HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Ինչպես է իսպանական փոքր քաղաքը զերծ մնում կորոնավիրուսի վարակից

Սաարա դե լա Սիեռա քաղաքը, որը գտնվում է Իսպանիայի հարավում, համարվում է երկրի «սպիտակ քաղաքներից» մեկը, քանի որ շենքերի մեծ մասը սպիտակ են։ Վերջին օրերին այս քաղաքը գրավել է տեղական և միջազգային հանրության ուշադրությունը։

Երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել Իսպանիայում, Սաարան մարտի 14-ին մեկուսացավ արտաքին աշխարհից։ Քաղաքապետ Սանտիագո Գալվանը որոշեց փակել քաղաքի բոլոր մուտքերը, բացի մեկից․ քաղաքն ունի 5 մուտք։

Թեև Իսպանիայում վարակակիրների թիվն անցել է հարյուր հազարը, սակայն Սաարայի 1400 բնակիչներից և ոչ մեկի մոտ դեռևս վարակ չի հայտնաբերվել։ Քաղաքապետի խիստ քայլը հավանության արժանացավ քաղաքի բնակիչների՝ հատկապես տարեց բնակիչների շրջանում։ Սաարայի բնակչության գրեթե քառորդը 65 տարեկանից բարձր տարիքի է։ Մոտակա քաղաքներում և գյուղերում արդեն գրանցվել են վարակի և մահվան դեպքեր։

Գտնվելով Սևիլյայից ընդամենը 1 ժամ հեռավորության վրա՝ այն աշխարհի մի շարք զբոսաշրջիկների շրջանում հայտնի ուղղություն է։ Քաղաքապետի խոսքերով՝ առաջին մի քանի օրերին ստիպված էին մերժել ֆրանսիացի և գերմանացի զբոսաշրջիկների մուտքը քաղաք։

Քաղաքի բաց մուտքի անցակետը հսկում է միայն մեկ ոստիկան։ Պաշտպանիչ հանդերձանք հագած երկու տղամարդ էլ ջրով և ժավելով լվանում են քաղաք մտնող տրանսպորտային միջոցները։ Նմանատիպ սանիտարական միջոցառումներ արվում են նաև քաղաքի ներսում։ «Յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի, ժամը 17։30-ին, 10 հոգանոց մի խումբ դուրս է գալիս փողոցներ, որպեսզի վարակազերծի բոլոր հրապարակները, տները և փողոցները»,– ասում է Սանտիագո Գալվանը։

«CNN»-ի հաղորդմամբ՝ տեղական բիզնեսը երկու կանանց վճարում է մթերք և դեղեր առաքելու համար, ինչը նվազեցնում է մարդկանց ելքը փողոցներ՝ հատկապես նրանց, որոնք խոցելի են վիրուսի նկատմամբ։ Կանայք աշխատում են օրական 11 ժամ և գնալով պատվերների քանակն աճում է։

Քաղաքը նաև երկու ավտոմեքենա է պատրաստել, որոնք զարդարված են լույսերով և շրջում են քաղաքում՝ բարձր միացրած երաժշտությամբ, որպեսզի երեխաները դուրս գան իրենց պատշգամբ և զվարճանան։

Սաարայի տնտեսական միջոցներն առաջանում են ընտանեկան բիզնեսներից և ինքնազբաղ անձանց գործունեությունից։ Քաղաքային խորհուրդը որոշել է արտակարգ դրության ժամանակահատվածում իր պահուստային ֆոնդերից վճարել տեղական բիզնեսների էլեկտրաէներգիայի, ջրի վարձավճարները, ինչպես նաև հարկերը։ Քաղաքապետ Գալվանի համար դա ավելին է, քան զուտ ֆինանսական օգնությունը։ «Հարցը Սաարան որպես համայնք պահպանելն է»,- ասում է քաղաքապետը։

Վերջին տվյալներով՝ Իսպանիայում վարակակիրների թիվը 124 736 է, մահերի թիվը՝ 11 744։

 

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ից

Մեկնաբանություններ (1)

Կարինե
Անկեղծ ասած 1400 հոգանոց քաղաք չեմ կարողանում պատկերացնել, այն էլ նկարում պատկերված մի քանի հարկանի շենքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter