HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնից բալկոն․ Վահրամ Զարյան (covid_19-ի օրեր, Փարիզ - Երեւան)

2017-ի օգոստոսին, երբ սկսվեցին #բալկոնային զրույցները, որեւէ մեկը չէր կարող եզրակացնել, որ կգան օրեր, երբ 1,5 մետր հեռավորությունը կլինի անվտանգության թիվ մեկ նախապայմանը, իսկ տեքստերն ավելի շուտ կդառնան ուղերձներ ինքնամեկուսացման ձեւերի եւ բովանդակության մասին։ 

2020-ի #բալկոնային զրույցների մեկնարկը տրվելու էր մարտի 21-ին, սակայն #կորոնավիրուսի կանխարգելման եւ տարածման շղթան կոտրելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրության մասին։ 

Այսուհետ Բալկոնից բալկոն ձեւաչափը ներկայացնում է համառոտ նամակ-տեքստ եւ վիդեոուղերձ (լուսանկարներ)։ Այսպես կշարունակվի մինչ այն պահը, երբ մեր միջեւ կվերանան պայմանական հեռավորությունները, եւ արեւն առաջվա պես կջերմացնի Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ բալկոնը, որտեղ հյուրընկալվողը կխոսի իր մասին երրորդ դեմքով։ 

Բալկոնից բալկոնՎահրամ Զարյան (Ֆրանսիա, Փարիզ)

Փարիզաբնակ արտիստ, մնջախաղաց Վահրամ Զարյանն ինքնամեկուսացվել է երեք շաբաթ առաջ՝ անմիջապես այն բանից հետո, երբ Franc Inter-ով հնչեց Մակրոնի «Արգելվում է տնից դուրս գալ» հայտարարությունը․․․ Վահրամը մտածեց, թե առավոտյան ծրագրի ձեւաչափի համաձայն ինչ-որ մեկը կատակում է՝ հստակ վերարտադրելով Մակրոնի ձայնը, այնինչ ռադիոն հնչեցնում էր հենց Մակրոնի հայտարարությունը՝ ազդարարելով ինքնամեկուսացման մասին պաշտոնական լուրը։ 

Վահրամն ինձ է ուղարկում ինքնանկարը (գլխավոր նկարի ձախ մասում), ապա վիդեոուղերձը (կարող եք տեսնել տեքստի վերջում) ու իր բալկոնից սկսում նամակը։ 

Զարյանի նամակը 

«Բարի լույս, Անուշ,

ինքնամեկուսացման երրորդ շաբաթը բոլորեց։ Գիտես առավոտներս․․․ Այս մեկն էլ սկզբնական նույն կետն ունի։ Դուրս եմ եկել փարիզյան բալկոնս ու երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ պահելու ամենօրյա ծեսս։ 

Հիմա, հենց բալկոնիցս եմ ասում, որ Փարիզը երբեք այսքան գեղեցիկ չի եղել կամ այսքան գեղեցիկ չի երեւացել՝ մարդկանցից ազատ փողոցներով հանդերձ։ 

7։03 է, շենքերի հետեւից դանդաղ բարձրանում է արեւը, բալենին գրեթե ծաղկել է, եւ բույրն ընկել է բալկոնով մեկ․ հավանաբար լքված պողոտան համառությամբ ազդարարում է գարնան սկիզբը։ 

Ձայն․․․էսպրեսսոյի ապարատինն էր․ սուրճս պատրաստ է խառնվեց բալենու հոտին։

Տեսնես Մոնա Լիզան, որ բոլորիս պես հիմա բանտարկված է, վերջապես հանգստացա՞վ հազարավոր մարդկանց հայացքներից, թե՞ հակառակն է՝ կարոտ կա այդ հայացքների․․․ Կամ Ռոդենի Համբույրը, որ միշտ պիտի հեռու լիներ աչքից, արդյոք ազատ է հիմա իր գործողության մեջ․․․ Կամ սիրելի Մարգըրիտ Դյուրաս գրադարանի գրքերն արդյոք էջեր շրջող մատների կարիք չունեն։ Իսկ բեմե՞րը, բեմե՞րը։ Ոտքի ծանրության բացակայությունն ինչպե՞ս են տանում բեմերը։ 

Ինքս ինձ հետ զրուցելու ժամանակը մեխվել է բալկոնումս, ու հրաշալի է։ Համաձայնությունս ինձ հետ տեղին է, համադրությունս՝ իր ողջ շքեղությամբ։ Գարնան մեջ այսպիսի ապրումը, այսպիսի «պարտադրված» ապրումը վեպի պես է, նոր սցենարի, դրամատուրգիական ուժեղ մի միջամտության, որից կտրվելը սկսել է վախեցնել։ 

Դադար (ինչպես գրում ես ինքդ Բալկոնի տեքստերում)

Երեք շաբաթ առաջ։ Ինքնամեկուսացման առաջին օրը։ Նույն բալկոնն էր, նույն ծեսը, եւ սովորականի պես էսպրեսսոյի ապարատն ազդարարեց, որ սուրճս պատրաստ է, բալենին դեռ չէր ծաղկել,  երբ Franc Inter ռադիոն ազդարարեց  «Արգվելում է դուրս գալ տնից»․․․ Եվ այլն․․․ Եվ այլն․․․ E.M.-ի ձայնով՝ «Արգելվում է դուրս գալ տնից»․․․ Եվ այլն․․․ Եվ այլն․․․ Թվաց կատակ է, թվաց, թե Մակրոնի ձայնով մեկը հումոր է անում մեզ պատժելու համար՝ ի նշան գրեթե մեկ տարի տեւած «դեղին բաճկոնավորների» ցույցերի, որովհետեւ ամեն առավոտ Franc Inter ռադիոն սկետչեր է բաց թողնում։ Այնինչ իսկապես Մակրոնն էր խոսում։ 

Անցավ 2 րոպե։ Ներսս տակնվուրա եղավ։ Վախեցա։ Վախեցա, որ չեմ կարողանա գնալ թատրոն։ 

Այսօր՝ երեք շաբաթ անց։ Առավոտյան 7։42 է։ Օրեր շարունակ տանն եմ աշխատում,  հետազոտում, ստեղծագործում եւ ամենակարեւորը՝ երազում։ 

Մտածում եմ՝ գուցե մեզ տրված, շրջանակված ժամանակ է, առիթ, որ հեռանանք մեզ ուղղված հայացքներից, առիթ, որ մենք ինքներս մեզ վրա հայացք նետենք, փորձենք նայել ինքներս մեզ, փորձենք դիտարկել մեզ՝ մեր ունեցածի եւ չունեցածի մեջ, փորձենք տեսնել ներսը եւ հասկանանք ի վերջո՝ տեսնել ստացվում է արդյոք․․․ 

Եվ եթե նույնսիկ ձանձրանում ենք, որը գնալով սկսում է ահագնանալ, ոչի՜նչ, պիտի ձանձրանալուց այդ չվախենալ, որովհետեւ հենց դա է երազելու նախապայմանը։ Սուտ խնդիրները, սուտ պատմությունները փակել էին «որակյալ» ձանձրանալու հնարավորությունը, որ մեզ մանկություն պիտի տաներ․․․ Տաներ այնտեղ, որտեղ մենք իսկապես ձանձրանում էինք, քանի որ աշխարհը չգիտեինք այնպիսին, ինչպիսին «սուտ» պատմություններով լցված այս մեկն է։ 

Եվ գուցե լռելու հնարավորություն է․ լռելու հենց լռության մեջ։ Գուցե հնարավորություն է մեր «շատախոս» եւ «աղմկոտ» տարածականության մեջ բոլորովին մենակ մնալու, այնքան մենակ, որ սեփական շնչառությունը լսելի դառնա, եւ քայլը վերածվի միակ ձայնի, որը զուգեհեռվում է մեր իրականությանը։ 

Ես, որ ողջ կյանքում մնջախաղի միջոցով, մարմնիս կերպով եմ փորձել լսելի դարձնել լռության ձայնը․․․ Ինքնամեկուսացումը բերեց մի նոր լռության աստիճանի, նոր սցենարի, բայց․․․ Այս լռությունն անհնար է բեմադրել։ Եթե իմ ներկայացումներում չափն ու ժամանակը շատ կարեւոր է, ապա  ինքնամեկուսացման լռությունը կերպավորելու խնդիրը հենց այդ նույն ժամանակն է, Անուշ․․․ Հենց հասկանանք՝ որտեղ է սկիզբը եւ վերջը, այդ պահից կընտելանանք, կհամակարգվենք ու կկազմակերպ(վ)ենք։ 

Այսօր նորից վերցրի Մարգըրիտ Դյուրասի “La Vie matérielle”-ն («Նյութական կյանք»)։ Կհիշե՞ս գրքում այսպիսի հատված կար․

FR:  “Nous sommes là. Là où se fait notre histoire. Pas ailleurs. Nous n'avons pas d'amants sauf ceux du sommeil. Nous n'avons pas de désirs humains. Nous ne connaissons que le visage des bêtes, la forme et la beauté des forêts. Nous avons peur de nous-mêmes. Nous avons froid à nos corps. Nous sommes faites de froid, de peur, de désir. On nous brûlait. On nous tue encore au Koweit et dans les campagnes de l'Arabie.”

ARM: «Մենք այստեղ ենք։ Այստեղ, որտեղ մեր պատմությունն է։ Ուրիշ ոչ մի տեղ։ Մենք չունենք սիրեկաններ, բացառությամբ նրանք, ովքեր հայտնվում են մեր քնի մեջ։ Մենք չունենք մարդկային ցանկություններ։ Մենք ճանաչում ենք միայն գազանների դեմքերը, անտառների ձեւն ու գեղեցկությունը։ Մենք վախենում ենք մեզնից։ Մեր մարմինները սառն են։ Մենք կառուցված ենք ցրտից, վախից, կրքից։ Մեզ այրել են։ Մենք դեռ  սպանում ենք Քուվեյթում եւ արաբական գյուղերում»։

***

Ինքնամեկուսացումը շարունակվում էպիտի շարունակվի․․․ Բալկոնային ծեսս՝ նույնպես։ Ռադիո էլ չեմ միացնում։ Լռություն եմ լսում։ Համադրում եմ դատարկ փողոցի ձայնը  մասնագիտական շարժմանս ձայների հետ։ Համադրում եմ այդ բացակա աղմուկը։ 

Փարիզն այսքան գեղեցիկ չի եղել․․․»

From Vahram Zaryan 
Seen 18:32, 04 March, Saturday

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter