
Առաջարկվում է Փաստաբանների պալատի խորհրդի ժողովներն առցանց անցկացնել
Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկում է հնարավորություն ընձեռել Փաստաբանների պալատի ժողովները հրավիրել առցանց եղանակով: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը փոփոխություններ է առաջարկում Փաստաբանության մասին օրենքում:
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ փաստաբանների պալատի նիստերը կարող են լինել 2 եղանակով` առկա և առցանց:
Առաջին դեպքում խորհրդի նիստն անցկացվում է նույն տարածքում խորհրդի անդամների անմիջական մասնակցությամբ:
Առցանց եղանակով խորհրդի նիստն անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով՝ խորհրդի անդամների անմիջական մասնակցությամբ:
Հարցման ձևով խորհրդի որոշումը կայացվում է խորհրդի նախագահի կողմից խորհրդի անդամներից սահմանված կարգով ստացված քվեարկության տվյաներն ամփոփելու միջոցով: Փաստաբանների պալատի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող, իսկ հարցման ձևով որոշում կայացնելու դեպքում` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են փաստաբանների իրավունքների պաշտպանության և փաստաբանների պալատի գործունեության արդյունավետությունը խթանող նոր կառուցակարգերի ներդրման անհրաժեշտությամբ:
«Պալատի՝ որպես փաստաբանների շահերը ներկայացնող անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպության գործադիր գործառույթներ իրականացնող հիմնական մարմինը՝ Պալատի խորհուրդը, իր իրավասությունն իրականացնում է հասարակական հիմունքներով: Այն փաստաբանները, ովքեր պալատի խորհրդի անդամներ են, իրենց աշխատանքի համար չեն վարձատրվում և իրենց գործառույթներն իրականացնում են հիմնական աշխատանքին զուգահեռ: Փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատկություններից է այն, որ փաստաբանությունը հաճախ նորմավորված աշխատանք չէ, հետևաբար, պալատի խորհրդի անդամ փաստաբանների համար կարող են առաջանալ գործնական դժվարություններ՝ խորհրդի նիստերին կանոնավորապես մասնակցելու տեսանկյունից»,- ասված է նախագծում:
Ըստ նախագծի հեղինակի` այս փոփոխությունը հնարավորություն կընձեռի նպաստել պալատի խորհրդի գործունեության անընդհատությանը և հնարավորինս նվազեցնել քվորումի բացակայության հետևանքով պալատի խորհրդի նիստերի հետաձգման դեպքերը:
«Ավելին` առաջարկվող կառուցակարգի ներդրմամբ՝ փաստաբանների կարգապահական գործերը քննության կառնվեն առավել սեղմ ժամկետներում՝ թույլ տալով փաստաբանին իր վարույթային իրավունքներն իրացնել առավել օպտիմալ ձևով»,- նշվում է նախագծում:
Հիշեցնենք, որ խորհրդարանն արդեն ընդունել է բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար եղանակով անցկացնելու օրենսդրական առաջարկը: Նախագծի հիմնավորումներում չի նշվում, որ այն կանխարգելիչ նշանակություն ունի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, սակայն հաշվի առնելով երկրում արտակարգ դրության ռեժիմի պայմանները, և այն, որ շատերն անցել են աշխատանքի հեռավար եղանակի՝ փաստում է, որ նախագծի հիմնավորումներից է նաև շփման շրջանակներն ընդլայնելը:
Մեկնաբանել