HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2500 կապ չիրացված կանաչի. ինչպես է արտակարգ դրությունն ազդում գյուղացու վրա 

Եսենյա Սիմոնյանն արդեն 2500 կապ տարբեր տեսակի կանաչիներ ունի, որոնք չի կարողանում իրացնել։ Նրա հիմնական գնորդները «Մեյմանդարի» գյուղմթերքի մեծածախ շուկայի վերավաճառողներ են, սննդի կետերը և Երևանի մասնավոր մանկապարտեզները, որոնք արտակարգ դրության օրերին փակվել են։ 

«Առջևում Զատիկ է, պետք է ռիսկի գնամ, գնամ «Մեյմանդարի» շուկա՝ խիստ պահելով վարակվելու պաշտպանական միջոցները։ Չիրացված մթերքս վաճառելու ուրիշ տարբերակ չկա»,-ասում է նա։

Եսենյան բնակվում է Արմավիրի մարզի Հայկավան գյուղում։ Մշակում է կանաչիների մի շարք տեսակներ, բողկ, սմբուկ, լոլիկ, լոբի, կարտոֆիլ և այլ գյուղմթերքներ։ Զբաղվում է նաև բնական չրերի արտադրությամբ։

Արտակարգ դրությունից և մարզում վարակի տարածումից հետո Եսենյան չի կարողանում շուկա գնալ, քանի որ տանը երկու մանկահասակ երեխա և տարեց ծնողներ ունի, որոնք վարակվելու տեսանկյունից ռիսկային խմբում են։

«Երբ արդեն Էջմիածնում արտակարգ դրություն էր, փորձեցինք գոնե ապրանքի մի մասը վաճառել։ Հասանք շուկա, շուկայում առևտուրն արդեն պասիվ էր։ Վերավաճառողները կանաչիները գնելու համար 25 դրամ էին առաջարկում, որ դրանից մի քանի օր առաջ 80-100 դրամ էր։ Մառոլը խնդրում էի, որ 50 դրամով գնեն, իսկ համեմը 30 դրամով մի կերպ, համոզելով իրացրեցի։ 150 կապը 5000 դրամ վաճառեցի: Բայց 4000 դրամ վճարեցի աշխատողին, 3000 դրամ՝ տրանսպորտին»,-ասում է նա։

Եսենյա Սիմոնյանը պատմում է, որ արտակարգ դրություն հայտարարելուց երեք օր առաջ «Մեյմանդարի» շուկայում համեմը վաճառվում էր 100-150 դրամով, իսկ ինքն այդ օրը մառոլը վաճառել է 120 դրամով, բողկը՝ 170 դրամով։

Դրանից հետո Եսենյան այլև չի կարողացել կանաչի վաճառել։ Շուկայի այլ գյուղացիների հետ նա մշտական կապ մեջ է, ասում է՝ նրանք ևս չեն կարողանում իրացնել իրենց գյուղմթերքը. մարդիկ վախենալով են գալիս շուկա, գալուց էլ նախօրոք պայմանավորվում են գյուղացիների հետ, գալիս արագ վերցնում, գնում։

Եսենյան իր ծանոթ խանութներին առաջարկել է ամեն օր որոշ քանակով կանաչի մատակարարել, սակայն հրաժարվել են՝ պատճառաբանելով, թե գնորդների քանակն ու առևտրի ծավալը նվազել է։

Եսենյա Սիմոնյանը գյուղատնտեսական աշխատանքներն ամբողջությամբ կատարել է սպառողական վարկերի միջոցով։

«Այս պահին վարկ ունեմ մարելու, չեմ կարողանում մարել։ Վարկային կազմակերպություններից մեկից մարտին մեկ ամսով անտոկոս վարկ էի վերցրել՝ մյուս վարկերս մարելու համար։ Հույս ունեի, որ մեկ ամսվա ընթացքում կկարողանայի կանաչիներս իրացնել ու մարել այդ վարկը»,-նշում է նա։

Վարկային կազմակերպությունից նրան հայտնել են, որ անտոկոս վարկի ժամկետը չեն կարող երկարաձգել, սակայն տոկոսավճարից 12 000 դրամ կզիջեն։ 

«Այս իրավիճակում մնացել ենք վերավաճառողների հույսին։ Պետք է դու խնդրես իրենց, որ թեկուզ էժան գնեն, որ չփչանա, չթափես ապրանքը։ Իրենք էլ ապրանքներին շատ ցածր գներ են առաջարկում։ Իրենք միշտ առիթից օգտվում են, որ գյուղացին չի կարողանում իրացնել ապրանքը և իրենց գներն են առաջարկում»,-ասում է Եսենյա Սիմոնյանը։

էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ գյուղացիական տնտեսություններին օգնելու համար այս պահին աշխատանքներ են տարվում՝ շուկաների ընդլայնման ուղղությամբ և փորձում են լուծումներ գտնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter