
«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան. «Ոչ մի փաստ դեռևս չի արձանագրվել»
Այսօր՝ մարտի 31-ին ժամը 08:00-ից մեկնարկել են Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները:
Համացանցում ընտրատեղամասերից տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ընտրողները լուսանկարում իրենց քվեաթերթիկները: Ըստ տեսանյութերը տարածողների՝ դրանք «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքի օգտին են:
«Հետքը» կապվել է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ և հետաքրքվել, թե ինչ է նա մտածում սոցցանցերում տարածվող տեսանյութերի վերաբերյալ:
Վահրամ Պողոսյանն ասաց, որ դա նրանք սադրանք են համարում ուղղված իրենց քաղաքական դաշինքի դեմ. «Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի քննեն այդ տեսանյութերը՝ թե ովքեր են այդ տեսանյութերը նկարել և ինչ նպատակով: Մենք գտնում ենք, որ այդ ամենն արվում է մեկ նպատակով, որպեսզի, նախ` ստվեր գցեն ընտրությունների վրա և երկրորդը՝ փորձեն ամեն կերպ կեղծ մեղադրանքներ ներկայացնեն և՛ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքին, և՛ մեր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին»:
Մենք առարկեցինք, որ կան փաստեր: «Ոչ մի փաստ դեռևս չի արձանագրվել, որովհետև փաստերն արձանագրում են ոչ թե տեսախցիկները միայն, այլ կոնկրետ իրավապահ մարմինները: Ինչ-որ գործողություններ են արձանագրել տեսախցիկները, բայց կոնկրետ փաստեր, թե ովքեր են և ինչ նպատակ են հետապնդում, մենք սպասում ենք իրավապահ մարմինների գնահատականին»,- պատասխանեց Պողոսյանը:
Լուսանկարը` Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել