
Դատավոր Դավիթ Բալայանը կալանքից ազատ է արձակել նախկին ցմահ դատապարտյալին, ում գործը նոր քննության է ուղարկվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր կալանքից ազատել է նախկինում ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ ներկայում՝ ամբաստանյալ Խոսրով Ավագյանին՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ավագյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը։ Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճռով՝ շահադիտական դրդումներով երկու անձի սպանության համար։
2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «Խոսրով Ավագյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռով» ճանաչել է Խոսրով Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2019 թվականի մարտի 19-ին Խոսրով Ավագյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և խնդրել բեկանել իր վերաբերյալ 2008 թվականին կայացված դատավճիռը, Վերաքննիչ քրեական, Վճռաբեկ դատարանների որոշումները և գործն ուղարկել նոր քննության։
2019 թվականի նոյեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բավարել Ավագյանի վճռաբեկ բողոքը, արդյունքում Խոսրով Ավագյանի վերաբերյալ դատավճիռը և մյուս դատական ակտերը բեկանվել են, և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
Գործն այժմ քննվում է դատավոր Դավիթ Բալայանի վարույթում։ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Լյուդվիգ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն առողջական ծանր վիճակում է գտնվում, կալանավայրում խնամող չունի, չի տեսնում, ինքնուրույն քայլել և շարժվել չի կարողանում, և այս հանգամանքները մատնանշելով՝ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ավագյանին կալանքից ազատելու վերաբերյալ։
Ավետիսյանի խոսքով՝ դատավոր Դավիթ Բալայանի որոշման մեջ մի շարք միջազգային նորմերի իրավական վերլուծությունից բացի, առանցքային նշանակություն է տվել նաև Խոսրով Ավագյանի առողջության վերաբերյալ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կայացված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը։
Պաշտպանի խոսքով՝ համաձայն այդ եզրակացության՝ Խոսրով Ավագյանի հիվանդությունների ախտորոշումը համապատասխանում է Կառավարության 26.05.2006 թ-ի թիվ 825-Ն որոշման պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 36 և 55-րդ կետերին, մասնավորապես, ըստ ախտորոշման՝ Ավագյանի մոտ առկա է «տեսողության սրության արտահայտված իջեցում՝ կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա, երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 0․05-ը և չի կարող կորեկցիայի ենթարկվել, ինչպես նաև առողջության խախտումներ՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով, որոնք պայմանավորված են հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով։
Վերջիններիս դեպքում առկա են կյանքի բնականոն կենսակերպի սահմանափակումներ, և անհրաժեշտ են սոցիալական պաշտպանություն (աջակցություն) միջոցներ՝ այն պայմանով, որ տվյալ անձը սահմանված կարգով ճանաչված է առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ և մշտապես կարիք ունի օգնության և այլ անձանց կողմից վերահսկման»։
Ավետիսյանը նշեց, որ դատարանը որոշում է կայացրել դատաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով, ուստի դատաքննությունը տևական ժամանակ կպահանջի։ Ավետիսյանը նշեց, որ իր պաշտպանյալին ազատ արձակելու դատարանի որոշումը բխում է մարդասիրության սկզբունքից:
Մեկնաբանել