
Բաժնետիրական ընկերությունների ժողովներն առցանց կլինեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկը, որով հնարավորություն է ընձեռվում բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար եղանակով իրականացնել: Նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն` 87 ձայնով:
Փաթեթը ներկայացրեց Ավագ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ ներկա օրենսդրությամբ վերոնշյալ օրենքներում ներառված են դրույթներ, որոնք դժվարացնում են բաժնետերերի ժողովների առցանց կազմակերպումը և առցանց եղանակով քվեարկությունը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ փոփոխություններն ի սկզբանե առաջարկել են ԱԺ պատգամավորներ, Կառավարությունն էլ այդ փոփոխությունները նպատակահարմար է համարել:
Ըստ նախագծի` բաժնետիրական ընկերությունների ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց ֆիզիկական ժողով անցկացնելու` հեռակա կարգով քվեարկության կամ իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը և դրանց փաստաթղթային հաստատումն ապահովող կապի այլ միջոցներով փոխանակելու միջոցով: Իրական ժամանակում առցանց քվեարկություն կարող է կազմակերպվել էլեկտրոնային կապի միջոցներով` ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով:
Ըստ նախագծի` էլեկտրոնային քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով՝ ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ:
Մեկնաբանել