HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորը գրավ կիրառելու որոշման մեջ հղում է կատարել կորոնավիրուսի տարածման համատեքստում անազատության մեջ գտնվող անձանց մասին ԵԽ զեկույցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, այսօր որոշել է գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել  քաղաքացի Վ․ Սուքիասյանի նկատմամբ։ Դատարանն, ի թիվս այլ հանգամանքների, խափանման միջոց գրավ կիրառելու հարցը քննարկելիս հաշվի է առել Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցը, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սուքիասյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը։

Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է տերմինալից գողություն կատարելու մեջ, նրա գործը դեռևս նախաքննության փուլում է, նա անազատության մեջ է արդեն երկու ամիս, և վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝  կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

Դատական նիստի ընթացքում Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ գրավի կիրառումը համարել թույլատրելի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնց թվում՝ Եվրոպայի խորհրդի վերը նշված զեկույցը։ «Հետք»-ն ավելի վաղ գրել է, որ մարտի 20-ին հրապարակված զեկույցում, կարևորելով ազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության իրավունքը, նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։ Այս մոտեցումը առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերբնակեցվածության դեպքում։ Զեկույցում խոսվում է այն մասին, որ իրավասու մարմինները պետք է առավել լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները։

Լյուդվիգ Ավետիսյանը նշեց, որ որոշման մեջ դատավորը հղում է կատարել վերը նշվածին, ինչպես նաև հաշվի առել, որ իր պաշտպանյալն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջում կատարածի համար և պատրաստ է վերականգնել պատճառված վնասը։

Նշենք, որ օրեր առաջ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մեկ այլ որոշում կայացրել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն, ով նույնպես հղում էր կատարել Եվրոպայի խորհրդի զեկույցին։

Լուսանկարում՝ դատավոր Արման Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter