HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանն տեսակապով զրուցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ

Նոր կորոնավիրուսի համավարակի հաղթահարման հարցերով միջազգային գործընկերների հետ խորհրդատվությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է համաշխարհային տնտեսական գործընթացների վրա նոր կորոնավիրուսի վարակի ազդեցության գնահատման հարցում միջազգային մասնագիտական կարևորագույն այդ կառույցի դերակատարումը: Նախագահը բարձր է գնահատել կառույցի պատրաստած վերլուծությունը համաշխարհային տնտեսության վրա COVID 19 համավարակի ազդեցության վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը հիշատակել է 2019թ. օգոստոսին իրենց հանդիպումը, երբ առաջարկել էր կառույցի կողմից պատրաստվող՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ զեկույցում վերլուծությունն իրականացնել աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում: Արմեն Սարգսյանն ասել է, որ այսօր, երբ նոր կորոնավիրուսի համավարակը համաշխարհային տնտեսության համար վերածվել է թերևս առաջնային մարտահրավերի, իր առաջարկությունն ավելի քան արդիական է և վերաբերելի աշխարհի բոլոր երկրների տնտեսություններին:

Նախագահ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանի համար շատ կարևոր և արժեքավոր կլինի կառույցի կողմից մեր երկրի վերաբերյալ զեկույցի թարմացումը՝ ներառելով տնտեսության վրա COVID 19-ի ազդեցությունը, դրա հնարավոր հետևանքներն ու դրանց հաղթահարման վերաբերյալ առաջարկությունները:

Ջեյմս Ժանը նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման հարցում միջազգային համագործակցության ընդլայնման առումով լիովին համամիտ է Հայաստանի նախագահի հետ: Նա խնդրել է, որ նախագահ Սարգսյանը, որպես ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի (UNCTAD Panel of Eminent Persons) նախագահ, փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով խորհրդատվություններ նախաձեռնի խմբի անդամների հետ:

Ջեյմս Ժանը պատրաստակամություն է հայտնել նաև հնարավորինս արագ թարմացնել Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս և այլ հարցերի շուրջ նախագահ Սարգսյանի հետ խորհրդատվությունները կշարունակվեն նաև առաջիկա շաբաթների ընթացքում:

Նշենք, որ նախագահ Սարգսյանը դեռևս 2018թ. հոկտեմբերին Ժնև կատարած իր աշխատանքային այցի ընթացքում ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել կառույցի կողմից Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ զեկույց պատրաստելու մասին: Զեկույցը համապատասխան վերլուծությամբ և առաջարկություններով պատրաստվել և Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացվել 2019թ. սեպտեմբերին:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1964 թ ստեղծված մշտական միջկառավարական մարմին է։ Կառույցն իր գործունեությամբ աջակցում է զարգացող երկրներին՝ ինտեգրացվելու միջազգային առևտրում և համաշխարհային շուկայական և տնտեսական հարաբերություններում՝ առկա խնդիրները վեր հանելու և դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկություններ մշակելու միջոցով:

2019թ. հոկտեմբերին նախագահ Սարգսյանը ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի (UNCTAD Panel of Eminent Persons) նախագահ։ Խումբը խորհրդատվություն է տրամադրում առաջիկա տասը տարիներին առևտրի և զարգացումների տեսլականի, առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ և լուծումներ։ Խմբի անդամներ են պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ ու փորձագետներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter