HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Դավիթ Բալայանը կալանքից ազատ է արձակել նախկին ցմահ դատապարտյալին, ում գործը նոր քննության է ուղարկվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր կալանքից ազատել է նախկինում ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ ներկայում՝ ամբաստանյալ Խոսրով Ավագյանին՝  նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ավագյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը։ Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալը ցմահ ազատազրկման է դատապարտվել  2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճռով՝ շահադիտական դրդումներով երկու անձի սպանության համար։

2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «Խոսրով Ավագյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռով»  ճանաչել է Խոսրով Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝  2019 թվականի մարտի 19-ին Խոսրով Ավագյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և խնդրել  բեկանել իր վերաբերյալ 2008 թվականին կայացված դատավճիռը, Վերաքննիչ քրեական, Վճռաբեկ դատարանների որոշումները և գործն ուղարկել նոր քննության։

2019 թվականի նոյեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բավարել Ավագյանի վճռաբեկ բողոքը, արդյունքում Խոսրով Ավագյանի վերաբերյալ դատավճիռը և մյուս դատական ակտերը բեկանվել են, և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Գործն այժմ քննվում է դատավոր Դավիթ Բալայանի վարույթում։ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Լյուդվիգ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն առողջական ծանր վիճակում է գտնվում, կալանավայրում խնամող չունի, չի տեսնում, ինքնուրույն քայլել և շարժվել չի կարողանում, և այս հանգամանքները մատնանշելով՝ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ավագյանին կալանքից ազատելու վերաբերյալ։

Ավետիսյանի խոսքով՝ դատավոր Դավիթ Բալայանի որոշման մեջ մի շարք միջազգային նորմերի իրավական վերլուծությունից բացի, առանցքային նշանակություն է տվել նաև Խոսրով Ավագյանի առողջության վերաբերյալ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կայացված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը։

Պաշտպանի խոսքով՝  համաձայն այդ եզրակացության՝ Խոսրով Ավագյանի հիվանդությունների ախտորոշումը համապատասխանում է  Կառավարության 26.05.2006 թ-ի թիվ 825-Ն որոշման պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 36 և 55-րդ կետերին, մասնավորապես, ըստ ախտորոշման՝ Ավագյանի մոտ առկա է «տեսողության սրության արտահայտված իջեցում՝ կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա, երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 0․05-ը և չի կարող կորեկցիայի ենթարկվել, ինչպես նաև առողջության խախտումներ՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով, որոնք պայմանավորված են հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով։

 Վերջիններիս դեպքում առկա են կյանքի բնականոն կենսակերպի սահմանափակումներ, և անհրաժեշտ են սոցիալական պաշտպանություն (աջակցություն) միջոցներ՝ այն պայմանով, որ տվյալ անձը սահմանված կարգով ճանաչված է առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ և մշտապես կարիք ունի օգնության և այլ անձանց կողմից վերահսկման»։

Ավետիսյանը նշեց, որ դատարանը որոշում է կայացրել դատաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով, ուստի դատաքննությունը տևական ժամանակ կպահանջի։ Ավետիսյանը նշեց, որ իր պաշտպանյալին ազատ արձակելու դատարանի որոշումը բխում է մարդասիրության սկզբունքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter