HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի մասին «Հետքի» հրապարակումից հետո քրգործ է հարուցվել

Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի ամերիկյան գործարքների մասին «Հետքի» հրապարակումից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել, որի վերջնարդյունքում մեղավոր ճանաչվելու պարագայում նախկին պաշտոնյան կարող է ազատազրկվել:

Փետրվարին գրել էինք, որ ԱԺ ՀՀԿ-ական նախկին (2012-2019 թթ.) պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ով նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, ԱՄՆ-ում 2015 եւ 2016 թթ. ձեռք է բերել 2 բնակարան (մեկը՝ Գլենդելում 520.000 դոլարով, մյուսը՝ Լոս Անջելեսում 475.000 դոլարով), որոնք, սակայն, չի հայտարարագրել, ինչը պարտավոր էր անել: 2017-ին պատգամավոր Գեւորգյանը օտարել է բնակարանները իր իսկ հիմնած «Arvivi» ընկերությանը: Ընդ որում՝ իբրեւ պատգամավոր նա իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրությամբ. դա Սահմանադրության խախտում է:

Գույքի ձեռքբերումը չհայտարարագրած պաշտոնյան չի հայտարարագրել նաեւ դրա օտարումը, այնինչ 2017 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածը, որով հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը համարվում է քրեորեն պատժելի արարք (նախատեսում է տուգանք կամ ազատազրկում՝ կախված թաքցված գույքի կամ եկամտի ծավալներից): Նշենք, որ «Arvivi»-ին բնակարաններն օտարելու գործարքները, ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի, եղել են առանց հատուցման, այսինքն՝ տեղի է ունեցել անհատույց փոխանցում ֆիզիկական անձից վերջինիս հիմնած ընկերությանը: Բայց ահա 2019 թ. գարնանը, երբ այլեւս պաշտոնյա չէր, Գեւորգյանն իր ամերիկյան ընկերության միջոցով վաճառել է բնակարանները (680.000 եւ 515.000 դոլարով) եւ փոխարենը 1,5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում:    

Մեր հրապարակումից հետո՝ մարտի 11-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ ՔՕ 310.1 հոդվածի առաջին մասով եւ 314.3 հոդվածի երկրորդ մասով:

310.1 հոդվածը, որը նույնպես ուժի մեջ է մտել 2017-ի հուլիսի 1-ից, սահմանում է. «Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն (ավելի քան 5 մլն դրամով- հեղ.) գերազանցում են նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»:

Իսկ ՔՕ 314.3 հոդվածի երկրորդ մասում նշվում է. «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»:

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետքին» հայտնեց, որ գործով նախաքննությունը շարունակվում է, Գեւորգյանն առայժմ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter