
Արսեն Թորոսյան. «9 բժշկական կազմակերպություն կզբաղվի միայն կորոնավիրուսով պացիենտների բուժմամբ»
«Այս պահի դրությամբ ունենք 92 դրական դեպք, որոնց մեծամասնությունն ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել, օրինակ՝ հսկողության տակ, կամ եղել է ի սկզբանե հաստատված պացիենտների շփման գոտում։ Կան նաև նոր բերովի դեպքեր տարբեր երկրներից՝ թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով։ Բոլորի շփման շրջանակը հիմա պարզվում է»։ Այս մասին Կառավարության ապրիլի 2-ի նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ ունենք 16 հաստատություն, որտեղ պահվում են թե’ դրական, բայց թեթև ձևերով պացիենտները, և թե’ այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտավորների հետ։
Այս պահի դրությամբ Հայաստանում 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ։ Դրանք են՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենք։
«Հաշվի առնելով թվերի մեծացումը՝ որոշում ենք կայացրել, որ Հայաստանի ամենամեծ բժշկական կենտրոնը, որը գտնվում է նախարարության ենթակայության ներքո, նույնպես պետք է զբաղվի այս խնդրով։ Դա Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնն է, որն այսօրվա ընթացքում ամբողջությամբ կդատարկվի և կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ երեկ երկու քաղաքացի կրկնակի բացասական թեստի արդյունքում առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից, և գրեթե ամեն օր ունենալու ենք նման պացիենտներ, որոնց 14 օրերը սկսում են լրանալ։
Մեկնաբանել