HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

35 հազար ռուս զբոսաշրջիկ չի կարողանում վերադառնալ հայրենիք

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը Ռուսաստանը կանգնեցրել է միջազգային բոլոր ավիափոխադրումները, ներառյալ այլ երկրներից սեփական քաղաքացիների վերադարձը հայրենիք, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում մնացել են այլ երկրներում։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։

Մոտ 35 000 ռուս զբոսաշրջիկ կարող է մնալ արտասահմանում առանց կեցության, միջոցների և վերադարձի հնարավորությունների։ Ամբողջական ընտանիքներ մի քանի օր է արդեն գտնվում են աշխարհի տարբեր երկրների օդանավակայաններում՝ փորձելով օգնություն ստանալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ 

Քաղաքացիների տարհանումը դադարեցվել է

Մարտի կեսերից, ընդհուպ մինչև ապրիլի սկիզբ, ռուսական իշխանությունները խոստացել էին ակտիվորեն տարհանել իրենց քաղաքացիներին, որոնք փակ սահմանների և չեղարկվող ավիաթռիչքների պատճառով մնացել էին արտասահմանում։ Ապրիլի 2-ին Մոսկվայում կայացել էր ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը։ Նա հայտնել է, որ արտասահմանում մնացած քաղաքացիների տարհանումը կազմակերպվում է «Ռոսավիացիա»-յի, տրանսպորտի նախարարության և ռուսական հյուպատոսությունների հետ սերտ համագործակցությամբ։

Ռուսաստանի այդ քաղաքացիների հետ կապի հասանելիությունն ապահովվում է Կապի նախարարության միջոցով, իսկ նրանք, որոնք առանց կեցության և միջոցների գտնվում են այլ երկրների տարածքներում, իշխանությունները խոստացել էին օգնություն։ Զախարովան հավելել էր, որ. «Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջնորդվում է այն որոշումներով, որոնք ընդունվում են միջգերատեսչական ֆորմատով՝ հաշվի առնելով փոփոխվող իրավիճակը»։

Մեկ օր անց, սակայն, իրավիճակը փոփոխվել է։ Ապրիլի 3-ին «TACC» գործակալության «Ռոսավիացիա»-յի աղբյուրը հայտնել է, որ տարհանման բոլոր թռիչքները չեղարկվում են։ Այդ մասին հայտնել էին նաև «Интерфакс»-ի և «РБК»-ի աղբյուրները։

Ապրիլի 3-ի երեկոյան Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտարարել է. «Մեր քաղաքացիների առողջության առավելագույն պաշտպանության և դրսից կորոնավիրուսի նոր դեպքերի բերման կանխման նպատակով՝ 2020 թվականի ապրիլի 4-ից, ժամը 00:00-ից ժամանակավորապես կդադարեցվեն Ռուսաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձի նպատակով կազմակերպվող միջազգային ավիաչվերթները։

Որպեսզի վերականգնվի քաղաքացիների տարհանման աշխատանքը, որոնք գտնվում են արտասահմանում և ցանկանում վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, քաղաքացիները պետք է լրացնեն պետական ծառայությունների միասնական պորտալում առկա հատուկ ձևաթուղթը։ Այն հասանելի կլինի ապրիլի 4-ից, ժամը 00:00-ից։ Այդ տվյալների հիման վրա կկազմակերպվի Ռուսաստանի Դաշնություն քաղաքացիների տեղափոխման ժամանակացույցը։ Քաղաքացիներին, որոնք կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, նույնպես կտրամադրվի անհրաժեշտ սոցիալական օգնություն՝ արտասահմանում գտնվելու ծախսերը հոգալու համար։ Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը տրամադրել է 500 միլիոն ռուբլի։

Այդ միջոցներից կվճարվի արտասահմանում ՌԴ քաղաքացիների ժամանակավոր կեցության ծախսերը։ Անհրաժեշտության դեպքում, կերկարացվի մեր քաղաքացիների փաստաթղթերի վավերականության ժամկետները: Քաղաքացիների տարհանման ժամանակացույցի վերաբերյալ օպերատիվ շտաբը տեղեկատվություն կտրամադրի երկուշաբթի օրը»։

Որտեղից են փորձում ՌԴ քաղաքացիները վերադառնալ հայրենիք

Համաձայն «Ռոստուրիզմ»-ի հայտարարության՝ վերջին երկու շաբաթների ընթացքում աշխարհի 43 երկրներից Ռուսաստան է վերադարձել շուրջ 160 000 մարդ, հիմնականում Հարավարևելյան Ասիայից, Կարիբյան ավազանի երկրներից և Թուրքիայից։

Սրանք հիմնականում այն զբոսաշրջիկներն են, որոնք հանգստացել են տուրօպերատորների կազմակերպած փաթեթներով։ Միևնույն ժամանակ, ապրիլի 1-ի դրությամբ, արտասահմանում մնացել է, ընդհանուր առմամբ, 35 000 ռուս զբոսաշրջիկ, որոնց վերադարձի ճակատագիրը, այս պահի դրությամբ, անհասկանալի է։

Ըստ ԱԳՆ իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի տվյալների՝ մոտ 20 000 քաղաքացիներ ցանկանում են վերադառնալ Թայլանդից, մոտ 5000-ը՝ Հնդկաստանից, ևս 5000-ը՝ Ինդոնեզիայից։ ՌԴ հարյուրավոր քաղաքացիներ գտնվում են Լատինական Ամերիկայի երկրներում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում։

Լուսանկարը՝ Rungroj Yongrit-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter