HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տարոն Սիմոնյանի համոզմամբ` քաղաքացիների իրավունքները սահմանափակող Կառավարության առաջարկը իրավաչափ չէ

Մարդիկ դարերով են պայքարել մարդու իրավունքների նվաճման համար, սակայն երբ առանձին դեպքերում արտակարգ իրավիճակ է լինում, սահմանափակում ենք այն, ինչի համար պայքարել ենք դարերով:

Այս մասին իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` անդրադառնալով Կառավարության օրենսդրական առաջարկին, որով փորձ է արվում հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների տեղորոշումը վերահսկել և զանգերի տևողությունը բացահայտել:

«Եթե անհրաժեշտ է այս գործիքակազմը, ապա հաջորդ քայլերով պետք է կարողանանք ապացուցել, որ համաչափ են գործիքները, որոնցով այս նպատակին հասնում ենք, այլապես մենք կխախտենք քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ դաշնագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, մեր երկրի Սահմանադրությունը»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Ըստ իրավաբան պատգամավորի` առաջարկվող նախագծով ընտրված գործիքակազմը խիստ անհամաչափ է, և շատ լայն գործիքներ է կիրառվելու` լայն անձանց շրջանակի նկատմամբ:

Սիմոնյանը նաև նշեց` ուրախ է, որ դա արձանագրեցին նաև քաղաքական մեծամասնության պատգամավորները:

Տարոն Սիմոնյանի խոսքով` գիշերն ուսումնասիրել է նախագծի հիմնավորումները և մասնավորապես միջազգային փորձը, որի մասին ասվում է:

«Ձեր նշած որևէ պետությունում նման իրավակարգավորում չի արվել, ձեր նշած հիմնավորումներում հղում է արվում լրատվական միջոցների: Դուք իրավաբան եք, պարոն Բադասյան, գիտեք, որ լրատվական միջոցների հիման վրա իրավունքների սահմանափակում չի կարող կատարվել»,- ասաց Սիմոնյանը` դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Պատգամավորը կոչ արեց նախարարին ներկայացնել, թե նախագծի հիմնավորումներում նշվող Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հարավային Կորեան, Սինգապուրը և այլ երկրներ ինչ իրավական փաստաթղթերով են նման սահմանափակումներ ամրագրել:

Հիշեցնենք, որ առաջարկվող նախագծով քաղաքացիների տեղորոշումը հասանելի  է դառնալու համապատասխան կառույցի համար, ինչպես նաև՝ քաղաքացիների հեռախոսազանգերի տևողությունը, սկիզբը, ավարտը և քանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter