HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Tumo» եւ «Ucom» ընկերությունները միացել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության արշավին եւ տրամադրել համակարգիչներ

«Tumo Center for Creative Technologies» այսօր 50 համակարգիչ է նվիրել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։

Այս մասին ընկերությունը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։ Ընկերության հանրային կապերի պատասխանատու Զառա Բուդաղյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց լուրը՝ հավելելով, որ համակարգիչները (օգտագործված, բայց լավ վիճակում) տեղափոխել են թիվ 114 դպրոց, որտեղ հավաքվում է գույքը։ «Համակարգիչները գնալու են դպրոցների բալանսին, տրամադրվելու են ուսուցիչներին, աշակերտներին, որպեսզի վերջիններս կարողանան իրականացնել հեռավար ուսուցում։ Արտակարգ դրության ավարտից հետո համակարգիչները հետ չենք վերցնելու», - հայտնում է Զառա Բուդաղյանը։

«Tumo»-ն միակ ընկերությունը չէ, որը միացել է հայտարարությանը, «Ucom»-ը եւս միացել է արշավին։ 30 համակարգիչ ուղարկել է Կոտայքի մարզպետարան, պատրաստվում են առաջիկա օրերին նախարարությանը տրամադրել եւս 90 համակարգիչ։

«Ucom» ընկերության հանրային կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ընկերության աշխատողներից շուրջ 20 հոգի կամավորական աշխատանք են անում, որպեսզի ամբողջացնեն համակարգիչները կամ համապատասխան ծրագրերը ներբեռնեն։ «Կամավորները հերթափոխով են աշխատում, փորձում են օգնել։ Բազային աշխատանք է արվում, կոմպլեկտացիա են հավաքում, կոմպլեկտավորում են էկրանը համակարգչի պրոցեսորի հետ, «Zoom», «Viber» հավելվածներն են ներբեռնում», - ասում է «Ucom» ընկերության հանրային կապերի պատասխանատուն՝ հավելելով, որ շարունակական գործընթաց է լինելու։

Ընկերությունները հետեւել են նախարարության հորդորին, որտեղ ասվում է՝ հանրապետությունում հեռավար ուսուցումն ապահովելու համար 24 հազար համակարգիչների եւ սմարթֆոնների կարիք կա։

«Տեղեկացնում ենք, որ նվիրաբերված սարքերը փոխանցվելու են դրանց կարիքն ունեցող մեր աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Ազգային ժողովը 85 համակարգիչ է ուղարկել Տավուշի մարզպետարան։ Այս մասին «Հետքին» տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը։ Ըստ նրա՝ երեք օրվա ընթացքում եւս 60 համակարգիչ էլ տրամադրել են անհատներ։

ԿԳՄՍՆ-ի հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ մարզպետարանից հավաքել են տեղեկություններ, թե որ մարզում ինչ քանակությամբ տեխնիկայի կարիք կա։ Իսկ ինտերնետ հասանելիությունն ապահովելու մասին ասաց, որ բանակցություններ են գնում օպերատորների հետ։ «Ավելի շատ տեխնիկական խնդիրն է շատ, քան ինտերնետի հասանելիությունը»,- խոսքը եզրափակեց Աշոտ Արշակյանը։

 

Լուսանկարը՝ « Tumo»-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter