
«Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության բաժնի 5 աշխատակից COVID-19-ով են ախտորոշվել
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Պահպանության բաժնի մի քանի աշխատակից COVID-19-ով են ախտորոշվել։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ըստ ԱՆ հաղորդագրության՝ նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։
Նախարարությունը հավելում է նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։ Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ։
Մեկնաբանել