HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով` հասանելիություն քաղաքացիների տեղորոշմանը, հեռախոսազանգերի տևողությանը

Խորհրդարանը Կառավարության նախաձեռնությամբ հրավիրել է արտահերթ նիստ, օրակարգում ընդգրկված է չորս հարց: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում գործադիրն առաջարկում է փոփոխություններ կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով: Նախագծերի փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարի խոսքով` կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:

«Սա վերաբերում է բացառապես համաճարակով պայմանավորված արտակարգ դրությանը, այս միջամտությունը սահմանափակ է, ամբողջ ծավալով միջամտություն չի լինելու` զանգերին կամ հաղորդագրությունների բովանդակությանը հասանելություն չի թույլատրվելու»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով` փոփոխություններով առաջարկվում է կապի օպերատորների հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները` հաճախորդի տեղորոշումը պարզելը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե համաճարակից հետո ինչ է լինելու հավաքագրված տվյալները, և արդյոք կարիք չկար խստացնել պատասխանատվությունը այն դեպքերի համար, եթե անձնական տվյալները հանրայնացվեն:

Նախարարն արձագանքեց` քանի որ արդեն քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթներ կան, Կառավարությունը չի գնահատել գործող միջոցները որքանով են խիստ:

Ինչ վերաբերում է տվյալներին, նախարարն ասաց, որ դրանք ապաանձավորված են հավաքագրվելու, դրանք վիճակագրական տվյալներ են լինելու, որից Կառավարությունը կարող է եզրահանգումներ անել, օրինակ, վնասների հատուցման համար կամ հետագայում ավելի լավ ռազմավարություն մշակելու համար:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց` միշտ էլ համապատասխան մարմինները գաղնալսումներ անում են, դեռ լրագրող տարիներից իր հեռախոսային խոսակցությունը գաղտնալսում են, ուստի ինքն իմունիտետ ունի: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ամբողջ բնակչության տվալների հավաքագրումն ինչպես է լինելու, որ կառույցն է տիրապետելու ամբողջ տեղեկատվությանը:

Նախարարը վստահեցրեց` խոսքը գաղտնալսելու մասին չէ, այլ հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է` առանց բովանդակությանը ծանոթանալու, նույնը նաև հաղորդագրությունների դեպքում է: Բադասյանի խոսքով` տվյալների հավաքագրումն իրականացնելու է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն, ոստիկանություն ու ԱԱԾ-ն վերահսկողություն են իրականացնելու կառույցի գործունեության նկատմամբ:

Ըստ Բադասյանի` անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել իրավաչափ նպատակով, իսկ արտակարգ դրության դեպքում անձի իրավունքները կարող են սահմանափակվել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե ինչ է տալու պետությանը տեղեկությունը, թե, օրինակ, Նորքում ապրող քաղաքացին հեռախոսային խոսակցություն է ունենում Հարավարևմտյան թաղամասում ապրող քաղաքացու հետ ու քանի անգամ է հետը խոսում:

Նախարարն իր օրինակով պատասխանեց. եթե իր մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ապա նախորդ 14 օրերի ընթացքում միայն իր տեղորոշումն իմանալը բավարար չէ, կարևոր է նաև իր զանգերի վերհանումը և վերջիններից ճշտումը, թե արդյոք զանգերից հետո հանդիպել են իր հետ, թե չէ:

Միրզոյանն արձագանքեց` ինքը կարծում է, որ այս սահմանափակումն ավելորդ է:

Ռուստամ Բադասյանն ասաց, որ փոփոխության առաջարկը ներկայացվել է ՏՏ ոլորտի մասնագետների հետ քննարկումներից հետո, ուստի առաջարկն ինքնանպատակ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter