HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Արման Հովհաննիսյանը ևս երկու անձի գրավի դիմաց ազատելու որոշում է կայացրել՝ միջնորդությունները քննելով կողմերի բացակայությամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը մարտի 27-ին ևս երկու անձի գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել, ի թիվս այլ հանգամանքների՝ հղում կատարելով Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։ Հատկանշական է, որ դատավորը որոշումները կայացրել է կողմերի բացակայության պայմաններում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հետք»-ը գրել է դատավոր Հովհաննիսյանի կողմից կայացված նմանատիպ մեկ այլ որոշման մասին․ դատավորը գրավ էր կիրառել անձի նկատմամբ, որի վերաբերյալ գործը գտնվում էր նախաքննության փուլում։ Մարտի 27-ին կայացված որոշումները վերաբերում են քրեական գործին, որը դատաքննության փուլում է։ Այն վերաբերում է բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով գողություն կատարելուն և կատարելու հանցափորձին։

Արման Հովհաննիսյանը երրորդ դատավորն է, որին մակագրվել է գործի քննությունը: 2017 թվականից կալանքի տակ գտնվող Ահարոնյանի և Տրապիզոնյանի գործը մինչ այդ երկու անգամ մակագրվել է այլ դատավորների, ապա տարբեր պատճառներով նրանք չեն կարողացել ավարտել քրեական գործի քննությունը։

Դատարանը մինչ գործով հերթական դատական նիստը ստացել է ամբաստանյալներ  Վ․ Ահարոնյանի և Հ․ Տրապիզոնյանի պաշտպանների միջնորդությունները՝ նրանց նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով, առաջնորդվելով Փաստաբանների պալատի նախագահի հորդորով, այն է՝ ձեռնպահ մնալ դատական նիստերին մասնակցելուց՝ բացառությամբ անհետաձգելիների, Ահարոնյանի պաշտպանը խնդրել է դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, ու նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունն ամբողջությամբ բավարարել:

Տրապիզոնյանի պաշտպանը ևս նշել է, որ առողջության անվտանգության նկատառումներից ելնելով և գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը՝ դատական նիստին չի կարող ներկայանալ, սակայն գտնում է, որ այն կարող է իրականանալ իր բացակայությամբ:

Դատախազ Մ. Գրիգորյանը հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով աշխատանքի չի հաճախում, դատական նիստերին չի կարող ներկայանալ, սակայն գտնում է, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը միակն է, որը կարող է ապահովել ամբաստանյալներ Ահարոնյանի և Տրապիզոնյանի պատշաճ վարքագիծը։ Ըստ դատախազի՝ ամբաստանյալները, լինելով ազատության մեջ, կարող են թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարաններն ունեն պարտականություն վարույթում քննվող քրեական գործով դատական քննության գրեթե բոլոր փուլերի ընթացքում ողջամիտ ժամանակային պարբերականությամբ քննարկման առարկա դարձնել կալանավորման կիրառման վերաբերյալ հարցերը, այդ թվում նաև երաշխիքով ազատ արձակվելու հնարավորության հարցը, ինչպես նաև հանգամանքը, որ քրեական գործը դատարանին է մակագրվել 2019 թվականի մայիսի 30-ին, որից հետո դատավարության մասնակիցների դիմումների կամ այլ օբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ դատական նիստեր ըստ էության չեն կայացել, հնարավոր չի եղել անդրադառնալ խափանման միջոցի հարցին, դատաարանը գտել է, որ առանց դատավարության կողմերի մասնակցության հնարավոր է քննարկման առարկա դարձնել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման վերաբվերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունները։

Դատարանն ընդգծել է նաև, որ կողմերը դատական նիստերին չեն ներկայանում՝ երկրում արտակարգ դրություն հայտարարված լինելու և կորոնավիրուսի (COVID-19) համավարակի պատճառով, ուստի ստեղծված վիճակից ելնելով՝ հնարավոր չէ գործնականում նշանակել ու կանխորոշել հաջորդ դատական նիստի օրը կամ մոտավոր ժամկետները:

Դատարանը որոշման իրավական վերլուծությունների մեջ նշել է, որ թեև գտնում է, որ խափանման միջոց կալանավորումն ընտրված լինելու ընթացքում՝ 2019 ապրիլի 1-ին, Վ․ Ահարոնյանի կողմից ենթադրյալ նոր հանցանք կատարելու հանգամանքը չի կարող անտեսվել և պետք է էական նշանակություն ունենա խափանման միջոցի հարցը քննարկելիս, դա չի կարող դատավարական ցանկացած փուլում դիտարկվել որպես անբեկանելի հիմք՝ անձին անազատության մեջ պահելու համար:

«Վ․ Ահարոնյանի նկատմամբ ազատությունից զրկելու ձևով խափանման միջոցի ընտրելուց հետո անցել է 2 տարուց ավել ժամանակ, իսկ ենթադրյալ նոր հանցանք կատարելուց հետո՝ գրեթե 1 տարի և այս ընթացքում վերջինը գտնվում է կալանքի տակ: Այլ կերպ ասած՝ տևական ժամանակ անցած լինելու հանգամանքը և կալանքի տակ գտնվելու փաստը ողջամտորեն կարող է խոսել ամբաստանյալի կողմից հետագա պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության մասին: Բացի այդ, սույն քրեական գործի քննության ընթացում 3 անգամ տեղի է ունեցել դատարանների կազմերի փոփոխություն, ինչի հետևանքով, որոշակի գործոններով պայմանավորված, գործի քննությունը ձգձգվել է և ներկայում նույնպես այն չի գտնվում ավարտական փուլում, այլ նոր միայն կարող է սկսվել դատաքննություն, որի իրականացումը ողջամտորեն կարող է պահանջել տևական ժամանակ»,- գրել է դատարանն ու արձանագրել, որ արդյունքում՝ Վ․ Ահարոնյանը 2 տարի 3 ամիս գտնվում է կալանքի տակ, և  ամբաստանյալի խնդիրը չէ, որ գործի քննությունն այս կամ այն պատճառներով տարիներ շարունակ ձգձգվել է և դեռևս դատաքննություն չի սկսվել։ Փոխարենը՝ Դատարանի պարտականությունն է՝ պարզել, թե հետագա քննության փուլերում կալանքի շարունակական լինելու հանգամանքը խիստ անհրաժե՞շտ է, թե՝ ոչ:

Հ․ Տրապիզոնյանը նախկինում դատվածություն ունի։ Տվյալ դեպքում դատարանը թեև գտնում է, որ նրա դատվածություն ունենալու հանգամանքը չի կարող անտեսվել և պետք է էական նշանակություն ունենա խափանման միջոցի հարցը քննարկելիս, դա ևս, ըստ դատարանի իրավական վերլուծության՝ չի կարող դատավարական ցանկացած փուլում դիտարկվել որպես անբեկանելի հիմք՝ անձին անազատության մեջ պահելու համար:

Վերլուծելով գործի մի շարք հանգամանքներ՝ դատարանն այնուհետև այլընտրանքային խափանման միջոց գրավի հարցը քննարկելիս անդրադարձել և հաշվի է առել Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի՝ համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած զեկույցին։

«Զեկույցի 5-րդ կետով նշվել է, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր համապատասխան իրավասու մարմինները պետք է համակարգված ջանքեր, միջոցներ ձեռնարկեն ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար: Այս մոտեցումը առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերծանրաբեռնվածության իրավիճակներում: Ավելին՝ իրավասու մարմինները պետք է ավելի լայնորեն կիրառեն կալանավորման այլընտրանքային միջոցները, պատիժների կրճատումը, վաղաժամկետ ազատման և փորձաշրջանի սահմանման հնարավորությունները: Հարկ է վերանայել հոգեբուժական հաստատություններում անձանց հարկադրաբար տեղավորելու որոշումները, վերանայել անձանց դուրս գրման կամ համայնքային խնամակալության մարմիններին հանձնելու ու աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: Բացի այդ՝ պետք է հնարավորինս զերծ մնալ ներգաղթյալների նկատմամբ անազատության հետ կապված սահմանափակումներ կիրառելուց»,- զեկույցից մեջբերել է դատավորը։

Այսպիսով՝ դատարանը, հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները և այն, որ գրավի գումարի սահմանումը չունի վնասը հատուցելու նշանակություն, գտել է, որ Վ․ Ահարոնյանի դեպքում՝  800 հազար, իսկ Հ․ Տրապիզոնյանի դեպքում՝ 500 հազար դրամ գումարի վճարումը կարող է ապահովել ամբաստանյալների պատշաճ վարքագիծը, ու որոշումներ է կայացրել նրանց նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։

Լուսանկարում՝ դատավոր Արման Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter