HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Օրավարձով աշխատողներ. ինչպես ապրել արտակարգ դրության օրերին

Հրաչուհի Հովվյանը օրավարձով դայակ էր աշխատում մինչեւ մարտի 16-ը: Այդ օրը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց եւ 59-ամյա Հրաչուհի Հովվյանը կորցրեց աշխատանքը: Նա տան միակ աշխատողն է, բնակվում է ամուսնու և 84-ամյա մոր հետ։ Տան եկամուտը մոր թոշակն ու նրա 3500 դրամ օրավարձն են:

Հրաչուհի Հովվյանն ասում է՝ մոր թոշակը մեծ մասամբ ծախսում են նրա խնամքի պարագաների վրա, քանի որ անկողնային հիվանդ է: «Այս օրերին կարողանում ենք դիմանալ տանը եղած որոշ մթերքների և մեր հավաքած որոշ գումարի հաշվին, որը դեռ կար։ Հիմա սպասում ենք թոշակը ստանանք, որ մի քիչ այս վիճակը ձգենք։ Ապրելը ձգում ենք, բայց դժվարանում ենք»,- ասում է նա։

Հրաչուհի Հովվյանը չգիտի, թե ինչպես են ապրելու, եթե արտակարգ դրությունը երկար տևի և չկարողանա աշխատանքի դուրս գալ։

«Օրավարձն արդեն նշանակում է, որ օրվա վարձով ենք ապրում, եթե չկա այդ վարձը, նշանակում է՝ մենք արդեն ինչ-որ տեղ խեղճանում ենք ապրելուց»,- ասում է Հրաչուհի Հովվյանը։

Արտակարգ դրություն՝ տանը նստած չորս աշխատողներով

«Դժվար է ընտանիքում ունենալ չորս աշխատող եւ արդեն 16 օր տանը նստել՝ պարտքով ապրելով»,- ասում է Լիլիթ Սարգսյանը։

Լիլիթի ընտանիքում կա երկու օրավարձով աշխատող, մեկը՝ կես դրույքով, մեկը՝ գործարքային աշխատող։ Նրանք աշխատում են առևտրի կենտրոններում և սպասարկման ոլորտում։

«Առաջին երկու օրը, որ դեռևս հայտնի չէր՝ փակվելո՞ւ են սննդի սպասարկման կետերը, թե ոչ, օրումեջ գնում էինք աշխատանքի։ Այդ օրերին մի փոքր գումար աշխատեցի, մի շաբաթ յոլա գնացինք։ Դրանից հետո սկսել եմ պարտք անել, որովհետև հնարավոր չէր արդեն ապրել։ Չգիտեինք, որ արտակարգ դրություն է հայտարարվելու կամ այսքան երկար չենք աշխատելու, այսպիսի իրավիճակի առաջ ենք կանգնելու։ Որ իմանայինք, մի քիչ գումար հետ կգցեինք, որ կարողանայինք այս ընթացքում որոշ բաներով ապահովված լինել»,- պատմում է Լիլիթ Սարգսյանը։

Նրա մայրը մաքրուհի է, այս օրերին սնունդ գնելու համար գործատուից ապրիլ ամսվա աշխատավարձն է ստացել եւ պարտքով գումար վերցրել:

Լիլիթն այսօր կամ վաղը կստանա իր հաշմանադամության 26 500 դրամ թոշակը և քրոջ աշխատավարձից որոշ գումար, որով կմարեն վերցրած պարտքերը և կկարողանան մի քանի օրվա համար գնումներ կատարել։

Թեեւ Լիլիթը միայնակ մայր է, բայց չի կարող օգտվել Կառավարության սոցիալական աջակցությունից, քանի որ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում չի ազատվել աշխատանքից։

«Օրավարձով աշխատողի ֆինանսական դժվարությունն այն է, որ մեծ ընտանիքներ են պահում և օրվա ստացած գումարը մեկ, առավելագույնը երկու օրում ծախսում են։ Երբ սկսվեց վարակը, հույս ունեինք, որ հաջորդ օրերին ավելի լավ կլինի, բայց չէինք պատկերացնում, որ կփակվի ամեն ինչ և նման փաստի առաջ կկանգնենք»,- ասում է Լիլիթը։

Անի Խաչատրյանի ընտանիքը ևս խնայողաբար է ծախսում ունեցած ֆինանսական միջոցները, քանի որ ընտանիքի աշխատող անդամներն արտակարգ դրության օրերին տանն են։

«Քույրս օրավարձով է աշխատում սպասարկման ոլորտում, ես էլ ձեռագործ իրեր եմ պատրաստում։ Արդեն 18 օր է՝ տանն ենք, ոչ մեկս չենք կարողանում աշխատել։ Ունենք մի փոքր հավաքած գումար, որն էլ հիմա ծախսում ենք սննդի վրա։ Հոսանքի վարձն էլ չենք կարողացել վճարել, ինտերնետս էլ ընկերներիս եմ խնդրել, օնլայն վճարել են»,-պատմում է նա։

Նրանց ընտանիքը 5 հոգուց է բաղկացած՝ Անին, նրա 11 տարեկան որդին, մայրը, որն առողջական խնդիրներ ունի ու երկու քույրերը։

Թեև ընտանիքը շատ խնայողաբար է օգտագործում ունեցած գումարը, բայց Անին կարծում է՝ մոտակա օրերին պարտադրված կլինի ընկերներից պարտքով գումար խնդրել։

«Ֆինանսական այս իրավիճակում իմ ձեռագործ աշխատանքներն էլ չեմ կարող պատրաստել։ Պատվերներ ունեի, որի համար պիտի նյութեր առնեի, բայց այդ նյութերի փողն ուտելիքի վրա եմ ծախսում, քանի որ չգիտեմ, թե ինչքան կտևի արտակարգ դրությունը»,- ասում է Անին։

Անին կարող է օգտվել Կառավարության հաստատած այսօրվա աջակցության ծրագրից, որով նախատեսվում է չաշխատող ծնողներին յուրաքանչյուր երեխայի համար միանվագ 26 000 դրամ հատկացնել։

Կառավարությունն այսօր որոշեց մինչև 18 տարեկան երեխա ունեցող, չաշխատող անձանց միանվագ՝ յուրաքանչյուր  երեխայի համար 26,500 դրամ գումար տրամադրել:

Լուսանկարները՝  Նարեկ Ալեքսանյանի, Անի Սարգսյանի և Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter