HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանը թաքցրել է կորոնավիրուսի տարածման իրական մասշտաբները. ամերիկյան ԶԼՄ

ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայությունը, դեռ այս տարվա փետրվարի սկզբին, Սպիտակ տանը տեղեկացրել էր, որ Չինաստանից եկող կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները խիստ կրճատված են, և մյուս երկրները COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը չպետք է կառուցեն այդ տվյալների վրա։ «BBC»-ն գրում է, որ այդ մասին ամերիկյան ԶԼՄ-ներին անանունության պայմաններով հայտնել են ԿՀՎ-ի նախկին և ներկա աշխատակիցները։

«The New York Times»-ի տվյալներով՝ հունվարի վերջին Սպիտակ տան որոշ ներկայացուցիչներ սկսել են քննադատաբար վերաբերել Չինաստանից ստացվող տեղեկատվությանը և խնդրել ամերիկյան հետախուզական ուժերին խորությամբ զբաղվել այդ խնդրով։ ԿՀՎ-ի գործակալների խոսքերով, որոնք ցանկացել են անանուն մնալ, որոշ ժամանակ անց նախագահի աշխատակազմ է ուղարկվել զեկույց, որտեղ ուղիղ ասվում էր, որ Չինաստանից ստացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Սակայն, ընդհուպ մինև նախորդ շաբաթ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրել է ուշադրություն չդարձնել այդ հանգամանքին։

Մի քանի օր առաջ «Bloomberg» գործակալությունը գրել էր, որ մարտին Սպիտակ տանը կայացած ամենօրյա ճեպազրույցներից մեկի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ COVID 19-ի վերաբերյալ թվերը, որոնք ներկայացվում են Չինաստանի կողմից, հնարավոր է, որ ինչ-որ չափով լավատեսական են, սակայն ԱՄՆ-ն և Չինաստանը գտնվում են մշտական կապի մեջ և ամեն ինչ վերահսկողության տակ է։

«Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Չինաստանը տալիս է ճիշտ թվեր, թե՝ ոչ… Ես Չինաստանի հաշվարկողը չեմ»,- հայտնել է Թրամփը։

Վերջին ամիսներին երկու երկրների հարաբերություններում նկատվում է ջերմացում և մեծ տեղ է հատկացվում նրանց միջև առկա առևտրային համաձայնությանը։

Դեռ վերջերս ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, որ Չինաստանը պատրաստ է ամերիկյան ապրանքների վրա ծախսել 250 միլիարդ դոլար, և կողմերը միտված են գործարքի իրականացմանը։ Սակայն վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում առկա համաճարակաբանական իրավիճակն սկսել է ռեկորդային տեմպերով վատանալ։ Երկիրը դարձել է պանդեմիայի կենտրոն, որտեղ գրանցվել է վարակակիրների ամենամեծ թիվը։ Վերջին տվյալներով ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասել է 291 545-ի, ապաքինվածների թիվը՝ 14 368-ի, իսկ մահացածների թիվը՝ 7 851-ի։

«The New York Times»-ը գրում է, որ այդ ֆոնին Պեկինը և Վաշինգտոնը նորից կսկսեն քննադատել միմյանց։ Հիմա Սպիտակ տան վարչակազմը հայտարարում է, որ Չինաստանում մահացածների և վարակվածների վերաբերյալ ստացված թվային տվյալները, ինչպես նաև վիրուսի տարածման իրական արագությունը, կարևոր նշանակություն ունի աշխարհի բնակչության համար, այդ թվում՝ ամերիկացիների։

Ամերիկյան հետախուզությանը դեռևս չի հաջողվում ստանալ Չինաստանում կորոնավիրուսի իրական տվյալները։ Բացի այդ, ԱՄՆ ԿՀՎ-ն ենթադրում է, որ չինական իշխանություններն իրենք էլ չեն պատկերացնում արհավիրքի իրական մասշտաբները։ Գործակալների կարծիքով՝ Հուբեյ նահանգի պետական գործիչները, որը եղել է կորոնավիրուսի օջախը, ինչպես նաև մյուս նահանգների իշխանությունները մտածված իջեցրել են վարակակիրների և մահացածների թվերը, վախենալով այն պատժից, որին կարող են արժանանալ, եթե կենտրոնը որոշի, որ նրանք չեն կարողանում կարգավորել իրավիճակը։

Ամենաթեթև պատժամիջոցը, որին կարող են արժանանալ պետական ծառայողները, աշխատանքից հեռացումն է։ Ըստ հետախուզության տվյալների՝ Չինաստանում սովորական պրակտիկա է դարձել կենտրոնից իրական տվյալների կոծկումը։ Համաճարակի սկզբի իրական պատկերի վերականգնումը դժվար կլինի, քանի որ առաջին շաբաթներին չեն եղել թեստավորման և ախտորոշման միասնական չափանիշներ։ Նույնիսկ COVID-19-ի ախտանիշները չեն բացահայտվել հենց սկզբնական շրջանում և կորոնավիրուսով վարակակիր բազմաթիվ պացիենտներ, համաճարակի առաջին օրերին, կարող էին այլ հիվանդություններով ախտորոշվել։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում կարծում են, որ միայն Ուհանում մահացածների իրական թիվը կարող է գերազանցել 5 000-ը, որը շուրջ երկու անգամ գերազանցում է պաշտոնական թվերին։ Ներկայումս Չինաստանը հայտարարում է, որ համաճարակի տեմպերը սկսել են էականորեն կրճատվել։ Չինական իշխանությունները հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարն իրականացվել է կարանտինի խիստ պայմաններում, որի պատճառով երկրում մեկուսացվել է շուրջ 60 միլիոն մարդ։ Սակայն արևմտյան վերլուծաբանները նույնպես կասկածում են այս թվի կրճատման վերաբերյալ։

Օրինակ, Չինաստանը երբեք չի իրականացրել առանց ախտանշանների և ոչ տիպիկ ախտանշաններով դեպքերի վիճակագրություն այն դեպքում, երբ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի տվյալներով, կորոնավիրուսով հիվանդ պացիենտների 25 %-ը հիվանդությունը տանում է հենց այս ձևով։

Նախորդ չորեքշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել է, որ կան բոլոր հիմքերը կարծելու, որ Չինաստանի պաշտոնական տվյալները ճիշտ չեն, սակայն ներկայումս անհնար է պարզել իրավիճակի իրական պատկերը։ ԱՄՆ պետական պաշտոնյաները նաև հայտարարել են, որ պանդեմիայի վիճակագրության վերաբերյալ Պեկինի ապատեղեկատվությունը չի զարմացնում, քանի որ այդ երկրից ստացվող պաշտոնական տեղեկատվությունը հաճախ կեղծ է լինում։ Այդ մասին գրում է «The New York Times»-ը։

Ամերիկյան հետախուզությունը Չինաստանում

Չնայած պաշտոնական տեղեկատվության բացակայությանը, բնականաբար, պարզ է, որ Չինաստանն ամերիկյան հատուկ ծառայության առաջնահերթություններից մեկն է։ Համաձայն անուղղակի որոշ տվյալների՝ Չինաստանում ամերիկյան հետախուզությունը, բացի սեփական գործակալներից, ունի նաև տեղեկատվության աղբյուրների ցանց, որոնց մի մասն աշխատում է նաև պետական մարմիններում։ 

Մասնավորապես, 2017 թվականին «The New York Times»-ի խմբագրությունն առաջին ձեռքից ստացել էր տեղեկատվություն այն մասին, որ Չինաստանում սկսել են անհետանալ ԱՄՆ հետախուզության գործակալներ և տեղեկատվության աղբյուրներ։ Այդ ժամանակ, պարբերականի խմբագրություն էին դիմել ԿՀՎ-ի նախկին 4 աշխատակիցներ և հայտնել, որ 2010-2012 թվականներին Չինաստանում սպանվել կամ բանտարկվել են տեղեկատվության մոտ 20 աղբյուրներ, ինչը մեծ վնաս է հասցրել ամերիկյան հետախուզական գործողություններին։ Նախկին աշխատակիցները պատմել են, որ չինական կառավարության աշխատակազմից տեղեկատվության հոսքն սկսվել է 2010 թվականից, իսկ 2011 թվականին սկսել են անհետանալ գործակալները։ ԿՀՎ-ում այս իրավիճակն ընկալվում է որպես վերջին տասնամյակի ամենամեծ ձախողում։ Վարկածներից մեկի համաձայն՝ չինացիները ջարդել են ԿՀՎ-ի հաղորդակցության համակարգը և իմացել Չինաստանի տարածքում գործող լրտեսների և տեղեկատվության աղբյուրների ազգանունները։

Մյուս վարկածի համաձայն՝ 2010 թվականին Չինաստանի հակահետախուզությունն ամերիկյան հետախուզության մեջ ներդրել է իր «լրտեսին»։ Հնարավոր է, որ երկու վարկածներն էլ իրական են։

Լուսանկարը՝ «BBC»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter