HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բնակչության համար գազի գինը նվազեցնել 2.2%-ով. ընկերության հայտարությունը անորոշություն է պարունակում

Թարմացված. ավելի ուշ գազի գնի վերանայման հայտարարությունը «Հետքի» հետ զրույցում  մեկնաբանել են  Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ)։

Ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների համար գազն էժանացնել 2.2%-ով։ Ընկերության հայտարարությունը նաև անորոշություն է պարունակում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հարցով։ Ինչպես տեղեկանում ենք ընկերության հայտարարությունից, որը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, մտադիր են բարձրացնել արտոնյալ խավի համար սահմանված սակագները՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազ սպառողների, բայց միևնույն ժամանակ նվազեցնել ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող գազի գինը. այս երկրորդ շեմը, ըստ էության, վերաբերում է բնակչության հիմնական հատվածին։

Մասնավորապես, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար այսօր տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց գանձվում է 100 000  դրամ։ Նախատեսվում է այդ գումարը մեծացնել մոտ 36%-ով և սահմանել 135 909.6 դրամ։

Միևնույն ժամանակ առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց այսօր գանձվող 139 000 դրամը նվազեցնել 2.2%-ով՝ սահմանելով 135 909.6: 

Այսինքն՝ ստացվում է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է սահմանել գազի գնի հավասար շեմեր։ Առաջարկվում է վերը նշված սակագները սահմանել 2020թ. օգոստոսի 1-ից։ Բացառություն են կազմելու միայն էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանները։ 

Սոցցանցերում և մամուլում արդեն իսկ տեղեկություններ տարածվում, որ բնակչության մեծ մասի համար գազի սակագինը բարձրացվելու է։ Սակայն, դատելով «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությունից՝ հակառակն է տեղի ունենալու. գինը մեծ մասի համար նվազելու է 2.2%-ով, քանի որ բնակչության մեծ մասը ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողներն են։ 

Շեշտենք, որ այս ամենն առայժմ միայն «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարությունն է՝ ի գիտություն հանրության։ Իսկ պաշտոնապես ընկերությունը դեռևս չի դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և հետևաբար առայժմ այս սակագները հաստատված չեն։ Ինչպես «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը, հանձնաժողովը դիմումը պաշտոնապես ստանալուց հետո պետք է դեռևս որոշ ժամանակ ուսումնասիրի այն, որից հետո ներկայացնի իր եզրակացությունը։

Բացի այս ամենից, ինչպես տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությունից,  «Գազպրոմ Արմենիա»-ն և «Տրանսգազ» ՍՊԸ-ն մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), Բնական գազի բաշխման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման («Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով։ 

Ամեն դեպքում, ընկերության հայտարարությունը նաև անորոշություն է պարունակում, որը լրացուցիչ պարզաբանումների կարիք ունի։ Օրինակ՝ թե ինչու է որոշվել նպաստառուների համար գազի գինը բարձրացնել, շարքային բնակչության համար՝ իջեցնել։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ «Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի պատասխանատու Միխայիլ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ հայտարարությունում առկա տեղեկություններից բացի, ընկերությունն այս պահին այլ տեղեկություններ չի տալիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter