HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչպես են Լեհաստանի և Հունգարիայի իշխանությունները կորոնավիրուսը ծառայեցնում սեփական շահերին. DW

Այն ժամանակ, երբ եվրոպական բազմաթիվ երկրներ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարել են արտակարգ դրություն, Արևելյան Եվրոպայի աջ պահպանողական ուժերը ստեղծված իրավիճակն օգտագործում են սեփական ազդեցության հզորացման և ընդդիմախոսների դեմ պայքարի համար։ Այս մասին գրում է «Դոյչե Վելլե»-ի (Deutsche Welle, DW) ռուսական ծառայությունը:

Այսպես, մարտի 30-ին Հունգարիայի խորհրդարանը ընդունել է մի օրինագիծ, որն արտակարգ դրության ժամանակ վարչապետ Վիկտոր Օրբանին տալիս է լիազորությունների մեծ շրջանակ։ Իսկ Լեհաստանում, որտեղ մայիսի 10-ին պետք է տեղի ունենային նախագահական ընտրությունները, արագ ընթացակարգով ընտրական օրենսգրքում ընդունել են նոր փոփոխություններ, որոնք մեծ թվով լեհերի հնարավորություն են տալիս քվեարկել հեռավար։

Համաձայն նոր օրենքի՝ Հունգարիայի վարչապետ և իշխող «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» ազգայնական կուսակցության առաջնորդ Վիկտոր Օրբանը կկարողանա միանձնյա կառավարել երկիրը՝ հրամանների և դեկրետների միջոցով, իսկ կառավարությունը, առանց խորհրդարանի համաձայնության, կկարողանա ցանկացած ժամկետով երկարաձգել արտակարգ դրությունը։ Օրենքը կառավարությանը նաև հնարավորություն կտա դադարեցնել որոշակի օրենքների գործունեությունը և կիրառել COVID-19 նոր կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի «բացառիկ միջոցներ»։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է կարանտինի խախտման և կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածման համար պատիժ։

Ընդունված օրինագիծն անմիջապես քննադատության է ենթարկվել ոչ միայն Հունգարիայում, այլև ամբողջ Եվրոպայում։ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ընդգծել է, որ կազմակերպության բոլոր անդամ պետությունները պետք է հավատարիմ մնան ժողովրդավարության հիմնական սկզբունքներին, արտակարգ դրության անժամկետ և չվերահսկվող ռեժիմը չի կարող այդ ապահովել։

Եվրախորհրդարանի պատգամավորական խումբը, որի կազմում են սոցիալ-դեմոկրատ պատգամավորները, «կանաչները» և ձախերը, նույնպես կարծում է, որ հունգարական նոր օրենքը լուրջ վտանգ է ժողովրդավարության և իրավունքի գերակայության նկատմամբ։ Գերմանիայից ընտրված պատգամավոր, «կանաչների» խմբակցության անդամ Սերգեյ Լագոդինսկին նշել է.

«Մենք որևէ պարագայում չպետք է հաշտվենք կորոնավիրուսի բռնապետության հետ։ Աշխարհում որևէ արտակարգ իրավիճակ չի կարող արդարացնել անորոշ ժամկետով խորհրդարանին իշխանությունից հեռացնելը»։

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես քննադատել է ընդունված օրինագիծը։ Կազմակերպության գործադիր քարտուղար Քրիստիան Միրը հայտարարել է, որ Վիկտոր Օրբանը չարաշահել է ճգնաժամային իրավիճակը՝ փորձելով բացարձակ իշխանություն հաստատել հունգարական ԶԼՄ-ների վրա։ Իրավապաշտպանը կարծում է, որ օրենքը հետամուտ է լռեցնել երկրի վերջին անկախ լրագրողներին։

Քննադատները մտահոգ են, քանի որ Օրբանի օրինակին կարող են հետևել արևելաեվրոպական մյուս երկրների ազգայնականները և պոպուլիստները։ Նման տենդենց նկատվում է Լեհաստանում, որտեղ իշխող «Օրենք և արդարություն» (PiS) ազգային-պահպանողական կուսակցությունը ձգտում է չեղարկել մայիսի 10-ին նշանակված նախագահական ընտրությունները։

Փորձագետների կարծիքով՝ մայիսին ընտրությունների անցկացումը մեծացնում է գործող նախագահ Անջեյ Դուդայի ընտրվելու հավանականությունը։ Միևնույն ժամանակ ընտրությունների աշուն տեղափոխումը կարող է բացասաբար ազդել ընտրողների քաղաքական տրամադրությունների վրա։

Որպեսզի խուսափեն ընտրությունների հետաձգումից՝ PiS-ը մարտի 28-ին երկրի ընտրական օրենսգրքում իրականացրել է հապճեպ փոփոխություններ, որը հնարավորություն կտա 60-ից բարձր և կարանտինում գտնվող անձանց հեռավար կարգով մասնակցել ընտրություններին։ Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Ռիչարդ Պիոտրովսկիի խոսքերով՝ կուսակցության գործողություններն էականորեն հակասում են երկրի սահմանադրությանը։ Լեհաստանի սահմանադրության համաձայն՝ ընտրական օրենսգրքում թույլատրելի է փոփոխություն իրականացնել միայն նախագահական ընտրություններից առնվազն վեց ամիս առաջ։ Ավելի ուշ, ընդունված փոփոխությունները մերժվել են Լեհաստանի Սենատի կողմից։

Զուգահեռաբար, համաձայն հարցումների, ընտրությունների հետաձգման օգտին կողմ է արտահայտվել Լեհաստանի բնակչության շուրջ 70 %-ը։ Նույն միտքը կիսում է նաև Պիոտրովսկին։ Polska Press լրատվական գործակալության տված հարցազրույցի ժամանակ նա հայտնել է, որ մայիսին ընտրությունների անցկացումը մեծ ռիսկի տակ կդնի հանրության առողջությունը։ Լեհաստանում այս պահին արգելված է երկու անձից ավելի խմբերի հավաքը։ Ընտրությունների հետաձգման ևս մեկ փաստարկ է ընդդիմադիր թեկնածուների կողմից ընտրական քարոզարշավի դադարեցումը, որպեզի չխոչընդոտվի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն աշխատում են տնից, իսկ թեկնածուները չեն անցկացնում քարոզարշավ։ Նախագահ Անջեյ Դուդան անխոչընդոտ կարողանում է ճանապարհորդել երկրում և ունի անսահմանափակ հասանելիություն պետական հեռուստատեսությանը։

Այն դեպքում, եթե կառավարությունը հրաժարվի հետաձգել ընտրությունները, ընդդիմությունն ընտրողներին կոչ է արել բոյկոտել դրանք։ «Եկեք բոյկոտենք այդ ընտրությունները, ձեր կյանքն առավել կարևոր է»,- հայտարարել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայան։ Քաղաքական գործիչը նշել է, որ ստեղծված իրավիճակում նախագահական ընտրությունների կազմակերպումը հանցագործություն է։

Լուսանկարում` Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը / © Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter