HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խոշոր սպառողների համար գազի գնի հնարավոր բարձրացումը կարող է հանգեցնել ապրանքների թանկացման

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը գազի գնի թանկացման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտն անհիմն է համարում: Ըստ նրա՝ պետք է հենց սկզբից մերժել հայտը և սկսել լայնածավալ աուդիտ «Գազպրոմ Արմենիա»-ում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) արդեն ստացել է  գազի գնի վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայտը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։ «Մինչև 80 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրվի հայտը, որից հետո որոշում կկայացվի»,- ասաց նա։

Ինչպես գրել ենք, «Գազպրոմ Արմենիա»-ն ցանկանում է այս տարվա հուլիս-օգոստոսից գազի գնի մեկ միասնական շեմ սահմանել բոլոր խավերի համար՝ այսօրվա հինգաստիճան շեմի փոխարեն։

Առաջարկվում է յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց սահմանել 135.9 հազար դրամ սակագին։ Դա բնակիչ-սպառողների համար ենթադրում է գազնի գնի էժանացում 2.2%-ով, իսկ խոշոր սպառողների ու արտոնյալ խմբի համար, որոնք այսօր ավելի ցածր են վճարում, թանկացում 18-36%-ով։ Ընդհանուր հաշվարկներով, գազի միջին գինն աճում է 11%-ով։ 

Այս մասին է վկայում նաև ՀԾԿՀ-ի այսօրվա հայտարարությունը. «Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135909,6 դրամ/հազ. խմ սակագին։ Գործող սակագների հաշվարկի համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կազմում է 255,06 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 122428,3 դրամ/հազ. խմ։ Արդյունքում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի առաջարկվող սակագնի աճը գործող միջին կշռութային սակագնի նկատմամբ կազմում է 11%»։

Սրանք «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկներն են, որոնք դեռևս պետք է քննարկի ՀԾԿՀ-ն։ Հետևաբար, այս սակագները դեռևս հաստատված չեն։ 

«Գազպրոմ Արմենիա»-ի հայտը դեռևս չի հրապարակվել ՀԾԿՀ-ի կայքում։ Հանձնաժողովից տեղեկացնում են, որ շուտով այն կհրապարակվի, որից էլ պարզ կդառնա, թե գների վերանայումն ինչով է հիմնավորում «Գազպրոմ Արմենիա»-ն։

Տնտեսագետ. «Որևէ հիմք չկա գազի գինը բարձրացնելու»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը գազի գնի թանկացման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը անհիմն է համարում։ Ըստ նրա՝ այս պահին թանկացման համար որևէ հիմք չկա։ «Ցանկացած ապրանք ունի գնագոյացման և շուկայական առաջխաղացման իր տրամաբանությունը։  Այն, ինչ աշխարհում կատարվում է էներգակիրների շուկայում, մեր տարածաշրջանի երկրներում, ռուսական տնտեսության մեջ, որևիցե հիմք չի տալիս գինը բարձրացնելու հայտ ներկայացնելու համար։ Սա պարզապես տրամաբանությունից դուրս քայլ է։ Ռուսաստանի կողմից տարբեր երկրների վաճառվող գազի գինը հիմնականում 80-100 դոլարի սահմաններում է»,- նշեց տնտեսագետը։

Լուսանկարում ՝ Ատոմ Մարգարյանը

Նա կարծում է, որ այս անգամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի բավարարի  «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը։ «Չեմ կարծում, թե այնտեղ նստած մարդիկ սա չեն հասկանում և կգնան հայտը բավարարելուն։ Պետք է հենց սկզբից մերժել հայտը և սկսել լայնածավալ աուդիտ «Գազպրոմ Արմենիա»-ում։ Հանձնաժողովում, կարծես թե, չեն փորձում չեզոք խաղացողի իրենց կարգավիճակը վերահաստատել հետհեղափոխական ժամանակահատվածում։ Սա ևս լուրջ խնդիր է։  Բնական մենաշորհ հանդիսացող ոլորտներում դեռևս լուրջ ուսումնասիրություններ՝ իրական ծախսերի, կորուստների, եկամուտների և այլ ֆինանսական հոսքերի վերաբերյալ չի ներկայացվել։ Այնինչ, նրանք վաղուց դա պետք է արած լինեին։ Եվ հիմա «Գազպրոմ Արմենիա»-ի այս հայտը շատ լավ առիթ է, որ այդ ամենն արվի։ Իսկ եթե չարվի,  ես կարծում եմ՝ հանձնաժողովը ողջ կազմով պետք է հեռանա։ Պետք է միջազգային անկախ աուդիտորական կազմակերպություն մտնի «Գազպրոմ Արմենիա» և հիմնովին ստուգի ողջ հետագիծը»,- նշում է տնտեսագետը։

Ըստ նրա՝ գազի գնի ներկայիս պայմաններում հայ արտադրողների մրցունակությունը թույլ է ԵԱՏՄ շուկայում։ «Ռուսաստանը մեր բիզնեսի ու խոշոր արտադրողների համար գազի կրկնակի ավելի բարձր սակագներ է սահմանում, քան իրենց տեղական արտադրողների համար։ Եվ ստացվում է, որ ԵԱՏՄ միասնական շուկայում Ռուսաստանը մյուս երկրներին պարտադրում է այնպիսի կանոններ, որ նրանք չփորձեն բարձրացնել իրենց մրցունակությունը։ Տրամաբանությունը սա է։  Գազը քաղաքականություն է՝ ճնշալծակ։ Հայաստանը պետք է հարց բարձրացնի գազաբաշխիչ համակարգի սեփականության և նրա ակտիվների տնօրինման վերաբերյալ՝ ինչպե՞ս է ստացվել, որ տարբեր տարիների կուտակվել են պարտքեր և դրա դիմաց Հայաստանի ողջ գազաբաշխիչ ցանցը, ներառյալ՝ Իրան-Հայասատն գազամուղը, անցել է «Գազպրոմ Արմենիա»-ին, ինչպե՞ս է գոյացել այդ մոնոպոլիան։ Եթե իշխանությունը պատասխանատու է և հաշվետու, պետք է գնա այդպիսի հարցադրումների։ Պետք է նաև պահանջ ներկայացնել՝ որոշակի բաժնեմաս ազգայնացնելու հարցը, որպեսզի պետությունը կարողանա ազդել որոշումների վրա։ Հայաստանը պետք է ավելացնի Իրանից ներկրվող գազի ծավալները, եթե ռուսականը թանկ է ստացվում։ Այս պատմությունը կարող է ունենալ իր հետաքրքիր շարունակությունը»,- նշում է Ատոմ Մարգարյանը։

Տնտեսվարողները գազի գնի թանկացման և ապրանքի ինքնարժեքի բարձրացման պայմաններում կարող են թանկացնել ապրանքներն ու ծառայությունները

Գազի խոշոր սպառողների թվում են այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են տարբեր արդյունաբերական ապրանքների վերամշակմամբ՝ հագուստից մինչև սնունդ։ Տնտեսագետների ու բիզնեսի  ներկայացուցիչների դիտարկմամբ, գազի գնի հնարավոր բարձրացումից կտուժի բիզնեսի հատկապես այն հատվածը, որի արտադրած ապրանքի ինքնարժեքում գազի ծախսն էական տեսակարար կշիռ ունի։ Սա կարող է նաև սպառողների գրպանին ուղիղ հարված հասցնել. արտադրողները գազի գնի թանկացման և ապրանքի ինքնարժեքի բարձրացման պայմաններում կարող են թանկացնել ապրանքները։ 

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողների համար գազի գնի հայտը ներկայացնելիս խորամանկ քայլ է արել՝ բնակչության մի մասի համար փոքր-ինչ նվազեցնելու առաջարկ անելով։ «Բնակիչ-սպառողների համար այդպես է արել, որ զանգվածային դժգոհություն չլինի։ Բայց, նույն բնակիչների համար անուղղակի բացասական ազդեցություն է ունենալու խոշոր սպառողներին մատակարարվող գազի թանկացումը։ Եթե գազը թանկացավ, դա շղթայաբար ազդելու է ապրանքների ու ծառայությունների գների վրա»,- ասաց տնտեսագետը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս վերլուծել է «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը և եկել եզրահանգման, որ եթե բնակիչ-սպառողների համար առաջարկվում է գազի գինը նվազեցնել 2%-ով, ապա կազմակերպությունների համար բնական գազի սակագինը նվազագույնը ավելանալու է 18-34%- ով, իսկ փոքր ծավալ սպառող նպաստառուների համար՝ 36%-ով։ Տնտեսագետը ֆեյսբուքյան իր էջում տեղադրված վերլուծության մեջ գրում է. «Գաղտնիք չէ, որ տարածաշրջանի և ԵԱՏՄ անդամ երկրների համեմատ մեր էներգակիրների գները առանց այն էլ բարձր են, ինչի արդյունքում Հայաստանում արտադրություն կազմակերպելը ավելի ծախսատար է։ Եվ ահա, այս կառավարության «մեծ ջանքերի», իրականում՝ անարդյունավետ կառավարման արդյունքում հայաստանյան կազմակերպությունների համար բնական գազի սակագինը նվազագույնը ավելանալու է 18 տոկոսով։ Միանշանակ է, որ կազմակերպությունների համար այս բարձրացումը հանգեցնելու է Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների գների աճի և արտահանման շուկաներում մրցունակության նվազման։ Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ բնակչության մեծ մասը չի կարողանում անգամ լուծել սննդի հարցը, սպառնում է նոր գնաճ։ Սա լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար, որի հետևանքներին և լուծման քայլերին բազմիցս անդրադարձել եմ իմ վերլուծություններում»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 2.545 մլրդ խմ բնական գազ։ Ինչպես տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալներից, 2018 թվականի համեմատ գազի ներկրումն ավելացել է 3.3 %-ով։ Հիշեցնենք, որ 2018-ին ներկրվել է 2.463 մլրդ խմ գազ։

2019 թվականին իրացվել է շուրջ 2.445 մլրդ խմ գազ, ինչը 3.9 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter