
Ալավերդու համայնքապետարանը հայտնել, ապա հերքել է բուժամբուլատորիայի աշխատակցուհու՝ կորոնավիրուսով վարկաված լինելու մասին լուրը
«Ալավերդի բժշկական կենտրոնից» «Հետք»-ին հայտնել են, որ Ալավերդիում կորոնավիրուսով վարակված անձ դեռևս չի գրանցվել:
Ու մինչ բժշկական կենտրոնում վստահեցնում են, որ կորոնավիրուսի դեպք Ալավերդիում չի արձանագրվել, համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում այսօր այսպիսի հայտարարություն է տեղադրվել․
«Ելնելով արտակարգ իրավիճակի պահպանման անհրաժեշտությունից, ինչպես նաև համայնքում գործող բուժամբուլատորիայի աշխատակցուհու մոտ հաստատված կորոնավիրուսի դեպքով պայմանավորված՝ խնդրում, պահանջում և կոչ ենք անում դուրս գալ տնից միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սահմանափակել շփման շրջանակները՝ նվազեցնելով վարակի տարածման ռիսկը: Դուրս գալու դեպքում պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները»:
Լուրն այսօր Ալավերդիում խուճապ է առաջացրել, սակայն մեկ ժամ հետո ֆեյսբուքյան էջում համայնքաապետի քարտուղարուհի Սուսա Լալայանը ներողություն է խնդրել բնակչությունից և համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում մեկ այլ հայտարարությամբ հայտնել է, որ համայնքի ամբուլատորիայի աշխատակցուհու կորոնավիրուսով վարակված լինելու տեղեկությունը ճիշտ չէ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ եթե գանգատներ ունեցող քաղաքացիները կորոնավիրուսով վարակված որևէ անձի հետ չեն շփվել, այդ դեպքում թեստավորում չի արվում։ Մարզպետի խոսքով՝ թեստի համար պետք է ցուցում լինի: Ալավերդիում կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումների մասին մարզպետը նաև հայտնեց.
«Մենք կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման և բուժման համար նախապատրաստում ենք ոչ միայն Ալավերդու բժշկական կենտրոնը, այլ նաև հյուրանոցներ»:
Բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արփինե Ալավերդյանը, պատասխանելով բժշկական կենտրոնի տնօրինությանն ուղղված «Հետք»-ի հարցերին, հայտնել է, որ կենտրոնի բժիշկները մեթոդական չափորոշիչներով թեստավորման ցուցում չեն ունեցել:
Բժշկական կենտրոնում օրական առնվազն 2 անգամ իրականացվում է ջերմաչափում՝ աշխատանքի ներկայանալիս և աշխատանքից գնալիս: Ալավերդու բժշկական կենտրոնը չունի ինֆեկցիոն բաժանմունք: Թերապևտիկ բաժանմունքում կա 5 մահճակալ՝ ինֆեկցիոն հիվանդների բուժման համար:
Արփինե Ալավերդյանի խոսքով՝ բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության աշխատակազմը և թիրախային խմբում աշխատող բոլոր բուժաշխատողները ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով: Կենտրոնի բժիշկները նույնպես ապահովված են պահանջվող հանդերձանքով՝ դիմակով, ռետինե ձեռնոցներով, արտահագուստներով, քլորային և սպիրտային ախտահանիչ միջոցներով: Արփինե Ալավերդյանն ասում է, որ կասկածելի դեպքերի համար կենտրոնում ստեղծվել է ժամանակավոր մեկուսարան՝ անհրաժեշտ պարագաներով և թթվածնի կենտրոնացված մատակարարումով:
«COVID-19-ով վարակված անձանց բուժումը իրականացվում է նեղ մասնագիտական կլինիկաներում»,- հայտնել է Ա. Ալավերդյանը: Այսուհանդերձ, ըստ վերջինիս, բժշկական կենտրոնը պատասխանատվություն է կրում կենտրոնի առաջնային օղակում գրանցված ազգաբնակչության համար:
Մեկնաբանել