HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես շրջանցել անխուսափելի տնտեսական ճգնաժամը և ինչպես նոր հնարավորություններ ստեղծել

Ներածություն

Հարգելի ընթերցող, այս օրերին կորոնավիրուսի համավարակի և դրա պատճառած անխուսափելի վնասների մասին շատ ենք խոսում: Հիմա կուզեմ մի քիչ խոսենք տնտեսական ակտիվության ու սպասվող ճգնաժամից դուրս գալու կամ դա կանխելու քայլերի մասին: Սա քննարկում սկսելու համար է և արտահայտված տեսակետները չեն հավակնում բացարձակ ճշմարտություն լինել, հետևաբար, եթե չհամաձայնեք ուղղակի հիմնավոր գրեք, թե ինչու և նաև, թե դուք ինչ եք մտածում:

Ի դեպ, կարծում եմ հասունացել է այն պահը, որ երկրում տնտեսությունից ու պետական կառավարումից գլուխ հանող մարդիկ (քիչ թե շատ տեսանելի մասնագետները) մի համաժողովի նման բան կազմակերպեն, որը կհամակարգի երկրի վարչապետը: Արդյունքում, ձևավորվի խումբ, որ կարճ ժամանակում տնտեսության վերափոխման գործողությունների ճանապարհային քարտեզ կմշակի և գործի կդնի:

Եվ այսպես, փորձեմ կարճ ներկայացնել, թե ինչպես եմ պատկերացնում անխուսափելի ճգնաժամի շրջանցումը և, ավելին, այս պայմաններում նոր հնարավորությունների ստեղծումը:

Պետության ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական գործունեության մեջ

Այս կորոնավիրուսային ճգնաժամը ինձ մի պարզ բան է հուշում. այն պետությունները, որոնք տնտեսության տարբեր ճյուղերում ունեն պետական ավելի մեծ ներգրավվածություն, ավելի քիչ վնասներ են հիմա կրում, քան նրանք, որ շուկան ամբողջովին ազատականացրել են: Մասնավորապես, սա այն հանրույթներին է վերաբերվում (հասարակություն բառը չեմ սիրում, սա սովետից մնացած եզրույթ է), որտեղ բժշկությունը դիտարկվում է, որպես իրավունք, այլ ոչ թե լոկ շուկայական ապրանք (ծառայություն): Քանի որ ճգնաժամը առողջապահական է, սակայն այն հանգեցնում է նաև տնտեսական ճգնաժամի, ապա գործողությունների առանցքում պարտադիր է դիտարկել բժշկությունը և առողջապահական համակարգը:

Ինչպես արդեն նշեցի, այն տնտեսությունները, որոնք ավելի շատ պետական ներգրավվածություն ունեն, ոչ թե ավելի քիչ ազատական են (չշփոթենք պլանային տնտեսության հետ), նրանք ավելի քիչ են տուժում, և ավելի արագ են վերականգնվելու և նույնիսկ նոր հնարավորություններ են ստեղծելու: Ինչու է սա այսպես:

Այն տարածված համոզմունքը, որ պետությունները վատ տնտեսավարողներ են, վատ կառավարիչներ են և հնարավորինս ամեն ինչ պետք է ազատականացնել և տալ մասնավոր հատվածին, կապիտալիզմի ստեղծած միֆերից է, որը օգնում է այդ աշխարհընկալմանն ավելի ընդլայնվել և, ավելի մեծ թվով մարդկանց ու պետական համակարգեր շահագործելով, նեղ խմբերի համար հարստություն կուտակել: Այս համակարգերի տրամաբանությունից դուրս են մասնավորապես՝ Գերմանիան, Հարավային Կորեան, Չինաստանը... 

Չինաստանի օրինակը լավը չէ, միգուցե Հարավային Կորեայինը նույնպես, քանի որ պետական կառավարման մեջ ավտորիտարիզմի տարրերը շատ են, ինչը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին: Ասեմ, որ ես ժողովրդավարության կողմնակից եմ, ավելին ուղիղ ժողովրդավարության ջատագով, հետևաբար պետական ներգրավվածություն ասելով՝ նկատի չունեմ ազատ շուկայի սահմանափակում և ժողովրդավարության ճնշում կամ սահմանափակում: Ուրեմն, այս երկներում, բացի նրանից, որ կան մասնավոր ձեռնարկություններ, կան նաև պետական մասնակցությամբ և/կամ ամբողջովին պետական ձեռնարկություններ: Պետական ձեռնարկությունները, ոչ թե շուկան կառավարում են, այլ իրենց ներգրավվածությամբ դա ավելի մրցակցային և ավելի ուժեղ են դարձնում:

Մասնավորապես, օրինակը բերեմ շինարարության ոլորտից, քանի որ հաջորդիվ առաջարկներս նաև այս մասով են լինելու: Ինչպես նշեցի, այս երկրներում կան, և՛ պետական, և՛ մասնավոր կազմակերպություններ, որոնք հավասարապես մասնակցում են շինարարական տենդերներին և մրցույթում հաղթողն է ստանում շինարարական աշխատանքներ անելու պայմանագիրը: Սրանով ինչ խնդիր է լուծվում, ինչը հատկապես արդիական է Հայաստանի համար: Հայաստանի շինարարական կազմակերպությունները փոքր են, մաշված ու հնացած տեխնիկայով: Քանի որ մեծ գործեր երկրում հազվադեպ են լինում, սարքավորումներում և տեխնիկայում մեծ կապիտալ ներդրումներ չեն անում, որովհետև պարզ հաշվարկի դեպքում տեսնում են, որ դա անելը տնտեսապես ձեռնտու չէ: Հետևաբար, սա է նաև պատճառը, որ, օրինակ, մեծ շինարարական ծրագրերում, ինչպիսին է Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը, հայկական ոչ մի ընկերություն իր կարողություններով նույնիսկ չի բավարարում տեխնիկական առաջադրանքի պահանջներին, որ մասնակցի մրցույթներին (լավագույն դեպքում արտասահմանյան ընկերությունների հետ ենթապայմանագիր են կնքում, գործի մի փոքր մասը անելու համար): Երբ պետական հատվածը մտնում է շուկա, նա կարողանում է մրցակցությունը այլ մակարդակի վրա բերել. կարող է մեծ կապիտալ ներդրումներ անել և շուկայում մրցակցությունն այլ՝ ավել բարձր որակական մակարդակի տանել (սա երկարաժամկետում, իսկ կարճաժակետում կլուծվի կարևոր ենթակառուցվածքներ ստեղծելու համար անհրաժեշտ կարողություններ ունենալու խնդիրը): Եվ, իհարկե, սա կարևոր է, ճգնաժամային վիճակներում մեծ արագությամբ ներդրումային ծրագրեր իրագործելու համար:

Վերադառնալով իրավիճակի առանցք համարվող առողջապահական համակարգին` ասեմ, որ այս նշված երկրներում առողջապահական համակարգերը ազգային են: Սա չի նշանակում, որ չկան մասնավոր հիվանդանոցներ, իհարկե կան և իհարկե նրանք հաջողությամբ և շահութաբեր գործում են: Սակայն, ելնելով այն գաղափարախոսությունից, որ բժշկությունը, ոչ թե լոկ շուկայական ապրանքի տրամաբանության ներքո պետք է դիտարկել, այլ առաջին հերթին մարդու իրավունքների, ապա բժշկական որակյալ ծառայությունների հավասար հասանելիությունը` վճարունակության կարողությունից անկախ, պետք է ապահովվի բոլոր քաղաքացիների համար։ Իսկ սա կարող է անել միայն պետությունը: Այսինքն պետությունը իր վրա է վերցնում այս ծառայության այն մասը, որ մարդու իրավունքներ ապահովող տարրեր է պարունակում, իսկ մնացյալ մասը թողնում է ազատ շուկային: Այս նույն տրամաբանությամբ են գործում նաև կրթության մեջ, ինչի արդյունավետ լինելը հատկապես ակնառու է սկանդինավյան երկրներում, որոնք կրթության հասանելիությամբ և որակով աշխարհում կայուն առաջատար տեղեր են զբաղեցնում:

Վերոգրյալի տրամաբանությունից ելնելով՝ կարևորում եմ պետության ներգրավվածությունը շուկայում և տնտեսության տարբեր ճյուղերում: Միայն խաղի կանոններ հաստատողի և դրանց կատարմանը հետևողի դերակատարումը, ինչը շատ ծայրահեղ լիբերալ պետություններ, և մենք նույնպես, որդեգրել ենք, համոզված եմ, որ օպտիմալ տարբերակը չէ. Հատկապես երբ մեր երկրի աշխարհագրական դիրքը և ռեսուրսների շատ սահմանափակ ու սուղ լինելն ենք հաշվի առնում, ապա կարող ենք գալ այն հանգրվանին, որ սա պետության զարգացմանը տանող արդյունավետ ճանապարհը չէ:

Ի դեպ, համարում եմ, որ մեր պետության սոցիալ-տնտեսական շարունակական ձախողումները պատճառ են նաև նրա, որ շարունակաբար պետությունը զիջել է տնտեսավարողի իր դիրքերը` հիմնականում դրսի մասնավոր և պետական կազմակերպությունների: Օրինակները շատ են, հատկապես տնտեսական ենթակառուցվածքների մասով` երկաթգիծ, ջրային տնտեսություն, էլեկտրացանց, գազամատակարարման համակարգ և այլն: Սրանք ոչ միայն մեզ տնտեսական անկախությունից են զրկում, այլ նաև որոշակի էական նշանակություն ունեցող գործառույթների մասով երկրում վերացնում են մասնագիտացումը: Այդ կարևոր մասնագիտացումների թվին են դասվում, օրինակ երկաթգծի մասով` ինժեներներ, շինարարներ, մեխանիկներ, նույնը օդային փոխադրումներին է վերաբերում։ Այս բոլոր ուղղություններով, ներկայում մենք մասնագետներից զուրկ ենք:

Առաջնային քայլեր, որ կօգնեն շրջանցել անխուսափելի տնտեսական ճգնաժամը

Կարծում եմ, այս ստեղծված վիճակի լուծումը ոչ թե պետության կողմից պասիվ դիրքում միայն օժանդակություն ցույց տալը պետք է լինի, այլ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում անմիջական ներգրավվածության ընդլայնումը:

Հատկապես այս ճգնաժամային իրավիճակներում ինչու կարող է պետությունը ավելի լավ դերակատար և տնտեսավարող լինել։ Ստեղծված վիճակում տնտեսական գործունեության ռիսկերն ավելի են մեծացել, նոր ուղղությունների համար մեծ կապիտալ ներդրումներ անելու անհրաժեշտություն է առաջ եկել, զուգահեռ կենսագործունեության նոր պահանջների թելադրանք է ծագել (վիրուսից պաշտպանվեու քայլեր և սոցիալական հեռավորություն պահելու պահանջ), որ լրացուցիչ տնտեսական բեռ է շուկայի համար: Այս պայմաններում պետական և/կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններն ավելի հարմարվող և ճկուն կարող են լինել` մասնավորապես կապիտալին ավելի հասանելիություն, ավելի խիստ ու նպատակային կառավարում, և որ ոչ պակաս կարևոր է, շահույթի նպատակի ստորադասում ձեռնարկության գերնպատակին (օրինակ՝ առողջապահական համակարգի դեպքում այդ գերնպատակը ձեռնարկության կողմից ներառական առողջապահական համակարգ ապահովելն է, հետո նոր շահույթ ստեղծելը):

Օրինակ բերեմ: Այս օրերին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ասում է, որ կարող է կորոնավիրուսային թեստեր արտադրել, սակայն պետության աջակցությունն է պետք: Այս դեպքերում պետք է ստեղծել բաժնետիրական ընկերություն՝ պետության և մասնավոր հատվածի ներգրավվածությամբ (ՊՄԳ զանազան ֆորմատներ կան), ռիսկերի տեղաբաշխում անել և փորձել սկսել արտադրությունը: Սա սկսելու համար կարծում եմ մեկ ամիսը բավարար ժամանակ է:

Որոնք են այն առաջնային ուղղությունները, որտեղ պետությունը պետք է ներգրավվի և քայլեր ձեռնարկի:

  • Կարծում եմ հիմա պետք է կենտրոնանալ, նոր բժշկական հաստատությունների (նաև կրթական) կառուցման և ստեղծման վրա: Պետություն մասնավոր հատված գործակցությամբ (ՊՄԳ) նոր ձեռնարկությունների ստեղծում` բժշկական նյութերի, դեղորայքի և սարքավորումների արտադրության համար: Աշխարհում սրանց նկատմամբ պահանջարկը աննկարագրելի մեծացել է, և սա միայն կարճ ժամանակով չէ, այսուհետ այսպես է լինելու, քանի դեռ պահանջարկն ու առաջարկը չեն հավասարակշռվել, իսկ դրա համար տարիներ կպահանջվի: 
  • Մեծ ծավալով ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ է պետք սկսել, որ կխթանեն գյուղատնտեսական ոլորտի աճը: Սննդամթերքի ինքնաբավությունը և դրա ռազմավարական կառավարումը պետք է դառնա պետական քաղաքականության օրակարգի առաջնահերթություն: Այս առումով կարևոր է նաև Հայաստանում հողերի գոտիավորումը և տնտեսական գործունեության որոշ տեսակների արգելումը համապատասխան գոտիներում. Սա էական է, քանի որ մեր հողային ռեսուրսը շատ սահմանափակ է, իսկ օրինակ, գյուղատնտեսությունն ու հանքարդյունահանումը անհամադրելի են, և դրանք չեն կարող համատեղ մեկ վայրում կողք կողքի գործել:
  • Պետք է նոր արագընթաց ճանապարհներ կառուցել (զուտ ասֆալտապատման մասին չէ խոսքը), որը մարզերի միջև տնտեսվարումն ավելի էժան և արագ կդարձնի: Քաղաքներում, ստորգետնյա և վերգետնյա շենք-կայանատեղիներ. մեծ քաղաքներում տրանսպորտային համակարգերը վերակառուցելու համար չկա ավելի լավ ժամանակ, քան հիմա է (քանի որ փողոցները գրեթե դատարկ են և խանգարող հանգամանքները շատ քիչ): Սա անհրաժեշտ է քաղաքների կենսագործունեությունն ավելի հարմարավետ ու տնտեսապես քիչ ծախսատար դարձնելու համար` և՛ ժամանակի, և՛ այլ ռեսուրսների առումով: Այս նպատակով շինարարական աշխատանքների ուղղությամբ ՊՄԳ ձեռնարկության, նույնիսկ մի քանիսի ստեղծումը, արդիական է դառնում: Այսինքն՝ հիմա ճիշտ ժամանակն է մեծ ենթակառուցվածքային ծրագրեր սկսելու և խիստ կառավարման դեպքում պետությունը վստահաբար կարող է, և՛ վիրուսի տարածումը կառավարելի պահել, և՛ նման ծրագրեր իրականացնել:
  • Այս ամենին զուգահեռ կրթական համակարգի (առանց այս ճգնաժամի էլ արդեն խարխլված) արմատապես փոխելու անհրաժեշտությունն էլ ավելի է սրվել, քան երբևէ: Փոփոխությունների թելադրող ու պահանջարկ ստեղծով կարող են լինել այս նույն ՊՄԳ ձեռնարկությունները, որոնք մասնագիտացումների և դրանց նկատմամբ որակի պահանջներ կներկայացնեն:

Հաշվի առնելով ռեսուրսների խիստ սահմանափակ լինելը՝ սրանք այն առաջնային քայլերն են, որ, կարծում եմ, կարող ենք իրագործել: Այս գործում նաև մեծ դերակատարում կարող են ունենալ մեր քաղաքացիները, մասնավորապես՝ նոր ստեղծվող ձեռնարկություններում բաժնետոմսեր և պարտատոմսեր գնելու եղանակով, ինչը ավելի հավանական է դառնում նոր նախաձեռնություններում պետության ներգրավվելու դեպքում, որը երաշխավոր կդառնա միջոցների նպատակային օգտագործման: Սրա վառ օրինակ է, Ատլանտա քաղաքի մետրոյի համակարգի կառուցումը, որը տեղի ունեցավ մեծ մասամբ վերոնշյալ մոդելի գործարկման շնորհիվ:

Այս ամենը կարդալով` հարց կարող է առաջանալ, արդյոք մեր պետական համակարգը պատրաստ է նման տրամաբանությամբ գործել, եթե նույնիսկ քաղաքական որոշում լինի: Որպես պետական կառավարման մասնագետ (տնտեսագետից զատ) կարող եմ ասել, որ ոչ, պատրաստ չէ: Իսկ հնարավոր է արդյոք շատ արագ, ասենք՝ մեկ ամսվա մեջ ստեղծել պետական համակարգի գոնե այն մասերը, որոնք կկարողանան նշված տրամաբանությամբ գործել: Այո՛, միանշանակ հնարավոր է, այլապես այս գիրն իմաստազուրկ կլիներ: Իսկ սա անելու համար քաղաքական կամք և զարգացման տեսլական է պետք:

Հետգրություն

Գրվածի վերաբերյալ տարակարծություններն ու հիմնավորված քննադատական գրերը ցանկալի են: Ինչպես սկզբում եմ նշել, սա բովանդակալից և առարկայական քննարկում սկսելու համար է:

Հովհաննես Ավետիսյան՝ հանրային ֆինանսների կառավարման փորձագետ 

Մեկնաբանություններ (2)

Gor Shahbazyan
Այս ամենին հարկավոր է հավելել այն ցավալի փաստը, որ ՀՀ-ում գրեթե գոյություն չունի արդյունաբերական որակի վերահսկողություն, ստանդարտացման մինիմալ ննորմեր որոնք մոտ կլինեն զարգացած երկրների պրակտիկային, ինչի արդյունքում կունենանք առողջ մրցակցային դաշտ, որակյալ, անվտանգ ապրանաքատեսականի, որը ավելի հեշտությամբ կմտնի, օրինակ՝ ԵՄ կամ ԱՄՆ շուկաներ։ Այս ամենի համար հարկավոր է ստեղծել ինստիտուտներ հիմնվելով միջազգային փորձի վրա։
Հակոբ
Մի բանի հետ հստակ համաձայն եմ, պետությունը մեր նման երկրներում, անկախ տնտեսական ճգնաժամից, պետք է լինի առանցքային խաղացող։ Իսկ հիմա մեր տնտեսությունում ԲԱՌԴԱԿա, ոչ մի գորցիքակազմ չունի ազդելու տնտեսության կառուցվածքի վրա։ Եվ ամենակարևորը պետությունը ամենա մեծ ներդրումը պետք է անի գիտության և կրթության ոլորտներում։ Պետք է վերականգնել Խսհմ-ից ժառանգություն ստացած գիտահետազոտական ինստիտուտները։ Ու ընդանրապես ստրատեգիական ոլորտները պետք է լինեն պետական։ Հ.Գ. Նույնիսկ մի ընտանիքում դեմոկրատիա չկա.... Կասեի Չինաստանի և Հվ.Կորեաի օրիկնակները շատ ավելի լավ օրինակներ էին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter