HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչու Իսպանիայի առողջապահական համակարգը չի կարողանում արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ

Նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվն ուրբաթ օրվա տվյալներով Իսպանիայում հասել է 117 710-ի։ Երկրում կորոնավիրուսից մահացել է 10 935 մարդ։ Պաշտոնական տվյալներով՝ կլինիկաները և պանդեմիայի ժամանակ բացված ժամանակավոր հիվանդանոցները լեցուն են հիվանդներով և չեն կարողանում ընդունել նոր պացիենտների։ Այդ իսկ պատճառով Իսպանիայում հոսպիտալացնում են միայն ծանր վիճակում գտնվող հիվանդներին։

«Deutsche Welle»-ն գրում է, որ բժշկական հաստատություններում քիչ են թոքերի արհեստական շնչառության ապարատները, դեղորայքը, կորոնավիրուսի ստուգման թեստերը, ինչպես նաև բժիշկների և բուժքույրերի համար նախատեսված պաշտպանիչ միջոցները։ Բժիշկների մեջ շատ են նաև վարակակիրները։ Պաշտպանական միջոցների պակաս ունեն նաև ոստիկանության, զինված ուժերի ծառայողները, որոնք մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին։

Այս օրերին հայտնի «La Vanguardia» իսպանական թերթի կողմից իրականացված հարցումը ցույց է տալիս, որ իսպանացիների 77,5 %-ը կարծում է, որ երկիրը պատրաստ չի եղել համաճարակին։ «ABC» թերթի կարծիքով էլ՝ Իսպանիայում կորոնավիրուսի արագ տարածումը բացատրվում է պետական մակարդակով իրականացված սխալ հաշվարկների հետ։ Դեռ հունվար-փետրվար ամիսներին Եվրամիությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Իսպանիային զգուշացրել էին երկրում համաճարակի հնարավոր բռնկման մասին։ Այդ ժամանակ, սակայն, իշխանությունները կանխարգելիչ  գործողություններ չեն ձեռնարկել։

Բացի այդ, իշխանությունները չեն խոչընդոտել զանգվածային միջոցառումների և ֆուտբոլային հանդիպումների անցկացմանը։ Համարվում է, որ հենց այդ իրադարձություններն են ուժեղացրել հիվանդության տարածումը։ Իսպանական լրատվամիջոցները ևս մեկ պատճառ են առանձնացնում՝ բնակչության բարձր տարիքը։ Իսպանիայի բնակչության շուրջ 20 %-ը 65 տարեկանից բարձր են։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ին, իսկ մեկ ու կես շաբաթ անց նոր խստացվել են արտակարգ դրության պահանջները։ Կանգնեցվել է երկրի բոլոր ձեռնարկությունների և հաստատությունների աշխատանքը, այդ թվում նաև առևտրային հատվածի, բացառությամբ մթերային խանութների և դեղատների։ Մարդկանց, առանց խիստ անհրաժեշտության, արգելվել է տնից դուրս գալ։ Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար սահմանվել է տուգանք  600 000 եվրոյից մինչև ազատազրկում։

«Deutsche Welle»-ին Մադրիդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Վարել Մորենոն պատմել է, որ «պատճառը, թե ինչու իրենք հապաղեցին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործողություններում, թաքնված է իրենց առողջապահական համակարգի կառուցվածքի մեջ»։

Նա բացատրել է, որ Իսպանիայի կազմում գտնվող 17 ինքնավար շրջանները մինչ օրս իրենք են կառավարում շրջանի առողջապահական համակարգը, այդ թվում նաև սարքավորումների և դեղորայքի ձեռքբերումը։ Եվ միայն մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, երկրի ղեկավարությունն իր ձեռքն է վերցրել շրջանների առողջապահական համակարգերի ղեկավարումը։

«Սակայն պարզվեց, որ արտակարգ դրության պահանջների իրականացումը, ողջ աշխատանքի վերակազմակերպումը, հեշտ չէր։ Հաճախ առաջանում էր քաոս, մատակարարումների անհասկանալի ուշացումներ»,- նշում է Վարել Մորենոն։ Օրինակ` Չինաստանից ձեռք է բերվել շուրջ 650 000 COVID-19-ի անորակ թեստեր, որոնք արտադրվել են մի ընկերության կողմից, որը Չինաստանում չունի լիցենզիա։ Դիմակները և պաշտպանիչ մյուս միջոցները նույնպես ձեռք են բերվել չինացիներից և միայն երկու օր առաջ է սկսվել դրանց ներկրումը։

Խնդիրների շարքում պրոֆեսորն ավելացնում է նաև բժշկության ոչ բավարար ֆինանսավորումը։ Եթե Եվրամիության երկրներում, ըստ «Eurostat»-ի տվյալների, միջինում առողջապահական պետական համակարգին հատկացվում է ՀՆԱ-ի 7 %-ը, ապա Իսպանիայում՝ միայն 6 %-ը։ Իսպանիան ԵՄ անդամ մյուս պետություններից հետ է նաև բուժանձնակազմի քանակով, հատկապես բուժքույրերի։ Ըստ «Euro Health Consumer Index»-ի տվյալների՝ Իսպանիան Եվրոպայում առողջապահական համակարգի որակով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։ 

Այն հարցին, թե ինչու Իսպանիան չկարողացավ ինքնուրույն ապահովել, օրինակ, պաշտպանիչ միջոցների ապահովումը, Մադրիդի տնտեսական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Մանուել Գարսիա Սիերան պատասխանել է. «Երկրում առկա է միայն մեկ փոքր ձեռնարկություն, որն զբաղվում է վիրահատական դիմակների արտադրությամբ»։ Ինչ վերբերում է կարի արտադրությանը, որը կարող էր օգնել արտադրության իրականացմանը, ապա «այն վաղուց դուրս է բերվել երրորդ աշխարհի երկրներ, որտեղ առկա է էժան աշխատուժ»։ Տնտեսագետը հիշեցրել է, որ վերջին տասնամյակներում Իսպանիայում հիմնականում զարգացել է զբոսաշրջությունը, որն ամենաշահութաբերն է եղել երկրի տնտեսության համար։ Դա է պատճառը, որ երկրում «չափազանց քիչ են արտադրական միավորները, որոնք, օրինակ, կարող են արտադրել թոքերի արհեստական շնչառության ապարատներ»։

Իսպանիայում առկա է ևս մեկ շատ լուրջ խնդիր. կառավարության և խորհրդարանի միջև առկա տարաձայնությունները։ Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների ընդունման ձգձգումը երբեմն բացատրվում է նաև ձախ կոալիցիոն կառավարության ներսում առկա տարաձայնություններով։ Ինչպես գրում է « ABC» պարբերականը, Իսպանիայի իշխանությունների կողմից համապատասխան որոշումները պետք է ընդունվեին դեռ մեկուկես ամիս առաջ: Տարաձայնություններ կան նաև կառավարության և խորհրդարանական ընդդիմության միջև՝ ի դեմ աջ կենտրոնամետ կուսակցությունների։ Օրինակ` ընդդիմությունը, ըստ Վարել Մորենոյի, անհանգստացած է, որ կառավարությունը չի ձեռնարկում տնտեսության փրկության միջոցներ, որը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է ծանր իրավիճակում։ Չէ որ կարանտինի ժամանակ բոլոր ձեռնարկություններն ստիպված կլինեն դադարեցնել իրենց աշխատանքները։ Կառավարությունն ընկերություններին արգելել է կրճատել հաստիքները և չի նվազեցրել հարկերը։ Իսկ դա, քաղաքագետի կարծիքով, «կարող է սնանկացնել տնտեսության որոշակի ճյուղեր և դառնալ զանգվածային գործազրկության պատճառ»։

Իր հերթին տնտեսագետ Գարսիա Սիերան հավելել է, որ պանդեմիան խորացրել է Իսպանիայում առկա տնտեսական, առանց այն էլ բարդ իրավիճակը։ Երկիրը դեռ չէր սթափվել 2008 թվականին տեղի ունեցած տնտեսական ճգնաժամից։ Կրճատվել են կապիտալ ներդրումները և արտադրությունը, հարկային մուտքերը, արձանագրվել է բյուջեի դեֆիցիտի աճ, պետական պարտքն աճել է ՀՆԱ-ի շուրջ 97,9 %-ով։ Իսկ կարանտինի ժամանակ երկիրն սկսել է օրական կորցնել ՀՆԱ-ի շուրջ 1,6 %-ը։

Վերջին տվյալներով Իսպանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 117 710-ի, ապաքինվածների թիվը՝ 30 513-ի, մահացածների թիվը՝ 10 935-ի։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter