HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Ինչպես պահպանել ընտանիքի համերաշխությունը կորոնավիրուսի ժամանակ․ DW

Աշխարհում կորոնավիրուսի տարածման օրերին հարկադիր ինքնամեկուսացումը ընտանեկան կոնֆլիկտների պատճառ է դառնում։ Բեռլինի հոգեբանության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ֆրանկ Յակոբին խորհուրդ է տալիս, թե ինչպես վարվել այդ կոնֆլիկտների հետ։

Այն երկրներում, որտեղ տարածված է համավարակը, ստիպված են արմատական միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի դանդաղեցնեն կորոնավիրուսի տարածումը։ Այս իրավիճակը ծանր է անդրադառնում մարդկանց վրա։ Հոգեբանության պրոֆեսոր Ֆրանկ Յակոբին գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում ընդգծել է․ «Մարդիկ տարբեր են, այդ պատճառով էլ տարբեր ձև են արձագանքում հարկադրանքի հետ կապված սթրեսին և փորձություններին, շուրջօրյա համակեցությանը։ Դրա համար էլ այդ սթրեսի հաղթահարման ռազմավարությունները կարող են տարբեր լինել։ Բացի այդ, որոշ ժամանակ կանցնի, մինչև դրանց ազդեցությունը կգործի։ Սակայն կան որոշ համընդհանուր սկզբունքներ»։

Նախևառաջ պետք է գիտակցել, որ հարկադիր կարանտինային մեկուսացումը բանտ չէ և որ պահպանելով կարանտինը՝ դուք օգնում եք մյուսներին, առաջին հերթին՝ թույլերին, ծերերին, ոչ այնքան առողջ մարդկանց։ Իսկ եթե ավելի վերամբարձ՝ ապա դուք ծառայում եք հանրությանը, դա ձեր պարտքն է հանրության առջև։ Հավաքական պատասխանատվության զգացումը բոլորիս կօգնի ավելի հեշտ հաղթահարել մեկուսացման փաստը։

Երկրորդ կարևոր կետը օրվա պլանավորումն է։ Կարգուկանոնը, գործունեության հստակ կառուցվածքայնությունը վստահություն են հաղորդում, ուժեղացնում են սթրեսային իրավիճակներում, հստակեցնում են հեռանկարները։ Մի խոսքով, պետք չէ օրվա կեսն անցկացնել խալաթով կամ գիշերանոցով։ Հենց արթնանում եք, ձեզ կարգի բերեք և պահպանեք ընտանեկան սովորական առօրյան։ Օրը պլանավորելիս հարկավոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամին ժամանակ հատկացնել։ Դա կնվազեցնի կոնֆլիկտների հնարավորությունը։

Երբ մարդիկ ստիպված են լինում միմյանց հետ ապրել համակեցության երկար պայմաններում, ապա հոգեկանի վրա ծանրաբեռնվածությունը հանգեցնում է դյուրագրգռության, ագրեսիայի կամ հուսահատության և դեպրեսիվ վիճակի։ Կարանտինի արտառոց պայմանները կարող են ընտանիքում լուրջ վեճերի՝ նույնիսկ բռնությունների առիթ դառնալ։

Անհրաժեշտ է պահպանել վարքի էթիկան։ Բացի այդ, պետք է իրավիճակը հարթել հենց սկզբից։ Փորձեք ամեն օր ընտանեկան ճգնաժամային խորհրդի նման բան հրավիրել։ Թող ամեն մեկն ասի, թե ինչ կցանկանար փոխել․ փորձեք միասին լուծումներ գտնել։ Զսպեք ձեզ, հանդուրժող եղեք միմյանց նկատմամբ։ Ստեղծված իրավիճակը ծանր է բոլորի համար։ Սա արձակուրդ չէ, ինչպես որ երբեմն անվանում են, քանի որ ոչ ոք չի կարող ազատ անել այն, ինչ սովորաբար անում է արձակուրդին։

Հանդուրժող եղեք նաև ինքներդ ձեր նկատմամբ․ ամեն ինչ չէ որ կլինի այնպես, ինչպես ծրագրել էիք․ դա նորմալ է։ Մի եղեք չափից դուրս պահանջկոտ ձեր նկատմամբ։ Հարկադիր ինքնամեկուսացման պայմաններում, երբ մարդը չի շեղվում «արտաքին» գրգռիչների վրա, սրվում են ներքին խնդիրները՝ ընտանեկան և անձնական։ Փորձեք չկենտրոնանալ ներքին ապրումների, խնդիրների վրա, այլապես ձեզ կհամակի ներքին տագնապի և խուճապի զգացումը։

Ձանձրույթը ևս խնդիր է․ զբաղվեք նրանով, ինչով երկար ժամանակ ցանկանում էիք զբաղվել, բայց ժամանակ չէիք գտնում։ Շփվեք ընկերների և բարեկամների հետ․ ժամանակակից տեխնիկական միջոցները, հեռախոսը, համակարգիչը, սոցիալական ցանցերը տալիս են դրա հնարավորությունը։

Այս դժվարին իրավիճակում երեխային ամենաշատ ուշադրությունն է հարկավոր։ Պետք է մի քիչ թուլացնել դաստիարակչական պահերը։ Աշխատեք չնախատել և չպատժել երեխային, հակառակը՝ ավելի հաճախ գովեք, խթանեք նրա մոտիվացիան։ Նրա հետ շփվելիս պահպանեք լավատեսությունը, դրական տրամադրվածությունը։ Դա երեխային կներշնչի պաշտպանվածության, վստահության զգացում։

Ինքներդ էլ մի մոռացեք, որ ամեն ինչ անցողիկ է։ Կորոնավիրուսի համավարակը կվերջանա։ Աշխարհը հաստատ չի կործանվի COVID-19-ից և դրա հետ կապված խնդիրներից։ Վտանգը, տագնապը, վախը և ինքնամեկուսացումը կանցնեն պատմության գիրկը, իրավիճակը կկանոնավորվի։ Իսկ մինչ այդ, փորձեք անել այն ամենը, ինչը կհեշտացնի ավելի թեթև տանել այս ժամանակաշրջանը, որպեսզի ձեր ընտանիքում պահպանվի համերաշխությունը։

Լուսանկարը՝ heart.org կայքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter