HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մի մասի համար փոքր էժանացում, մյուսի համար՝ էական թանկացում. ՀԾԿՀ-ի մեկնաբանությունը գազի գնի առաջարկների մասին

Ինչպես արդեն գրել ենք, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հարցով։ Այս մասին ընկերությունը հայտարարություն է տեղադրել azdarar.am-ում, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, քանի որ պարունակում է անհասկանալի և անորոշ ձևակերպումներ։

«Հետքը» փորձեց «Գազպրոմ Արմենիա»-ից պարզաբանումներ ստանալ, սակայն վերջիններս հրաժարվեցին պատասխանել՝ ասելով, որ առայժմ ձեռնպահ են մնում որևէ մեկնաբանությունից։

Փոխարենը հաջողվեց որոշակի տեղեկություններ ու հաշվարկներ ստանալ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Ինչի մասին է «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությունը

Եթե կարճ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությունն այն մասին է, որ առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների համար գազն էժանացնել 2.2 %-ով՝  յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց 139 հազար դրամը սահմանել 135.9 հազար դրամ։

Իսկ նպաստառուների համար բարձրացնել՝ յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց գանձվող 100 000  դրամը դարձնելով 135.9 հազար դրամ։ Այսինքն՝ թանկացնել 36 %-ով։

Առաջարկվում է վերը նշված սակագները սահմանել 2020թ. օգոստոսի 1-ից։

Ստացվում է, որ բնակչության մի խավի համար գազը թանկացնելու առաջարկ է արվում, մյուսի համար՝ նվազեցնելու։ Իսկ թե այդ խավերը ինչ կշիռ ունեն սպառողների ընդհանուր թվում, նշված չէ։

Փոխարենը այդ հաշվարկները տալիս է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ներկայացուցիչը՝ ավելի մատչելի մեկնաբանելով  «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությունը։ 

Բնակիչ-սպառողների համար փոքր էժանացում, խոշոր սպառողների համար՝ էական բարձրացում. ՀԾԿՀ-ի մեկնաբանությունը

Հայաստանի գազի սպառողներն այսօր բաժանված են հինգ խմբի, և այս խմբերից յուրաքանչյուրը գազի համար տարբեր գին է վճարում։ Այս նոր հայտարարությամբ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է անցնել միասնական սակագնի՝ բոլոր խմբերը վճարեն նույն գումարը։ Այստեղ էլ հենց առաջանում է խնդիրը, քանի որ ստացվում է, որ մի խմբի համար գումարը փոքր-ինչ իջնելու է, մյուս խմբերի համար՝  էական բարձրանալու։

Առաջինը տարեկան մինչև 600 խմ բնական գազ սպառողներն են, որոնք հազար խորանարդ մետրի դիմաց վճարում են 100 հազար դրամ։ Նրանց խմբում են նպաստառուները։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը, այս խմբին է բաժին ընկնում Հանրապետությունում սպառվող գազի 1.7 %-ը։ Նրանց համար առաջարկվում է գազի սակագինը բարձրացնել՝ դարձնելով 135.9 հազար դրամ։ Այսինքն՝ թանկացնել շուրջ 36 %-ով։

Մյուս խումբը՝ բնակիչ-սպառողներն են, որոնք կազմում են սպառողների ամբողջ քանակի մոտ 90 %-ը, սակայն ըստ գազի սպառման ծավալների՝ 35 %-ն են կազմում։ Նրանք ամսական օգտագործում են մինչև 10 հազար խմ գազ։ Նրանց համար, ինչպես նշեցինք վերևում, որոշակի էժանացում է սպասվում ՝ 2.2 %-ով։ Այսինքն՝ այս խմբի ներքո է բնակչության մեծ մասը, որոնք չեն համարվում խոշոր սպառողներ։

Իսկ ահա սպառողների մյուս հատվածը, որին բաժին է ընկնում գազի սպառման ծավալների 63-65 %-ը, խոշոր սպառողների խումբն է՝ երեք ենթախմբերով, որոնք ամսական սպառում են 10 հազար խմ-ից ավելի գազ։ Դրանք են գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունները, վերամշակողները (պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձինք): Նրանց սպառման հաշվարկները կատարվում են ըստ դոլարի փոխաժեքի։ Ինչպես նշված է ՀԾԿՀ-ի պաշտոնական կայքում, այսօրվա դրությամբ նրանք հազար խմ-ի համար ամսական վճարում են 212-242.1 ԱՄՆ դոլար։ Նրանց համար առաջարկվում է սահմանել 283.14 դոլար սակագինը։

«Ընդհանուր առմամբ այդ հինգ խմբերի միջին կշռորդային գինն այս պահին կազմում է 255 դոլար, և հիմա կստացվի, որ միջին գումար սահմանելով 283.14 դոլարը (135.9 հազար դրամ)՝ գազի միջին գինը բարձրանում է 11 %-ով»,- այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Նա շեշտեց, որ սա ընդամենը «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկներն են, և դեռևս պետք է քննարկվի ՀԾԿՀ-ում։ Ավելի վաղ ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում հայտնել է, որ դեռևս հայտ չեն ստացել։

Այսպիսով, «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկից ստացվում է, որ եթե բնակչության  հատվածում ոչ խոշոր սպառողների մեծ մասի համար գազի գինը որոշակիորեն ընկնում է, ապա խոշոր սպառողների և նպաստառուների համար էականորեն բարձրանում է։ Եվ սրա արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիան» շահած է դուրս գալիս, քանի որ միջին կշռորդային գինը բարձրանում է 11 %-ով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter