114 KB)

Հայաստան.png (72 KB)

Այս երեք գծապատկերների սցենարները տարբեր են հիմնականում միջամտության ժամանակագրությամբ պայմանավորված: Իտալիան սահմանափակումները ուշ է մտցնում. Հավանաբար սկզբում կարծել են, թե առաջին տարբերակը (չմիջամտել) կարող է օպտիմալը լինել` չպատկերացնելով վիրուսի տարածման արագությունը և դրա տված վնասների չափը (կարծում եմ ԱՄՆ-ը նույնպես սկզբում փորձեց այս տարբերակը ընտրել): Այնուհետ, որոշել են գնալ երրորդ տարբերակով, սակայն արդեն ուշացած, երբ վիրուսի տարածումը մեծ թափ էր ստացել: Հարավային Կորեան, ի տարբերություն Իտալիայի, հենց առաջին դեպքերի հայտնաբերման պահից համապետական արտակարգ դրություն է հայտարարում և ընտրում միջամտության երրորդ տարբերակը` գումարած երկրորդի որոշակի դրսևորումներ: Օրինակ թեստերի ստեղծում, արտադրություն, նաև բժշկական անհրաժեշտ սարքավորումների որոշակի ծավալի մեծացում: 

Հայաստանի կառավարությունը, բարեբախտաբար, Իտալիայի պես ուշացած չէր իր միջամտության որոշման մեջ: Սակայն այդչափ օպերատիվ չէր, ինչպես Հարավային Կորեան, որը աշխարհում այս պահին լավագույնն է կառավարում այս վիրուսի տարածման ընթացքը:

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարության գխավոր խնդիրը պետք է լինի, եթե գծապատկերների տեսքով ասեմ, ունենալ հարավ-կորեական սցենար, և ոչ մի կերրպ թույլ չտալ իտալականը: Սա կարծես այս պահի դրությամբ (27.03.2020) հաջողությամբ ստացվում է, ինչը նաև Հայաստանի գծապատկերն է ցույց տալիս: Հետևաբար, մեր կառավարության գործողությունները` շփումների սահմանափակումների տեսքով, ամբողջովին արդարացված են: Լավ կլիներ իհարկե բժշկական կարողություններն էլ որոշակի չափով ընդլայնել, բայց սա արդեն հնարավորությունների հարց է: Միաժամանակ, այս ուղղությամբ իրականացված ծախսերը լավ հիմք կարող են ստեղծել հետագայում բժշկական ծառայությունների ավելի լավը ու ավելի հասանելի դարձնելու համար:

Իհարկե այս սահմանափակումները հանգեցնելու են տնտեսական մեծ վնասների, և հետևաբար քաղաքացիների համար մեծ դժվարություններ են առաջացնելու: Եվ նաև սրա համար է, որ կառավարությունը քաղաքացիներին և բիզնեսին աջակցության որոշակի քայլեր է նախատեսում: Ինչքան էլ որ մեծ լինեն տնտեսական վնասները, միանշանակ է, որ ընտրված տարբերակը (վերը նշվածներից երրորդը) ամենաքիչ ծախսատարն ու վնասաբերն է լինելու: 

Ի դեպ, ինչ վերաբերվում է վիրուսի տարածման արագությանը, ապա շատ մասնագետներ պնդում են, որ դրա տարածման արագությունը էքսպոնենցիալ է: Երբ այս պահին եղած տվյալների վրա ենք դիտարկում, ապա աճը պոլինոմիալ է, որը նույնպես արագ աճի տեմպ է գծայինի համեմատ, սակայն այնքան կտրուկ չէ, որքան էքսպոնենցիալը և սրա նվազեցնելը մյուսի համեմատ ավելի քիչ դժվար է: Սա հավանաբար նաև կառավարությունների միջամտության արդյունքում է:

Հ.Գ.

Տեղեկացնեմ, որ Ազգային ժողովում այս թեմայով հրավիրված քննարկմանը ասել եմ, որ կառավարության աջակցությունը քաղաքացիներին և բիզնեսին պետք է բխի վիրուսին արձագանքելու երկրի բժշկական կարողություններից: Այսինքն, վերջինիս հիման վրա ընտրված սահմանափակումների շրջանակը պետք է թելադրի կառավարության աջակցության եղանակը: Պատճառը նա է, որ սա առողջապահական ճգնաժամ է, ոչ թե` տնտեսական: Տնտեսական դժվարությունները երկրորդային բացասական հետևանք են և հետևաբար այս վնասների նվազեցման ուղղված գործողությունները պետք է բխեն առողջապահականին արձագանքելու ընտրված քաղաքականությունից և դրանք պետք է լինեն առաջին հերթին սոցիալական ուղղվածության, զուգահեռ պետք է իրականացվի բիզնեսներին աշխատատեղերը պահելուն ուղղված աջակցություն և հաջորդիվ ընդլայնողական տնտեսական քաղաքականություն:

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter