HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ստեփանավանից մեկուսացված քաղաքացիներից 3-ը շտապ օգնության աշխատակիցներ են

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հայտնել է, որ մարզում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է հինգի։ Նա նշել է, որ վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են։

Մի քանի օր առաջ պարզ էր դարձել, որ վարակակիրներից մեկը Ստեփանավան քաղաքի 70-ամյա բնակչուհի է, որը վերջերս էր վերադարձել Մոսկվայից։ Վերջինս ներկայում գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ստեփանավանի բժշկական կենտրոնի համաճարակաբան Կարեն Մաղաքյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշում է, որ այս պահի դրությամբ մեկուսացվել է 18 անձ, որոնցից 3-ը շտապօգնության ծառայության աշխատակիցներ են։ Նրանք բոլորը մեկուսացված են Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Աղավնաձորում գտնվող հանգստյան տանը։ Մաղաքյանի խոսքերով՝ բոլորն ուղղակի շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ։ Նրանց կորոնավիրուսի ստուգման թեստ կարվի մեկուսացման օրվանից 14 օր անց։

Ստեփանավանում և հարակից գյուղերում այս պահի դրությամբ կան ինքնամեկուսացվածներ, որոնք պարբերաբար ստուգվում և հետազոտվում են Ստեփանավանի բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից։ Նրանց թիվն այս պահի դրությամբ 23 է, որոնց մի մասը նոր է ժամանել Ռուսաստանից և Թուրքիայից։ Արտակարգ դրության հաստատումից ի վեր մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 80։

Մաղաքյանն այդուհանդերձ նշում է, որ բժշկական կենտրոնը, հնարավոր վարակակրի մասին, կարող է իմանալ միայն այն դեպքում, երբ գրանցվի շտապօգնության կանչ և նշում, որ առավել արդյունավետ պայքարելու համար լավ կլինի, որ պատկան մարմինները բժշկական կենտրոններին տեղեկացնեն օդանավակայաններից ժամանող քաղաքացիների վերաբերյալ, որպեսզի բուժհաստատությունը նախապատրաստվի հնարավոր դեպքերի արձագանքմանը։

Լուրը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաև պարետատան հետ, սակայն մի քանի անգամ փորձելուց հետո, օպերատորներից և ոչ մեկը չպատասխանեց մեր զանգերին։ 

Ճշտում. Տեղեկատվության վերաճշտման արդյունքում պարզ է դարձել, որ շտապ օգնության աշխատակիցները 3-ն են, մյուսը 3-ը՝ Պոլիկլինիկայի աշխատակիցներ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter