HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի համաճարակը տարածվում է ավիակիրներում և սուզանավերում

Կորոնավիրուսի համաճարակ է բռնկվել աշխարհի տարբեր կողմերում գտնվող մի քանի ռազմանավերի վրա։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Փորձագետները և նախկին ծովայինները զգուշացնում են, որ սուզանավերը և ավիակիրները կարող են օպերատիվ կերպով ամբողջ աշխարհով տեղափոխել ոչ միայն միջուկային լիցքերը, այլև՝ համաճարակը։

Նիդերլանդների նավատորմի «Դոլֆեյն» սուզանավը վաղաժամկետ դադարեցնում է Հյուսիսային ծովում իր պարեկությունը և վերադառնում բազա։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է սուզանավում։ Անձնակազմի 58 անդամներից 8-ի մոտ պաշտոնապես հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։ Բացի այդ, անձնակազմի մի քանի այլ անդամների մոտ արդեն իսկ նկատվում է հազ և մարմնի բարձր ջերմություն։ 

Առավել դրամատիկ պատկեր է զարգանում ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի վրա։ Երեքշաբթի օրը մամուլում հայտնվել է նավապետի զեկուցագիրը ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։

«Մենք պատերազմի մեջ չենք։ Ծովայինները չպետք է մահանան։ Եթե մենք հիմա գործողություններ չձեռնարկենք, չենք կարողանա պատշաճ կերպով հոգ տանել մեր գլխավոր արժանիքների՝ ծովայինների համար»,- իր զեկուցագրում գրել է նավապետ Բրեթ Կրոզյերը։ Նման զեկուցագիրը բացառիկ քայլ է ավիակրի նավապետի կողմից։ Փաստաթղթում սպան բացատրում է, թե ինչն է իրեն դրդել նման քայլի։

«ԱՄՆ ատոմային ավիակրից անձնակազմի մեծ մասի տարհանումն այն ժամանակ, երբ նավը գտնվում է պարեկության մեջ, ինչպես նաև երկու շաբաթով մարդկանց մեկուսացումը, կարող է թվալ արտակարգ գործողություն… Սակայն սա անհրաժեշտ ռիսկ է։ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի վրա նման պայմաններում պահել անձնակազմի 4000 անդամ՝ ոչ անհրաժեշտ ռիսկ է, որը կոտրում է ծովայինների հավատը, որը մեզ վստահված է երդմնակալության պահից»,- գրել է Կոզյերը։

Նախորդ շաբաթ ավիակիրը խարիսխ էր նետել Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու մոտ (կղզին գտնվում է ԱՄՆ տիրապետության տակ) այն բանից հետո, երբ անձնակազմի 25 անդամների մոտ հայտնաբերվել էր COVID-19 կորոնավիրուս։ Հիվանդներին տարհանել են նավից, սակայն հնարավոր չի եղել մեկուսացնել բոլոր նրանց, որոնք շփվել են վարակակիրների հետ։

«Թեոդոր Ռուզվելտ»-ն ահռելի ավիակիր է, որն ունի մի քանի ֆուտբոլային դաշտի չափ։ Ծովայինները կարող են ապրել նավի մի հատվածում և աշխատել մյուսում։ Այդ նպատակով նրանք տեղաշարժվում են նեղ միջանցքներով և աստիճաններով՝ ձեռք տալով երկաթե ճաղերին։ Սպաները և շարքայինները սնվում են մեծ ընդհանուր ճաշարանում՝ միմյանց շատ մոտ նստած։ Ավելին, անձնական սենյակներ ունեն միայն նավապետն ու նրա ավագ օգնականը։ Սպաները սովորաբար ապրում են երկուսով, իսկ շարքայիններն ու ավագները՝ 6, 12 կամ 24 տեղանոց ննջասենյակներում։ Եթե այդպիսի ննջասենյակներում հայտնվի մեկ վարակակիր, վարակի տարածման արագությունը կարող է ավելի բարձր լինել, քան ցամաքի վրա։ 

Թե քանի ծովային է հիվանդ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի վրա, արդեն փակ տեղեկատվություն է։ ԱՄՆ ռազմածովային ուժերը հրաժարվել են հայտնել ճշգրիտ տվյալները։ «San Francisco Chronicle» թերթի աղբյուրները հայտնում են, որ լրագրողները, որոնք առաջինն էին հայտնել ավիակրի վրա առկա խնդիրների մասին, նշել են 100 հիվանդի մասին։ «CNN»-ի և «CBS»-ի աղբյուրները հայտնել են 70 հիվանդների մասին։ Եթե այդ թվերը ճշմարիտ են, ստացվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում «Թեոդոր Ռուզվելտ» նավի վարակակիրների թիվն աճել է 4 անգամ։ Ավիակրի նավապետը զեկուցագրում նշել է, որ հիվանդության տարածումը շարունակվում է և արագանում։

Այդուհանդերձ, ԱՄՆ ռազմածովային ուժերը նշում են, որ հիվանդ ծովայիններն այս պահին չունեն բժշկական օգնության կարիք։ Նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել և չի գտնվում կրիտիկական վիճակում։ Ավիակրի նավապետ Կրոզյերն առաջարկել է տարհանել անձնակազմի մեծ մասին՝ նավի վրա թողնելով միայն անձնակազմի 10 %-ին։ Սպայի կարծիքով՝ այդ թիվը կկարողանա ապահովել նավի ատոմային ռեակտորի աշխատանքը, իրականացնել ախտահանում և ապահովել ավիակրի անվտանգությունը արտակարգ իրավիճակների պարագայում։

Չորեքշաբթի օրն ԱՄՆ ռազմածովային ուժերը բացատրել են ավիակրից շուրջ 1000 անձի տարհանման վտանգները։ Խնդիրն այն է, որ Գուամը խիտ բնակեցված կղզի է, և եթե մեկուսացման ընթացքում ծովայինները ցուցաբերեն անփութություն, այն կարող է հիմք հանդիսանալ կղզում կորոնավիրուսի բռնկման համար։ Ռազմական գերատեսչությունը նախատեսում է հիվանդներին տեղավորել իր ռազմաբազաների տարածքում, ինչպես նաև Գուամի մի քանի հյուրանոցներում։ Հինգշաբթի օրը կղզի են ժամանել ԱՄՆ ծովային հետևակի բուժծառայության երրորդ գումարտակի 40 մասնագետներ։

CNN-ի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրների տվյալներով՝ կորոնավիրուսը տարածվում է նաև ամերիկյան մեկ այլ ավիակրի՝ «Ռոնալդ Ռեյգան»-ի վրա։ Հեռուստաընկերությունը հայտնում է, որ ախտորոշումը հաստատվել է մի քանի ծովայինների մոտ: Պատճառը, բնականաբար, ավիակիրների փակ տարածքն է։ Փակ տարածքներում վիրուսն ավելի արագ է տարածվում։

«San Francisco Chronicle» պարբերականին տված հարցազրույցում ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը հայտնել է, որ նավատորմում պետք է ակնկալել կորոնավիրուսի նոր բռնկումներ։ «Խնդիրներն ավելի կխորանան։ Դուք չեք կարող ուղղակի վերցնել, դադարեցնել նավերի աշխատանքը և ուղարկել մեկուսացման, քանի որ նավերի վրա տոննաներով զենք կա, միլիարդավոր դոլարների սարքավորումներ, հրավտանգ տարրեր և միջուկային ռեակտորներ»,- նշել է պաշտոնաթող ծովակալը։

Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 950 430-ի, ապաքինվածների թիվը՝ 202 627-ի, իսկ մահացածների թիվը՝ 48 276-ի։

Լուսանկարում՝ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter