HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հեռակա գրկում եմ, կամ ինչպես նշեցի արտակարգ 20-ամյակս

Ապրիլի 1-ին նշել եմ 20-ամյակս: Մտածում էի, որ արտակարգ դրության խստացված ռեժիմի պայմաններում օրացույցում կարմիրով նշելուց շատ քիչ կտարբերվի, բայց վատ չստացվեց: Իրոք արտակարգ էր. հյուրեր չունեցանք, տնից դուրս չեկա, չհարդարվեցի, այդ օրվա համար հատուկ հագուստ չնախապատրաստեցի, հավաքույթ չկազմակերպեցինք: Միայն 2 ընկերուհիներս եկան շնորհավորելու:

Երբ հարցնում էին՝ ինչպես եմ պատրաստվում նշել, ասում էի, որ չեմ որոշել։ Չեմ սիրում նախօրոք պլաններ կազմել, որովհետեւ երբ չեն իրականանում, տխրում եմ: Ինձ համար կազմակերպված մեծ խնջույքներ էլ չեմ սիրում: Միայն ուզում էի ոչ սովորական ու հետաքրքիր անցներ, էդպես էլ եղավ:

23:30-ից ստանում էի զանգեր, հաղորդագրություններ, շնորհավորում էին, մաղթանքներից շատերի մեջ «կորոնայից հեռու մնաս»-ն անպակաս էր:  Հետո արդեն ընտանիքիս անդամները բերեցին ավանդական ծննդյան տորթը, երազանք պահեցի, փչեցի մոմերը (ի դեպ, իմ ամենասիրած պահը դա է, հավատում եմ, որ կիրականանա):

Հետո «Հետքի» անձնակազմը հեռահար շնորհավորեց. ինձ ճանաչողները գիտեն, թե ինչքան էմոցիոնալ ու զգայուն եմ, սիրուն շնորհավորանքներից ու ստացած ուշադրությունից մի լավ հուզվեցի (կարճ ժամանակում շատ հարազատ են դարձել):

Մտածեցինք,  որ խմորեղեն կթխեմ, օնլայն սուրճ կխմենք, բայց, ցավոք, միայն խմորեղենի նկարը պիտի տեսնեին, խմբագրությունում օնլայն հանդիսավար էլ ունեինք, որ միշտ բոլորի ծննդյան տոներին կենացներ ու բարեմաղթանքներ է ասում:  

Խմբագիրն էլ առաջարկեց ընթերցողին պատմեմ, թե ինչպես եմ նշել 20-ամյակս:  Շնորհավորանքներից մեկի մի մասն էլ դարձավ վերնագիր՝  «Անյա ջան, շնորհավոր, հրաշալի տարիք ես նշում, չքնաղ կյանքդ առջևում է, հեռավար գրկում եմ»:

Հետո որոշեցի, որ երբ բոլորը քնեն, պիտի ինքս ինձ հետ ծնունդ նշեմ, էլ ի՞նչ նշել առանց խմել-շնորհավորելու: Եթե ձեր ծննդյան օրն էլ է համընկնում արտակարգ դրության օրերի հետ, կարող եք իմ օրինակին հետևել, վատ չի ստացվել:

Կոնյակ լցրեցի ինձ համար, հավաքեցի ընտանեկան ալբոմներս, սկսեցի թերթել, վերհիշել, հետո անցա համակարգչիս նկարներին, երաժշտություն լսեցի, ֆեյսբուքյան շնորհավորանքներիս պատասխանեցի, հասցրի վիճել մի քանի շնորհավորողի հետ, պարզեցի նաև, որ կոնֆլիկտային մարդ եմ, եթե կարդում են, հուսամ՝ շատ չեն նեղացել:

Կյանքիցս դրվագներ էի հիշում, հուզվում կամ ծիծաղում, հետո մտովի ամփոփեցի 19-ս, հասկացա, որ բավականին շատ փոփոխություններ են եղել իմ կյանքում, լավերը գրեցի նոթատետրումս, որ մեկ- մեկ երբ տխրեմ, կարդամ ու ժպտամ:

Ժամին նայելուց հետո հասկացա, որ կարելի քնել. 4:40 էր: Քանի որ տնից դուրս գալ չէր կարելի, իսկ ես տանը մնալ չեմ էլ կարողանում, որոշել էի երկար քնել, բայց չհաջողվեց, ցավոք, զարթուցիչս մոռացել էի անջատել:
Առավոտյան 9-ին արթնացա, էլի շնորհավորանքներ, որոնք, ի դեպ, մեծ սիրով եմ կարդում, լսում ու  պատասխանում, ամեն հաղորդագրությունից ուրախանում եմ:

Ուրախանում էի նաև, երբ ասում էին, որ չենք կարող գալ, բայց դու նվեր ունես, հետո կստանաս։ Իրականում, եթե սիրում եք նվերներ ստանալ՝ ինչպես ես, արտակարգ դրության օրերին ծննդյան օրը կարող է մի փոքր  տխուր թվալ, որովհետև հյուրեր չեն գալիս, հետևաբար նվերներ չես ստանում, ընտանիքիդ անդամներն էլ հասցրած չեն լինում նվեր պատրաստել, քանի որ խանութներն են փակ, լավագույն դեպքում տալիս են գումարն ու ասում. «Դու քեզ համար մի բան կգնես»։ Այ դա չեմ սիրում :

Սուրճս խմեցի  ու որոշեցի համեղ բաներ պատրաստել, զբաղվել իմ սիրած գործով, եթե ձեր սիրած զբաղմունքը  ֆիլմ դիտելը, նկարելը կամ կարդալն է, դա էլ չի խանգարի: Պիցցա, աղցաններ ու խմորեղեն պատրաստեցի, մայրս էլ գոհ էր, սիրում է, երբ խոհանոցում ես եմ լինում:

Երեկոյան  մի քիչ խախտեցինք արտակարգի կանոնները. զանգահարեցին երկու ընկերուհիներս, որոնք արդեն երկու շաբաթից ավելի տանն են, ասացին, որ գալու են: Եկան, երկար-բարակ զրույցներ, շատ հիշողություններ, կատակներ ու համեղ ընթրիք…

Ամբողջ օրս, իհարկե, ուղեկցվում էր մորս խուճապով, մայրիկները սիրում են խուճապի մեջ ընկնել, իսկ մեր՝ Արարատի մարզը վարակվածների թվով առաջիններից է:

Համոզված եմ՝ այս ամենը կհաղթահարենք միասին, ես գոհ եմ իմ արտակարգ 20-ից, անսովոր ու հիշվող է, միայն թե ամբողջ օրվա ընթացքում ինչ-որ բանի էի սպասում, ինքս էլ չգիտեի՝ ինչի:

Եթե ձեր ծննդյան օրն էլ է անցնելու արտակարգ դրության ժամանակ, չտխրեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter