HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գեղարքունիքի մարզի 4 բժշկական կենտրոններից միայն 2-ն ունեն ինֆեկցիոն բաժանմունք

Գեղարքունիքի մարզի չորս բժշկական կենտրոններից այսօր միայն երկուսն ունեն ինֆեկցիոն բաժանմունքներ՝ ընդհանուր 15 մահճակալով։  Մարզպետարանից հավաստիացնում են, որ բուժաշխատակազմերը պատրաստակամ են կորոնավիրուսի տարածման դեպքում բնակչությանը բժշկական օգնությամբ ապահովելու։

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք առ այսօր չի հաստատվել։ Մարզպետարանից «Հետքի»-ին տեղեկացրել են, որ մարզի համեմատաբար խոշոր չորս բժշկական կենտորններում առայժմ չկան նաև կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված անձինք։

Մարզի Գավառ («Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ), Սևան («Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ), Մարտունի («Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ) և Վարդենիս  («Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ) քաղաքների բժշկական կենտրոններում մահճակալների ընդհանուր թիվն, ըստ մարզպետարանի, այսօրվա դրությամբ 255 է։

Մարզպետարանից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հավաստիացրել են, որ նշված բժշկական կենտրոններն ապահովված են ռենտգեն սարքավորումներով, բժշկական դիմակներով, արտահագուստներով, ախտահանիչ միջոցներ և այլ անհրաժեշտ պարագաներով։

«Բուժաշխատակազմերը պատրաստակամ են կորոնավիրուսի տարածման դեպքում բնակչությանը բժշկական օգնությամբ և սպասարկմամբ ապահովելու համար»,- ասված է պատասխանում։

Նշված չորսից միայն Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններն ունեն ինֆեկցիոն բաժանմունքներ։ Գավառի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքն ունի միայն 5 մահճակալ, իսկ Մարտունու բժշկական կենտրոնը՝ 10:

Մարզում կա երեք հյուրանոց, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստակամ են ընդունել կորոնավիրուսով մեկուսացված անձանց։

Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհները հսկվում են

Գեղարքունիքի մարզ հասնելու համար քաղաքացիները մի քանի անցակետերով ստուգվում են։ Պարետի ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Մարզ մուտք գործող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև՝ սահմանված բնակավայրերում գործում են հսկիչ անցակետեր:

Ոստիկանության, մարզպետարանի, շտապօգնության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգում են մարզ մուտք գործել ցանկացողների փաստաթղթերը, այցելության նպատակը, որոշ անցակետերում էլ՝ ջերմաչափում են։ Ստորև ներկայացված լուսանկարն արված է մեկ օր առաջ։

Գավառի փողոցներում ձյուն է, մարդկանց հոսքը՝ քիչ

Գեղարքունիքի մարզում այսօր գիշերվանից պարբերաբար դադարներով ձյուն է տեղում։ Պարզ չէ՝ ձյունն է պատճառը, թե կորոնավիրուսի նկատմամբ զգուշավորությունը, բայց մարզկենտրոն Գավառի փողոցներում քիչ մարդկանց ու ավտոմեքենաների կարելի է հանդիպել։ 

Արտակարգ դրության օրերին Գավառում գործում են հիմնականում մթերային խանութները, իսկ տնտեսական ապրանքների ու հագուստի կետերը փակ են։ 

Ինչպես ամենուր, այստեղ ևս չեն գործում դպրոցներն ու արվեստի կենտրոնները։

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցը

«Հարկադիր դադար» է վերցրել նաև Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter