
Առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով անհաղթահարելի ուժ համարել նաև համաճարակը
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է քաղաքացիաիրավական բնույթի պարտավորությունները ֆորսմաժորային իրավիճակներում խախտելու դեպքում անհաղթահարելի ուժի դրույթը կիրառել:
Խմբակցությունը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական օրենսգրքում: Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ պայմանագրային պարտավորության խախտման համար անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե պարտավորությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելն անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) ազդեցության հետևանք է, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Առաջարկվող փոփոխությամբ անհաղթահարելի ուժ է համարվում այն իրադարձությունը,
- Որի տեղի ունենալը որևէ կերպ կախված չէ պարտապանի կամքից (արտաքին ազդեցություն) և դուրս է նրա վերահսկողությունից (անկառավարելի):
- Որի ազդեցության հետևանքներից հնարավոր չէ խուսափել` կիրառելով անհրաժեշտ միջոցներ,
- Որը սահմանափակում է պարտապանի կողմից պարտավորության պատշաճ կատարումը,
- Որը հնարավոր չէր կանխատեսել պայմանագրի կնքման պահին:
- Այս նախագծով անհաղթահարելի ուժ են համարվում ռազմական գործողությունները, պատերազմը (այդ թվում` քաղաքացիական), արտակարգ կամ ռազմական դրությունը կամ արտակարգ իրավիճակը, տարերային աղետը, համաճարակը:
Պայմանագրով կարող է նախատեսվել այլ տեսակի անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով պարտավորությունների կատարման հետաձգում կամ կասեցում, դրանց կատարումից կամ պատասխանատվությունից ազատում:
Եթե կողմը վիճարկում է անհաղթահարելի ուժի ազդեցության փաստը, ապա վեճը լուծվում է դատական կարգով: Ընդ որում, պարտավորությունն անհաղթահարելի ուժի ազդեցությամբ չկատարելու կամ անպատշաճ կատարելու փաստն ապացուցում է պարտապանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Քաղաքացիական օրենսգիրքը չի տալիս անհաղթահարելի ուժի վերաբերյալ համապարփակ կարգավորումներ` չնայած նրան, որ պրակտիկայում գրեթե բոլոր պայմանագրերի եզրափակիչ դրույթները պարունակում են անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից ազատման հիմքը:
Նշվում է նաև, որ ստեղծված համաճարակի պայմաններում առավել ակնհայտ է դառնում ներպետական օրենդրության այս բացը, քանի որ քաղաքացիական օրենսգրքում ընդհանուր կարգավորման բացակայության պայմաններում յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում` արդյոք կա անհաղթահարելի ուժ, թե ոչ, արդյոք դրա առկայության պայմաններում պարտավորության կատարումը պետք է կասեցվի կամ պայմանագիրը լուծվի թե ոչ:
Նախագծով առաջարկվում է նաև հետադարձ ուժ տալ նախագծին` մինչ այն պահը, երբ Կառավարության կողմից համաճարակի կանխման համար հայտարարվեց արտակարգ դրություն:
Նկատենք, որ Քաղաքացիական օրենսգրքում անհաղթահարելի ուժը բնորոշվում է որպես արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք, ինչպես նաև նշվում է տարերային բնույթի այլ երևույթների (հրդեհների, ջրհեղեղների և այլնի) կամ ռազմական գործողությունների մասին:
Մեկնաբանել