HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետրոն՝ կորոնավիրուսի օրերին

«Ինձ համար այս դատարկությունը շատ մեծ ցավ է, չգիտեմ։ Այս վիճակը ինձ համար շատ տխուր է։ Ես կյանքով լի մարդ եմ, աշխուժություն եմ սիրում։ Շատ եմ տխրում իմ մետրոյի և դատարկ փողոցների համար»,- ասում է գնացքային կարգավար Աղավնի Մարտիրոսյանը։

Նա չէր էլ պատկերացնում, որ մեր զրույցից մեկ օր անց Երևանի մետրոպոլիտենը կփակվի։

Աղավնի Մարտիրոսյանը մետրոպոլիտենում աշխատում է 1981 թվականից՝ մետրոյի գործարկումից սկսած։ Ասում է՝ «ներքևի օղակից» հասել է մինչ գնացքային կարգավարի աշխատանքին։ Առանց կարգավարի գիտության և թույլտվության, մետրոպոլիտենում որևէ աշխատանք սահմանված գրաֆիկից դուրս չի կատարվում։

«Իմ աշխատանքային 40 տարիների ընթացքում չի եղել նման վիճակ, որ ուղևորահոսքը նման ձևով կրճատվի։ Մութ տարիներին ունեցել ենք վայրիվերումներ՝ ավելի շատ ուղևորներով։ Այդ ժամանակ չորս վագոն էր աշխատում, ու գնացքում տեղ չկար։ Բայց այսպիսի վիճակ առաջին անգամ է»,- ասում է Աղավնի Մարտիրոսյանը։

Արտակարգ դրության օրերին մետրոյից օգտվողների թիվը նվազեց մոտ վեց անգամ: Մետրոն այս օրերին շարժվում էր 9-12 րոպեն մեկ անգամ, նախկին՝ 5 րոպեի փոխարեն: Իսկ արդեն երեկոյան՝ ժամը 21:00-ից հետո, կարգավարը ստուգում է այդ պահի ուղևորահոսքը, և եթե այն շատ չի լինում, գնացքը շարժվում է 15 րոպե դադարով։ Ասում է՝ եթե սովորական օրերին գնացքը մեկ րոպե ուշանում էր, ուղևորները սկսում էին բողոքել, հիմա ըմբռնումով են մոտենում։

«Ընդհանրապես գնացքը ժամը 07:01-ին է շարժվում՝ Գարեգին Նժդեհ կայարանից և Բարեկամությունից։ Անցած օրը կայարաններից մեկում մի ուղևոր կանգնած գնացքին էր սպասում։ Հերթապահին ուղարկեցի, որ հարցնի՝ աշխատանքի՞ է գնում, հարկավո՞ր է գնացքը շուտ ուղարկել, թե մի հինգ րոպե սպասենք, մարդիկ իջնեն։ Քանի որ ուղևորը աշխատանքի էր գնում, ստիպված գնացքը ուղարկեցի։ Ամեն ինչ հաշվարկում ենք»,- ասում է նա։

Կարգավարը տեսախցիկներով հետևում էր բոլոր կայարանների շարժին։ Ասում է՝ արտակարգ դրության օրերին մարդաշատ էր Գարեգին Նժդեհ, Հանրապատության հրապարակ, Չարբախից դեպի Շենգավիթ եկող կայարանները։

«Մեր մետրոն ընդհանրապես շատ եմ սիրում, բայց երբ տոնական օր է, ու ուղևորները անսահման են, շարժասանդուղքները միացնում ենք, վերև-ներքև, միացնում են պահուստային շարժասանդուղքները, գծից ասում են՝ կարգավար գնացքներում տեղ չկա, պետք է հրենք։ Սիրում եմ, երբ կյանքը լիքն է լինում»,- ասում է Աղավնի Մարտիրոսյանը։

Աղավնի Մարտիրոսյանը սիրում է պարել։ Ասում է՝ եթե չդառնար գնացքային կարգավար, կդառնար պարուհի։ Հիմա էլ կարգավարական կենտրոնացված կետում հաճախ հոգնածությունը թոթափում է պարի միջոցով։ Միացնում է երաժշտությունն ու մի քանի րոպե ինքնամոռաց պարում։ Նրա այս սովորության մասին մետրոպոլիտենում շատերը գիտեն։

Աղավնի Մարտիրոսյանն ասում է, որ վերջին տարիներին ուղևորների վերաբերմունքը փոխվել է, նրանք մետրոյի հանդեպ ավելի սրտացավ են դարձել։

Պատմում է, որ Սովետական Միության փլուզումից հետո ուղևորները պատռում էին նստատեղերի պաստառները։ Հիմա եթե մեկը մի սխալ բան է անում, ուղեւորները դիտողություն են անում։

Աղավնի Մարտիրոսյանը հիշում է նաև ուղևորների հետ տեղի ունեցած հիշարժան դեպքերը։ «Մի օր երեկոյան հերթապահը կառամատույցից ճչաց՝ դիսպետչե՛ր, ուղևոր է գիծն ընկել, գնացքը կանգնեցրե՛ք, հոսանքը հանե՛ք։ Գնացքը կանգնեցրինք միջակայքում, հոսանքը շտապ հանեցինք, այդ մարդն էլ ընկած է գծի մեջ, մի ոտքն այն հատվածում, որտեղ 1000 վոլտ հոսանք է գնում։ Մտածում ենք՝ մահացել է։ Ուղևորին գծերից հանեցինք, մեկ էլ ուղևորը կիսաքնած արթնացավ։ Հերթապահին սկսեց հայհոյել, թե ինչի ինձ քնից հանեցիք»,- պատմում է նա։

Պարետի որոշմամբ՝ այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը մինչև ապրիլի 12-ը չի գործի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter