HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական ասոցիացիայի հայտարարությունը՝ COVID-19-ի համավարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ

Հայկական բժշկական ասոցիացիան երեկ հայտարարություն է տարածել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Հարգելի գործընկերներ,

COVID-19 հիվանդության հարաճուն տարածումը հանրային առողջապահական խնդիր լինելուց վերաճել է սոցիալ-տնտեսական մարտահրավերի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Մերօրյա պանդեմիան համայն մարդկության համար ստեղծել է մի նոր իրավիճակ, որի լուծումը տարբեր գաղափարների, ցանկությունների և ջանքերի միաձուլումն է:

Մենք խոնարհվում ենք շուրջօրյա լարված աշխատանքներում ներգրավված մեր բուժաշխատողների և առողջապահության ոլորտի մյուս մասնագետների առջև, հպարտանում ենք գիտագործնական արշավ նախաձեռնած մեր առողջապահական ոլորտի կրթասյուներ Երևանի Պետական Բժշկական Համալսարանով ու Առողջապահության Ազգային Ինստիտուտով։ Մեր հիացմունքն ենք հղում բոլոր կամավորներին, անշահախնդիր բարեգործներին և օգնության ձեռք մեկնողներին:

Մենք ողջունում ենք մեր կառավարության, հատկապես՝ առողջապահության նախարարության արդար ջանքերը՝ ուղղված համաճարակի զսպմանը: Մի կողմ թողնելով հնարավոր բացթողումները, մենք համոզված ենք, որ սա այն պահն է, որ պետք է նեցուկ լինել մեր պետական այրերին և կառույցներին: Ձեռք մեկնել, այլ ոչ թե հարվածել, օգնել՝ ոչ թե վնասել:

Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար կոչ ենք անում մի կողմ թողնել քաղաքական կամ անձնական շահերն ու մոտեցումները, միավորել մեր միտքն ու գործը և սատար կանգնել իշխանություններին: Խուճապը փոխարինել կարգապահությամբ, անտարբերությունից արթնանալ որպես գործուն աջակիցներ և առաջնորդվել միայն հանրային շահով:

Բոլորիցս և մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր տարեցների առողջությունն ու մեր երեխաների բարօրությունը: Մեզնից յուրաքանչյուրից և բոլորիցս է կախված, թե ինչպիսի հույզերով ենք տարիներ անց վերհիշելու այս օրերը:

Հայկական բժշկական ասոցիացիայի անդամ ավելի քան 1000 բժիշկներ, ինչպես մեր բոլոր գործընկերները, կոչմանը հավատարիմ, իրենց պարտքն են կատարում ամենօրյա աշխատանքով։ Միաժամանակ մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներգրավվել COVID-19-ի համաճարակի դեմ տարվող այն ծրագրերում, որտեղ հարմար կգտնի մեր պետությունը:

 

ՀԲԱ գործադիր վարչություն

Երևան, 03.04.2020թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter