HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կորոնավիրուսը ստիպել է Ոսկեհասկի խոպանչիներին տանը նստել . ընտանիքները զրկվել են ամենամսյա եկամտից

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղից ամեն տարի, ՌԴ տարբեր բնակավայրեր, սեզոնային աշխատանքի է մեկնում 400-500 տղամարդ: Բնակչության արական սեռի մոտ 90 տոկոսը գարնանը հեռանում է ծննդավայրից եւ վերադառնում ամանորյա տոներից առաջ: Հարեւան Հայկավան գյուղում կատակում են, թե «ոսկեհասկցին չամադանը ձեռքը կծնվի»: 2030 բնակիչ ունեցող համայնքի ապրուստի հիմնական աղբյուրը արտերկրի աշխատանքն է: Ոսկեհասկում գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ զբաղվում են, սակայն ընտանիք կերակրող հիմնական միջոցը համարում են «խոպանի փողը»:

Կորոնավիրուսի հետ կապված երկրում հայտարարած արտակարգ դրությամբ նախատեսված սահմանափակումները դատարկել են Ոսկեհասկի գյուղամեջը: Գյուղին պատկանող հողատարածքներում աշխատող գյուղացիների եւս չենք հանդիպում:

Համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանի հետ զրուցում ենք հեռախոսով, արտագնա աշխատանքի չմեկնած մի քանի ոսկեհասկցիների հետ հանդիպում ենք դրսում: Զրույցն ընթանում է սոցիալական պատշաճ հեռավորության բոլոր կանոնների պահպանմամբ եւ առանց ծանոթության պարտադիր մաս կազմող ձեռքսեղմումների:

Ռուբեն Ավագյանը համայնքապետից խնդրել էր տրամադրել ձեւաթուղթ՝ արտակարգ դրության պայմաններում Գյումրի հասնելու համար: 58-ամյա տղամարդը, որ 30 տարուց ավելի արտագնա աշխատանքով է զբաղվում, մարտի 18-ին պետք է լիներ Մոսկվայում, սակայն առայժմ բավարարվում է սեփական տան բակով ու տնեցիների հետ շփվելով: «Ինքնաթիռի տոմսը՝ 38 հազար դրամ արժեքով, գնել էի նախօրոք, բայց մարտի 16-ին հայտարարած արտակարգ դրությունն ու հաջորդ օրը ՌԴ մուտք գործողների համար խստացրած պայմանները չթողեցին, որ գնամ, առածս տոմսի փողն էլ կորավ,-բացատրում է Ռուբենը,- հիմա անորոշության մեջ կսպասենք, հլը տեսնենք ինչ է լինելու»:

Ավագյանները 4 հա հող ունեն, գարի են ցանել, ամեն տարվա նման, սակայն դրա արդյունքը տեսնելու են աշնանը, իսկ մինչեւ այդ ապրել է պետք: «Հեչ լավ չեղավ, օր տղես չկրցավ էրթար, գոնե հասցներ թռներ, էդ կարանտինն ընդեղ էլ մնար, բայց գիտեինք օր հետո կաշխատեր, բայց ըսպես էդ գործն էլ կորցրեց: Մեր ամեն ամսվա եկամուտը էդ խոպանից ղրկած փողն է»,- մտահոգվում է Ռուբենի 85-ամյա հայրը՝ Ռաֆիկ Ավագյանը:

Ոսկեհասկի համայնքապետ Արտաշես Սահակյանից տեղեկացել էինք, որ փետրվարի վերջին-մարտի սկզբին, երբ դեռ կորոնավիրուսի տարածման տեղաշարժի արգելքները չէին գործում, 30 հոգի կարողացել են մեկնել ՌԴ: Մկրտիչ Գասպարյանին մարտի 17-ին հետ են վերադարձրել Զվարթնոց օդակայանից, ասում է պիտի Ամուրի երկրամաս՝ Բլագովեշենսկ թռներ: «Պիտի թռնեի Մոսկվա սկզբում, հետո նոր էնտեղից գնայի: Տոմսս 25 հազար ռուբլով Ռուսաստանից էին առել, հըմի էդ տոմսը գնաց, կորավ, փողը կորավ, ես էլ մնացել եմ պարապ, ի՞նչ բդի էղնի մարդ չի հասկնա: 55 տարեկան եմ, 16 տարեկանից խոպան կերթամ, տունս, էրեխեքիս էդ փողով կպահեմ, էս սահմաններն օր չբացվավ, ի՞նչ ձեւով բդի ապրինք: 2 հա հող ունենք, հըմի ձեռս էլ փող չկա, որ գոնե գարի ցանեմ, պապիռոսը դաժե վերասյա կվերցնեմ»,-ասում է զրուցակիցս:

Մինասյան Վարդանը տոմս չգնած, սակայն մարտ ամսին երկրից հեռանալու ծրագրեր ունեցող խոպանչիներից է: «Դե չհասցրեցի տոմս առնել,- ժպտալով նկատում է 55-ամյա Վարդանը,- պիտի էս ամիս գնայի՝ չստացվավ: Տալյատի, Սամարա շատ վախտ կերթամ աշխատանքի: Սաղն էլ գիտեն, օր մենակ գյուղի գործ էնելով մարդիկ յոլա չեն էրթա: Հըմի մեր եկամուտը դրսից է, էս գյուղի ընտանիքները մեծ մասն էդ խոպանի փողերով կապրի: Մենք տունը 4 անձ ենք, 1 հա հող ունենք ու դեռ չենք էլ ցանել, հլը պարզ էլ չէ, թե ինչ բդի էնենք»:

Համայնքապետարանի առաջատար մասնագետ Սմբատ Հովհաննիսյանի փոխանցմամբ, ոսկեհասկցիները հիմնականում գարի, ցորեն, առվույտ են ցանում: Գյուղի 1200 հա վարելահողի միայն 30 տոկոսն է պիտանի կարտոֆիլի մշակության համար: Որպես արոտ է օգտագործվում 150 հա-ը, 400 հա վարելահողն էլ սահմանային գոտում է: «Ոսկեհասկը Ազատանի նման բարվոք վիճակում չէ հողերի առումով: Տեսեք, էնտեղի խոպանչիներն էլ են շատ, բայց միաժամանակ հող մշակողներն էլ, մենք էդ առումով զիջում ենք,- նկատում է Սմբատը,- տեսեք, հիմի ենթադրենք էս ճանապարհների փակվելու հետ կապված մարդիկ մնացին տունը, բայց հողը մշակելու համար գումար է պետք, որ չունեն: Եթե որոշեն գոնե ամենաէժան կուլտուրան ցանեն, ասենք գարի, 1 հա-ի հաշվարկով գոնե 200 հազար դրամ պետք է, դե կարտոֆիլն ավելի թանկ է նստելու գյուղացու վրա»:

Սմբատը պատմում է, որ կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը փոխել են երիտասարդ ոսկեհասկցիների ծրագրերը: Ամուսնության նպատակով հավաքած գումարը շատերն ուղղում են գյուղատնտեսությանը: «Մի օրինակ բերեմ, մեր երիտասարդներից մեկը որոշել էր էս տարի ամուսնանալ, բայց որ էսպես ստացվեց 2 մլն դրամը դրել է կարտոշկի մշակման մեջ,- Սմբատը ծիծաղում է,- ոչինչ եկամուտը կստանան աշնանը էդ ժամանակ էլ կամուսնանա: Հիմա կոչ են անում, որ պարապ հող չթողնենք, ես ու եղբայրս էլ անընդհատ քննարկում ենք, թե լավ, ի՞նչ անենք, ի՞նչ ցանենք, որ հետո էլ իրացման հարցում չտուժենք: Ապագան մի քիչ մշուշոտ է, թե´ հողը մշակողի, թե´ բերքը վաճառողի, թե´ քաղաքի, թե´ գյուղի համար»:

Ոսկեհասկցիներ ասում են, որ կորոնավիրուսի կանխարգելմամբ զբաղվող Կառավարությունը պետք է նաեւ գյուղի մասին մտածի, ի վերջո երկիրը կերակրողը գյուղացին է, եթե հիմա հողը չմշակեն, ու դա ոչ թե նրա համար, որ չեն ուզում, այլ հնարավորություն չունեն, վաղը բոլորն են սոված մնալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter