HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Աշխատակիցների դիմակները երբեմն ձևական բնույթ են կրում, իսկ դրանց վերահսկման ստանդարտ դեռևս չկա․ ԱԱՏՄ ստուգումների արդյունքները

Այսօր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը խոսել է արտակարգ դրության պայմաններում հայտնաբերած խախտումների, սահմանային վերահսկողության, վարակակիր աշխատակիցների մասին, ինչպես նաև՝ պատասխանել բժշկական դիմակների և հակաբակտերիալ միջոցների մասին «Հետք»-ի հարցերին։

Մարտի 24-ից մինչև ապրիլի 3-ն ԱԱՏՄ-ի կողմից իրականացվել է 257 մշտադիտարկում այն կազմակերպություններում, որտեղ արտակարգ դրության օրերին թույլատրված է եղել գործունեությունը (օրինակ, մթերային խանութներ, դեղատներ)։ Այդ դիտարկումների արդյունքներում խախտում է հայտնաբերվել 38 կազմակերպության մոտ, և նրանց գործունեությունը 6 ժամով դադարեցվել է․ «ամենախիստ պատիժը» դա է, նույնիսկ եթե խախտումները կրկնվեն։

«Մեզ մոտ մոտեցումն այն չէ, որ անպայման տուգանվի կազմակերպությունը,- ասում է Հ․ Ավագյանը,- մեզ համար խիստ կարևոր է, որ պահպանվեն ուղեցույցով նշված կանոնները։ Մասնավորապես, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց աշխատողներն անմիջական շփմում ունեն հաճախորդի հետ, պետք է ապահովված լինեն դիմակնեով։ Ինչպես նաև՝ կարևոր է, որ աշխատակիցների համար օրական 2 անգամ ջերմաչափում իրականացվի՝ ըստ հերթափոխի։ Պետք է պահպանվեն սանիտարահիգիենիկ կանոնները, այսինքն՝ տնտեսվարողներն անպայման պետք է ունենան լվացվելու համար ծորակներ՝ մշտական ջրով, հանդերձարաններ»,- ասաց Հ․ Ավագյանը՝ նշելով, որ հենց դրանց բացակայությունն է եղել արձանագրված հիմնական խախտումը։

Հ․ Ավագյանին խնդրեցինք պարզաբանել՝ արտակարգ դրության օրերին վերահսկվու՞մ է արդյոք բժշկական դիմակների շուկան, ովքեր և ինչ նյութերից են արտադրում դրանք։ Վերջինս նշեց, որ թեև այդ հարցն իրենց գործառույթներից դուրս է, սական այն դեռևս չի վերահսկվում, քանի որ այս պահին չկա հստակ ստանդարտ, որին պետք է համապատասխանեն դիմակները։

«Մի քանի օր առաջ պարետատան հերթական նիստին տեսչական մարմինների համակարգման գրասենյակի կողմից առաջարկվեց, որ դա կանոնակարգվի։ Որքանով ես գիտեմ՝ նույն դիմակների ստանդարտացումը չկա նույնիսկ ԵԱՏՄ տարածքում, և հիմա մեր պատկան մարմինները, մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունը, որքանով տեղյակ եմ, շատ արագ ստանդարտ են մշակում, որից հետո արդեն կհաստատվի մեր ազգային ընթացակարգով տեխնիկական կանոնակարգը, այսինքն՝ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի այդ շնչադիմակը և, ըստ դրա, կարծում եմ, մեր գործընկեր Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն արդեն կզբաղվի դրա վերահսկողությամբ։ Գիտեմ, որ շատ արագ ստանդարտի հաստատման փուլում ենք և դրանից հետո արդեն կանցնենք վերահսկողականին»,- ասաց Հ․ Ավագյանը՝ հավելելով, որ հաճախ իրենց դիտարկումների ժամանակ սուպերմարկետներում նկատում են, որ աշխատակիցներին տված դիմակները երբեմն ձևական բնույթ են կրում․

«Ակնհայտ է, որ այդ դիմակը  աշխատակիցը չի կարող մեկ ժամից ավելի կրել․ ինքը պատրաստված է այնպիսի նյութով, որով շնչել հնարավոր չէ, ու դիմակ անունը հենց այնպես չի դրված՝ «շնչադիմակ», չնայած, դարձյալ, չունենք այդ ստանդարտը, բայց առնվազն, պետք է շնչելու հնարավորություն ունենա աշխատակիցը, մանավանդ, երբ ունենք 8 ժամից ավելի հերթափոխով աշխատող աշխատակիցներ»։

Քանի որ, ալկոգելը ևս օգտագործվում է խանութներում և համարվում է հակաբակտերիալ միջոց, սակայն ստուգվում է օծանելիքակոսմետիկական միջոցների համար նախատեսված ստուգաթերթով, ԱԱՏՄ պետին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյոք վտանգ չի տեսնում այդտեղ, հնարավո՞ր է դիմեն կառավարություն և արտակարգ իրավիճակում վերահսկողություն իրականացնեք նաև այդ ոլորտում։ Ինչին ի պատասխան ԱԱՏՄ պետն ասաց, որ այս պահին վերահսկման լիազորություն ունեցող Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ինչքանով ինքը տեղյակ է, «հավուր պատշաճի» իրականացնում է վերահսկողությունը, և էական տարբերություն չկա։

Բացի իրականացված մշտադիտարկումներից, ԱԱՏՄ ղեկավարն ասաց, որ 100-ից ավելի իրազեկման աշխատանքներ են իրականացրել։ Վերջին իրազեկման ընթացքում ուղեցույցներ են բաժանել թե՛ գործատուին, թե´ աշխատակիցներին։ Դրանք փակցվել են նաև խանութներում։ Բացի այդ, ԱԱՏՄ թեժ գծին (8107) և էլեկտրոնային հասցեին ստացած ահազանգերը ներառվում են հաջորդ օրվա վերահսկողական ցուցակում։

Հակոբ Ավագյանը նշեց, որ այս ընթացքում խախտումներ են հայտնաբերվել նաև ուղևորափոխադրոողների մոտ։

«Մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների դադարեցումը, մշտադիտարկումներ են իրականացվել նաև տվյալ տրանսպորտային կազմակերպություններում, մինչև երթերն իրականացնելը՝ պարզելու՝ իրականացվել են արդյոք ախտահանիչ միջոցառումներ, թե ոչ։ Նման կազմակերպությունները 64 են, որոնցից 2-ում արձանագրվել էր խախտում և տրված նախազգուշական նամակից հետո՝ հաջորդ իսկ երթից, արդեն իսկ կարգի է բերվել»։

ԱԱՏՄ պետը խոսեց նաև այս ընթացքում իրենց տեսչական մարմնի աշխատակիցների մեջ եղած վարակակիրների և մեկուսացվածների մասին։ Ընդհանուր առմամբ՝ Երևանի տարածքային կենտրոնից վարակ է հաստատվել 2 հոգու մոտ, տանը ինքնամեկուսացվել է 14 անձ, որոնք կոնտակտային անձ չեն, 17 հոգի մեկուսացվել է հիվանդանոցում, ևս 2 հոգի կոնտակտավոր անձ են համարվել, թեստավորվել են, բայց արդյուքները բացասական են եղել․

«Մեր հերթապահներից, ցավոք սրտի, ևս վարակվեցին։ Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել։ Ամսի 1-ից հետո Երևանի տարածքային կենտրոնից, որ գնացել էին «Զվարթնոցի» հերթապահներին օգնելու, այնտեղ այդ կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս։ Նրա վիճակը լավ է, արդեն երեկվա դրութամբ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց»,- ասաց Հ․ Ավագյանը՝ նշելով, որ երկրորդ վարակակիրը նրա հետ աշխատած մասնագետն է։

Ինչ վերաբերում է սահմանային հսկիչ կետերի աշխատակիցներին, ապա այն անձինք, ովքեր հերթապահել են, թեստավորվել են (6 հոգի), և նրանց մոտ թեստը բացասկան է եղել։ Հակոբ Ավագյանն ընդգծեց, որ ԱԱՏՄ սահմանային 7 կետերն անցել են ուժեղացված ռեժիմի դեռևս հունվարի 24-ից և այդ ժամանակվանից սկսած «ոչ ապահով» համարվող երկրներից ժամանածների համար լրացվում էին հասցեական քարտեր, իրականացվում էր հեռահար ջերմաչափում, արտաքին զննում, եթե ունենում էին ախտանիշներ, ապա սահմանային հսկիչ կետերից անմիջապես հոսպիտալացվում էին։

Ընդհանուր առմամբ՝ 7 սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 172 ուղևոր, որոնց մեջ, ինչպես հետագայում պարզվել է, եղել են վարակակիրներ։ Հասցեական քարտեր է լրացրել 24172 հոգի։

Քանի որ մարտի 22-ից պարետի 10 որոմամբ ինքնամեկուացումը դարձել է պարտադիր 42 երկրից ժամանած մարդկանց համար, սկսել են լրացնել նաև ինքնամեկուսացման ծանուցագրեր։ Մարտի 19-ից սկսած 11 895 հոգու տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր, որոնց ինֆորմացիան ուղարկվում է Առողջապահության նախարարություն, ոստիկանություն ու պարետատանը կից գործող խմբին, որոնք հետևում են ինքնամեկուսացման պայմանի կատարմանը Հ․ Ավագյանը նշեց, որ վերջին օրերին ուղևորահոսքը նվազել է․ առաջատար է դարձել Բագրատաշենի հսկիչ կետը, «Զվարթնոց» օդանավակայանում երեկ 0 ուղևորահոսք է եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter