HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Չփաթեթավորված հացի վաճառքը սահմանափակել, փաթեթավորումն էլ գցել փակ աղբամանը․ ՍԱՏՄ պետը պատասխանել է «Հետք»-ի հարցերին

Կորոնավիրուսը տարբեր մակերևույթների վրա կարող է գոյատևել մինչև մի քանի օր։ Այս օրերին ինչպե՞ս վարվել չփաթեթավորված հացի հետ, ախտահանել՞ սննդի փաթեթը, արդյո՞ք անվտանգ են դրսից գնված միրգն ու բանջարեղենը։

Այս և սննդամթերքի անվտանգությանն ու վերահսկողությանը վերաբերող այլ հարցերի պատասխանել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Ներառված են նաև «Հետք»-ի ընթերցողների ուղարկած հարցերը։

Տարբեր մակերևույթների վրա կորոնավիրուսը կարող է մնալ մինչև 72 ժամ, որքանո՞վ է անվտանգ այսօր խանութներից տարբեր փաթեթավորումներով սնունդ գնելը։ Արդյո՞ք անհրաժեշտություն կա հավելյալ միջոցառումներ իրականցնել՝ ախտահանելու սննդամթերքի փաթեթավորումը:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների՝ COVID-19-ի հետևանքով առաջացած նոր կորոնավիրուսային վարակը համարվում է կոնտագիոզային՝ հպավարակային, տարածվում է ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ ախտահարված մակերեսների հետ շփումից:

Հաշվի առնելով այն փաստը, որ չենք կարող բացառել ախտահարված մակերեսների հետ շփումից հիվանդության փոխանցումը մարդուն, առաջարկում ենք հետևել անձնական հիգիենայի կանոններին և ցանկացած մակերեսի հպվելուց (այդ թվում՝ պոլիմերային տոպրակների) հետո լվանալ և ախտահանել ձեռքերը:

Սննդամթերքի փաթեթավորումն անհրաժեշտ է գցել փակվող աղբամանի մեջ: 

Այս օրերին, կա՞ն առանց փաթեթավորման հաց վաճառելու սահմանափակումներ, թե ոչ։

Թեև ՀՍՏ 31-2019 ազգային ստանդարտը թույլ է տալիս չփաթեթավորված հացի վաճառքը, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը, Տեսչական մարմինը տնտեսվարողներին առաջարկել է սահմանափակել չփաթեթավորված հացաբուլկեղենի և հրուշակեղենի վաճառքը կամ, անհնարինության դեպքում, ձեռնարկել այնպիսի մեխանիզմներ, որ բացառվի սպառողների շփումը դարակաշարերին դրված չփաթեթավորված հացի, հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի հետ:

Հաց վաճառողները պարտավոր են հացը տրամադրել ձեռնոցով, որը պետք է փոխվի, եթե դրանով դիպել են նաև այլ սննդամթերքի կամ մակերեսների:

Ե՞րբ ենք պատրաստվում անցնել փաթեթավորված հացի վաճառքի, և, ընդհանրապես, բաց վիճակով վաճառվող ապրանքատեսակների հնարավոր փաթեթավորման։ Որքանո՞վ է վտանգավոր այսօր չփաթեթավորված սնունդ գնելը։ Սննդի մակերևույթին վիրուսը մնու՞մ է։

Բաց վաճառվող ապրանքատեսակների հնարավոր փաթեթավորմանն անցնելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Սննդի մակերևույթին վիրուսի կենսունակության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների մասին տեղեկություններ չկան:

Մրգեր, կանաչեղեն կարո՞ղ ենք գնել՝ չիմանալով, թե ով է հավաքել և կապել:

Անկախ ներկայիս իրավիճակից, պտուղ-բանջարեղենը մինչև օգտագործելն անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ:

Արդյո՞ք խստացվել է սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ վերահսկողությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այցելու՞մ է արտադրամասեր՝ ստուգելու՝ արդյոք արտադրողները բարեխղճորեն պահպանում են սանիտարահիգիենիկ նորմերը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մշակվել են ոլորտային ուղեցույցեր, որոնք էլեկտրոնային փոստի հասցեներով ուղարկվել են իրացման ցանցի, հանրային սննդի օբեյկտների և սննդամթերքի արտադրությունների տնտեսավարողներին: Դրանք տրամադրվել են նաև առձեռն, եթե Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում տնտեսվարողի էլեկտրոնային փոստի մասին տվյալներ չեն եղել: Տեսչական մարմինը հետամուտ է դրանց կատարման ընթացքին ամենօրյա ռեժիմով:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն ունե՞ն համապատասխան հագուստ, դիմակ, ակնոց և այլն, մասնագետները հագեցած են բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Այո, Տեսչական մարմնի աշխատակիցներն ապահովված են անհրաժեշտ բոլոր պաշտպանիչ պարագաներով:

Ինչպե՞ս է այս օրերին իրականացվում սննդամթերքի սահմանային հսկողությունը։ Արդյո՞ք ՍԱՏՄ տեսուչներն ու աշխատակիցներն ավելի խիստ են մոտենում սննդամթերքի անվտանգությանն ու դրանց որակի վերահսկմանը, հատկապես՝ վտանգավոր ճանաչված երկրների (Իտալիա, Իրան, Չինաստան) ապրանքների ներմուծման ժամանակ։

Սննդամթերքի սահմանային հսկողությունը շարունակում է ընթանալ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Տնտեսական Միության կողմից սահմանված օրենսդրական նորմերին համապատասխան, ինչը բացառում է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը երկիր՝ անկախ ներկայումս ստեղծված իրավիճակից:

Կարո՞ղ ենք հստակ ասել կամ կա՞ ուսումնասիրություն՝ կորոնավիրուսը սննդամթերքի միջոցով փոխանցվու՞մ է, թե ոչ։ Հանգիստ լինե՞նք այսօր սնունդ գնելիս։

Մասնագետները պարզել են, որ վարակը տարածվում է օդակաթիլային և վարակակրի հետ ուղղակի շփման ճանապարհով միայն, և որևէ տեսակի սննդամթերքի միջոցով այն փոխանցվել մարդուն չի կարող. վիրուսները ջերմային մշակմանը չեն դիմանում` արագ վերանում են:

Անհրաժեշտ է միայն հետևել անձնական հիգիենային, սննդամթերքի մշակման և պատրաստման կանոններին:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հնարավո՞ր է, որ արգելվի տեղական որոշ սննդամթերքի արտահանումը՝ բնակչության պահանջները բավարարելու համար:

Նման որոշման կայացման հիմքերի ուսումնասիրությունը և որոշման կայացումը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործառույթների շրջանակից դուրս է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter