HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Supermarket.am-ի հաճախորդները դժգոհում են. օնլայն սուպերմարկետը պատվերները թերի է առաքում

Օրեր առաջ «Հետքի» խմբագրություն զանգահարեց մեր ընթերցողներից մեկը և տեղեկացրեց, որ supermarket.am կայքից գնումներ է կատարել, սակայն առաքումը կատարվել է թերի։ Մեզ դիմող Ս. Մ.-ն (անունը ամբողջական չենք հրապարակում՝ քաղաքացու ցանկությամբ) ասաց, որ ինքը միակը չէ, որ դժգոհ է սպասարկումից։ Նրա փոխանցմամբ՝ օնլայն սուպերմարկետի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր բողոքում են: Գնորդները նշում են, որ չեն կարողանում կապ հաստատել սուպերմարկետի հետ, զանգերին ու հաղորդագրություններին  աշխատակիցները չեն պատասխանում:

Ինչպես նշված  է սուպերմարկետի կայքի «Մեր մասին» բաժնում, supermarket.am-ը օնլայն գնումների համակարգ է, որը հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու գնումներ կատարել:

Սուպերմարկետի ֆեյսբուքյան էջում թողած մեկնաբանություննում օգտատերերը դժգոհում են սուպերմարկետի սպասարկումից, մասնավորապես՝ որ օնլայն վճարումը կատարելիս քարտից գանձվում է պատվիրված ապրանքների գինը, իսկ առաքման պահին կտրոնի վրա նշված գումարի չափն ու պատվիրված ապրանքների քանակը պակաս է լինում։ 

Այսինքն՝ գնում կատարողները նշում են պատվիրվող ապրանքները, վճարում օնլայն, օրինակ՝ 28.000 դրամ, գումարը գանձվում է հաճախորդի հաշվից, սակայն առաքման պահին հաճախորդին տրվող կտրոնի վրա գումարի չափը լինում է 16.000, առաքվող ապրանքների քանակն էլ համապատասխանում է 16.000-ի:

Զրուցել ենք մի քանի հաճախորդների հետ, որոնք տրամադրել են նաև իրենց կտրոնները։ Հաճախորդներից մեկին, որը պատվերը գրանցել էր մարտի 21-ին, մինչ օրս  չի առաքվել պատվիրված գնումը:

Հասմիկ Սաֆարյանն ապրում է արտերկրում, մոր ծնունդը շնորհավորելու համար Supermarket.am կայքով տորթ էր պատվիրել, որ առաքեն Երևան, պատվերը գրանցել  է մարտի 21-ին, վճարել է օնլայն, սակայն տորթը մինչ օրս չի առաքվել։

Ասում է, որ շատ է զանգահարել ու գրել, բայց զանգերին օնլյան սուպերմարկետի աշխատակիցները չեն պատասխանել։

«Ես էլ չեմ էլ սպասում իմ պատվերին։ Ուղղակի Հայաստանում չեմ, որ այդ հարցով զբաղվեմ։ Արդեն 3 իմ պատվերի գնին մենակ զանգել  եմ։ Բացարձակ խաբեություն էր։ ArmeniaTV-ի գովազդին հավատալով ՝ մամայիս ծնունդի համար տորթ պատվիրեցի։ Առավոտյան պատվիրեցի։ Երեկոյան պետք է տանեին։ Մեր ծնունդը վերջացավ՝ այդ տորթին սպասելով։ Գրում եմ, կարդում չեն պատասխանում, ո'չ գումարն են վերադարձնում, ո'չ պատվերն են առաքում։ Իբր պիկ են։ Արդեն 9 օր անցել է։ Ամեն ինչ պարզ է։ Մարդկանց՝ տնից դուրս չգալու հանգամանքից օգտվելով՝ բացարձակ խաբեությամբ փող են աշխատում»,-ասում է նա։

Հասմիկը պատրաստվում էր տորթի առաքումից հետո ընտանիքի համար 100 եվրոյի սահմանում գնումներ կատարել, որ առաքեն տուն։ «Լավ է վնասս այսքանով սահմանափակվեց։ Չնայած՝ ինձ շատ մեղավոր եմ զգում, որ մամայիս չթողեցի տորթ գներ, ասեցի՝ պատվիրել եմ, էսօր կառաքեն, ու մամաս սենց էլ տորթի սպասելով մնաց»,- պատմում է նա։

Հասմիկը նշում է նաև, որ բազմաթիվ բացասական մեկնաբանություններ ջնջել են աշխատակիցները:

«Շատ զբաղված են, քոմենթները հասցնում են ջնջել, բայց մեր հաղորդագրություններին ու զանգերին չեն կարողանում պատասխանել, մի քանի անգամ գրելուց հետո պատասխանել են, որ գերծանրաբեռնված են աշխատում, ու որ խնդրի մասին տեղեկացրել են համապատասխան բաժին, բայց մինչեւ հիմա համապատասխան բաժնից էլ չեն արձագանքել»,- ասում է նա:

Ս. Մ.-ն պատմում է, որ առաջին անգամ է օգտվել supermarket.am կայքի ծառայություններից և դժգոհ է, պատվերն առաքվել է թերի։ Թեև իր կորցրած գումարը մեծ չէր, բայց տեսնելով մյուսների մեկնաբանությունները՝ հասկացել է, որ միակը չէ, որի առաքումը թերի է կատարված։ Որոշել է բարձրաձայնել, քանի որ ո'չ զանգերին են պատասխանել, ոչ' էլ հաղորդագրություններին:

Տաթև Սուքիասյանն արդեն մի քանի անգամ օգտվել է supermarket.am-ի ծառայություններից, այս անգամ 52.000 դրամի պատվեր է գրանցել, վճարել է օնլայն՝ քարտով, առաքիչը բերել է 38.000 դրամի պատվեր, այդ գումարն է արձանագրված եղել նաեւ առաքիչի բերած կտրոնի վրա։

Ասում է՝ պատվերն ուշացրել են, բերել են հաջորդ օրը, տանը եղել է Տաթևի տատիկը, չի ստուգել, որ գնումները թերի են առաքված։

«Եթե միայն ինձ հետ նման բան պատահեր, կմտածեի, որ թյուրիմացություն է կամ շփոթվել են, բայց մտա իրենց ֆեյսբուքյան էջ ու նկարների մեկնաբանություններում շատ մարդիկ էին գրել, որ իրենց պատվերն էլ են կիսատ հասցրել տեղ, եթե շփոթմունք է, թող մեկին էլ ավել ուղարկեն»,- պատմում է Տաթևը։

 

Պարզաբանում է supermarket.am-ի տնօրենը 

Supermarket.am ընկերության տնօրեն Նարեկ Պողոսյանն ասում է, որ նման  բան չի կարող լինել ու ամեն ինչ արվում է օրենքի սահմանում, հաճախորդների կատարած գնումները պատշաճ կերպով առաքվում են։

«Բացառվում է, որ հաշվից ավել գումար գանձվի, կամ էլ ապրանքը կիսատ առաքվի, նման դեպքեր մենք չունենք, չենք ունեցել ու չեմ կարող ասել, թե ինչ մեկնաբանություններ են ֆեյսբուքում, մենք երբևէ նման խնդրի առաջ չենք կանգնել, չգիտեմ՝ հիմա ինչի մասին եք խոսում»,-ասում է տնօրենը։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք չեն ստացել հաճախորդներից հաղորդագրություններ թերի առաքումների վերաբերյալ, տնօրենը պատասխանեց. «Նույնիսկ եթե եղել են, հաճախորդի հետ պարզաբանվել է, հաճախորդն ասել է, որ թյուրիմացություն է»:

Տնօրենի հետ մեր հեռախոսազրույցից հետո տեղեկցանք, որ գնորդներից մեկի՝ Ս. Մ.-ի հետ կապ են հաստատել, ներողություն խնդրել պատճառած անհարմարության համար ու խոստացել շտկել խնդիրը:  

Մեկնաբանություններ (3)

Մելո
Կարծում եմ, որ hetq.am-ը այս դեպքւմ թերի է կատարել իր հետաքնությունը։ Ավելի ճիշտ կլիներ, եթե դուք ինքներդ մի քանի պատվեր ուղարկեիք supermarket.am-ին՝ յուրաքանչյուր անգամ պատվիրելով մի ՛շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ և վճարելով օնլայն։ Ես ինքս կատարել եմ 2 պատվեր (օնայն վճարում կատարելով)։ 2 դեպքում էլ պատվերը հասցվել է ժամանակին։ Առաջին դեպքում որևէ խնդիր չի եղել, իսկ սպառված ապրանքների փոխարինումը տեղի է ունեցել իմ համաձայնությամբ։ Երկրորդ պատվերի ժամանակ եղել է 2000 դրամի պակաս ապրանք։ Բացի այդ որոշ ապրանքներ ինքնակամ փոխել են առանց նախապես տեղեկացնելու։ supermarket.am-ից հավատացրել են, որ գումարը կվերադարձվի 4 օրվա ընթացքում, բայց դա այդպես էլ տեղի չի ունեցել։
Նոնա
Բարև ձեզ: Ինձ նույնպես խաբել են ու մի քանի անգամ։ Իրենց էջին ուղղարկել եմ կտրոնը ասում են կզանգեն ձեզ ու չեն զանգում։
Տաթև
Շատ ճիշտ և տեղին հոդվածեն հրապարակել։ Դրա համար կխնդրեմ որ բոլորը ճիշտ և մաքուր կատարեն իրենց աշխատանքը ձերծ մնալով այսպիսի պատմություններից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter