HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողներ դեմպինգ են անում». ահազանգ արտադրողից

Շուկայում վաճառվող ձեռքի հակամանրէային ախտահանիչները` ալկոգելերը, չեն կարող լինել այնքան էժան, որքանով վաճառվում են որոշ ապրանքատեսակներ:

Այս մասին այսօր «Հետք»-ին ահազանգել է ալկոգել արտադրողներից մեկը, որը խնդրեց չհրապարակայնացնել իր անունն ու արտադրանքը: Վերջինս, սակայն, մտահոգություն է հայտնում, որ որոշ արտադրողներ անհասկանալի պարունակությամբ ալկոգելեր են վաճառքի հանել ցածր գներով, որոնք, սպիրտի ներկայիս արժեքի պայմաններում, չեն կարող արտադրվել և իրացվել այդ արժեքով:

Արտադրողը նշում է, որ, օրինակ, «ԳՌՕՄ» ՍՊԸ-ն Sella ապրանքանիշով ալկոգելի 100 մլ-ն խանութներին մեծածախ իրացնում է 320 դրամով, ինչն ուղղակի անհնար է, եթե սպիրտի 1 լիտրի արժեքը 2500 դրամ է: Հետևաբար, ըստ արտադրողի, ընկերությունը «դեմպինգ» է անում իր անհայտ պարունակություն ունեցող ալկոգելով:

Արտադրանքի մակնշման վրա նշված չէ հստակ բաղադրություն, օրինակ, թե որքան է ալկոգելում սպիրտի պարունակությունը, այլ կա ալկոհոլի պարունակությունը` 75%: Ինչ ալկոհոլի մասին է խոսքը` հայտնի չէ:

«Կան արտադրողներ, որ տեխնիկական սպիրտ են օգտագործում, կամ անհայտ ծագման սպիրտ, որի մասին պետք է հստակ նշվի մակնշման մեջ»,- ասում է ալկոգել արտադրողը և շեշտում, որ տեխնիկական ալկոգելը վտանգավոր կարող է լինել ձեռքերի համար, ասենք, հնարավոր է` վառի:

Հիշեցնենք, որ մեր հրապարակումից հետո ալկոգելի շուկայում ուսումնասիրություններ է սկսել նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Առայժմ Տեսչական մարմինը մեկ տնտեսվարողի խախտման մասին է հայտնել, սակայն չի նշել հստակ, թե ինչ խախտում է և որ արտադրողն է այն թույլ տվել:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ն այս պահին ուսումնասիրություններ է իրականացնում ալկոգելի շուկայում մարտի կեսերից սկսած` մեծ արտադրողների մոտ, մասնավորապես` «Արսանիտ», «Էկոֆարմ», «Ֆիդորա» և «Արթ-կոսմետիկս» ընկերություններում: Ուսումնասիրում են արտադրող ընկերությունների օրվա սպառումն ու մնացորդները և նրանց մեծածախ գները, ինչպես նաև նույնը` դեղատներում:

Երբ ՏՄՊՊՀ-ն սկսել է ուսումնասիրությունները, ալկոգելի 4 հիմնական արտադրող է եղել շուկայում: Այժմ ալկոգել արտադրում են 20-ից ավելի տնտեսվարողներ:

«Բոլորին ներգրավելու իմաստ չկար այլևս, քանի ու շուկան դարձավ մրցակցային, արդեն գինն էլ, ծավալն էլ կարգավորվեց: Բայց մենք հիմա դեղատների և մի քանի սուբյեկտների ընթացիկ վիճակն, այնուամենայնիվ, նայում ենք: Բայց շուկայի պատկեր այս պահին չունենք, թե որ սուբյեկտն ինչ ծավալ է կազմում, իշխող կամ գերիշխող կա, թե չկա»,- ասում է Հայկ Կարապետյանը:

Սուբյեկտների մեծածախ գներին և դեղատներում առկա գներին նույնպես հետևում են: «Ինչ վերաբերում է գների նվազմանը, պետք է հասկանալ` այդ ընկերությունը շուկայում գերիշխող դիրք կունենա, թե ոչ, եթե ունենա, ինքարժեքից ցածր գին առաջարկի, կարող է վարույթի հարուցման հիմք դառնալ,- ասում է Հայկ Կարապետյանը: Մենք նաև նայում ենք էթիլային սպիրտի մեծածախ գինը, որն ալկոգելի հումքի մեծ մասն է, մոտավոր կարող ենք հասկանալ, թե ինքնարժեքն ինչքան է»:

ՏՄՊՊՀ-ի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը որոշ ճշգրտումներ անելուց հետո հաստատեց, որ «Sella» ապրանքանիշի ալկոգելը, եթե իսկապես 320 դրամով է վաճառվում, ապա այս պահին ամենացածր գինն է ՏՄՊՊՀ ուսումնասիրած 4 խոշոր արտադրողների մեջ:

Ինչ վերաբերում է ինքարժեքին, նա նաև ասաց, որ այս պահին դժվար է այն հաշվարկել, քանի որ սպիրտի գինը որոշակի գաղտնիք է համարվում:

«Նվազագույն գնի պայմանում իր գնման մեծ պահանջարկ չկա: Դեղատների ներկայացրած տվյալներով`«Արսանիտի» ալկոգելն ավելի շատ է իրացվում, քան նշյալ «Sella» ապրանքանիշը»,- ասաց Անի Սմբատյանը:

«ԳՌՕՄ» ՍՊԸ-ի տնօրինության հետ խոսել չհաջողվեց: Ընկերության հեռախոսահամարին պատասխանող անձն ասաց, որ նրանք տեղում չեն և հայտնի չէ` երբ կլինեն: Մեր հեռախոսահամարը գրանցեց, որպեսզի փոխանցի ղեկավարությանը: Ընկերությունից որևէ մեկն այդպես էլ կապ չհաստատեց մեզ հետ:

Մեկնաբանություններ (1)

,,Բիո-Քիմ,, ՍՊԸ
Հարգելի խմբագրություն, շաաատ զարմանալի է տեղական շուկայի Ձեր ուսումնասիրութունը, քանի որ այն ընկերությունը, որը գործում է գրեթե 30 տարի հայկական շուկայում` ուշադրության չի արժանանում` լավ իմաստով: Մեր ընկերությունը, որն ի դեպ գիտա-արտադրական ընկերություն է, արտադրում է և' կոսմետիկ միջոցներ, և' ախտահանիչներ` բժշկակամ գործիքների ախըտահանման,մանրէազերծման համար: Ոստի հարց է ծագում, ինչու խասում եք թիթեռի կյանք ունեցող ֆիրմաների մասին, PR անում, իսկ ,,Բիո-Քիմ,, ընկերությունը, որը ունի գիտական մեծ բազա, մնում է ուշադրությունից դուրս: Գուցե արժի մտածել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter