HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՔԿ Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը կմնա ազատության մեջ․ դատախազությունը չի բողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը

Դատախազությունը չի բողոքարկի կաշառքի գործով մեղադրյալ, Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ կաշառք տալու մեջ մեղադրվող Ֆարխոյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել գրավի դիմաց, ապա այս որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով կալանավորվել Ֆարխոյանին։ Վերաքննիչ դատարանը, սակայն, մերժել է դատախազության բողոքը, ու այս որոշման դեմ, փաստորեն, դատախազությունը վճռաբեն բողոք չի ներկայացնի։

Թե որքան է Ֆարխոյանին վերագրվող կաշառքի գումարը, մեզ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նույն քրեական գործով անցնում է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը, ով, հիշեցնենք, մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Գործով անցնում են նաև այլ անձինք։

Ջոն Ֆարխոյանն  այս պահին պաշտոն չի զբաղեցնում: Նա քննչական կոմիտեում աշխատանքից ազատվել է 2020-ի հունվարի վերջին, որից օրեր անց՝ փետրվարի 5-ին ձերբակալվել էր կաշառքի գործի շրջանակներում։

Ֆարխոյանը նախկինում եղել է նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ։ Նա, ի դեպ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter