
Չինաստանի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսի համաճարակի դադարեցման մասին
Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը մարտի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրում դադարել է կորոնավիրուսի համաճարակի տարածումը։ Ըստ Մի Ֆենի տվյալների՝ մարտի 28-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերը չեն գերազանցել 3000-ը։ Այդ մասին հայտնում է «Xinhua» պարբերականը։
Այդուհանդերձ, կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հնարավոր է Չինաստանում սկսվի կորոնավիրուսի տարածման երկրորդ փուլը, քանի որ շարունակաբար աճում են կորոնավիրուսի դրսից ձեռքբերման ցուցանիշները։ Շաբաթ օրը պարզ է դարձել 693 ձեռքբերովի դեպքերի մասին, որոնց վարակակիրները ժամանել էին աշխարհի 42 երկրներից։
Վերջին տվյալներով՝ Չինաստանն աշխարհում երրորդն է կորոնավիրուսի վարակակիրների ցուցանիշներով (81 439): Առաջին և երկրորդ հորիզոնականներում գտնվում են ԱՄՆ-ն (123 828) և Իտալիան (92 472): Մայրցամաքային Չինաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է շուրջ 3 300 մարդ։
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից սկսվել էր կորոնավիրուսի տարածումը, մասամբ վերականգնվել է մետրոյի աշխատանքը։ Կարանտինի պատճառով, շուրջ երկու ամիս, այն չէր գործում։ Ավելի ուշ, վերականգնվել էր նաև Հուբեյ նահանգի ներքին ավիահաղորդակցությունը։ Գործում են բոլոր միջազգային օդանավակայանները, բացառությամբ Ուհանի Տյանհե օդանավակայանից։ Մարտի 28-ի դրությամբ՝ Հուբեյ նահանգում չի գրանցվել կորոնավիրուսի նոր դեպք։
Լուսանկարը՝ «Reuters» գործակալության
Մեկնաբանել