HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտակարգ դատարկ շինհրապարակներ. կառուցապատողներն ու շինընկերությունները սպասում են աշխատանքի վերսկսմանը

Արդեն երկու շաբաթ է՝ արտակարգ դրություն է նաև շինհրապարակներում, որտեղ, պարետատան որոշմամբ, դադարեցված է ցանկացած աշխատանք:

Շինարարական աշխատանքներում ներգրավված քաղաքացիներն այս օրերին եթե աշխատանքից չեն ազատվել, ապա կդժվարանան Կառավարության որևէ սոցիալական ծրագրից օգտվել, քանի որ իրենց աշխատանքային պայմանագրերը լուծարված չեն: Հստակ չէ նաև հիմնականում օրավարձով կամ կատարած աշխատանքի համար վճարվող շինարարական աշխատուժի` բանվորների վարձատրման պայմաններն այս իրավիճակում:

Թեմայի շուրջ «Հետքը» զրուցել է մի քանի կառուցապատող և շինարարական ընկերությունների հետ: Նշենք, որ հիմնականում կառուցապատող ընկերությունները պատվիրակում են շինարարական ընկերություններին իրենց կողմից ձեռք բերված տարածքում համապատասխան վճարի դիմաց բնակելի համալիր կամ շենք կառուցել, այսինքն կառուցապատող և շինարարական ընկերությունների աշխատանքը փոխլրացնում է միմյանց, և մեկի վնաս կրելն անմիջապես արտացոլվում է մյուսի աշխատանքում:

Մեր զանգահարած բոլոր ընկերություններն էլ նշեցին, որ պարետատան որոշումն ընդունվելուց անմիջապես հետո դադարեցրել են իրենց աշխատանքը:

«Արմ կոնստրակտլ» ՍՊԸ_ի տնօրեն Արամ Ավագյանը մանրամասնեց` իրենք կառուցապատող ընկերություն են, շինարարությունը պատվիրակել են այլ ընկերության: Ավագյանն ասում է` շինարարական ընկերությանը նախապես հոնորար են վճարել, որպեսզի աշխատակիցները կարողանան աշխատավարձ ստանալ, իսկ մնացածը տվյալ ընկերության ներքին հարցերն են` վճարել են, թե չէ:

«Մենք կառուցապատողն ենք, վնասները մենք ենք կրում հիմնականում, որովհետև տների վաճառքն էս պահին կանգնած է, նույնիսկ նրանք, որոնք ամրագրել էին բնակարաններ, չեն կարողանում գնալ նոտարական գործարք կատարելու, կամ բանկը աշխատանքից տեղեկանք է ուզում, մարդը չի կարողանում բերել… Օգուտներ, որ պիտի ստանայինք, չենք ստանում»,- ասաց նա:

Ըստ նրա` բաց շինարարության դեպքում վիրուսի փոխանցման ռիսկը շատ փոքր է:

«Եթե 10 քմ տարածքում` ներսի վերանորոգում լինի, միանշանակ է, որ իրար կարող են վարակել, բայց եթե բաց տարածքում` 500 քառակուսի մետրի վրա 10 հոգի աշխատում է, էդտեղ ռիսկը մինիմալ է: Ոնց որ ասես` դուրս մի արի, խանութ մի գնա, հաց մի առ: Էսօրվա խանութ գնալն ավելի ռիսկային է, քան բաց շինարարարությունը: Հա, իհարկե ռիսկ կա, եթե մեկը վարակված է ու գնա մյուսներին կպնի, կվարակի, բայց մենք բոլորին բացատրել ենք, որ որևէ մեկին ձեռքով չբարևեն, ձեռնոցները չհանեն»,- ասաց նա:

«Արարե» շինարարական ընկերությունը, որը կառուցում է Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող Նոյ բնակելի թաղամասը, աշխատակիցների երկու խումբ ունի` ճարտարապետներ, որոնք անցել են հեռավար աշխատանքի և վարձատրվելու են ինչպես նախկինում, իսկ երկրորդ խումբը շինհրապարակում ներգրավված անձինք են, որոնց աշխատանքը դադարեցված է:

Ընկերության հիմնադիր Համլետ Մարտիրոսյանը վստահեցրեց` մարտի աշխատավարձը բոլորն են ստանալու, իսկ ապրիլինը` ժամանակը ցույց կտա:

«Եթե ամբողջ ամիսը դադարեցված լինի շինարարությունը, բոլորը գոնե մինիմալ աշխատավարձ կստանան, շինհրապարկում բոլորը մեծ մասամբ աշխատում են ծավալով` քանի կուբամետր բետոն արեց, էդքան էլ ստանում են, բայց եթե չարեց, գոնե մինիմալը կփոխանցենք` սոցիալական խնդիրները լուծելու համար»,- ասաց Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով` որպես շինարարական ընկերություն՝ վնասներ կրում են, քանի որ հարկերը վճարում են, և ունեն ֆիքսված ծախսեր, ինչպես` տարածքների վարձակալություն, պահակի աշխատավարձ, և եթե ամբողջ ապրիլը չաշխատեն, եկամուտ չեն ունենա:

Կառուցվող բնակելի թաղամասը սկզբնական, այսպես կոչված՝ բետոնային փուլում է: Համլետ Մարտիրոսյանն ասում է` երբ դեռ միայն արտակարգ դրության որոշումն էր ընդունվել, իրենք դիտարկել են հնարավոր տարբերակը, որ բաց շինարարության դեպքում աշխատակիցները հնարավորինս քիչ շփվեն միմյանց հետ: Առավոտյան աշխատանքի գնալուց անմիջապես ախտահանվել են, ջերմաչափվել:

«Միակ խնդիրը կեսօրին հաց ուտելն է, որ մի տեղ են ուտում ու հանդերձարանը: Մենք որոշել էինք, որ հանդերձարանը հինգ մասի ենք բաժանելու, դե գիտեք, որ բանվորները խումբ-խումբ են գալիս, օրինակ՝ մի խումբն Էջմիածնից, Աշտարակից, ուզում էինք, որ ամեն մի խումբը առանձին հանդերձարան ունենա ու բացօթյա էլ հաց ուտեն: Թե չէ էսպես թե էնպես շինարարության մեջ սոցիալական հեռավորությունը պահվում է, հեռու են իրարից»,- ասաց նա:

Բնակելի համալիրի կառուցման սկզբնական աշխատանքներ են տարվում նաև «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի կողմից Ավան թաղամասում կառուցվող բնակելի թաղամասում: Ընկերության ներկայացուցիչ Անի Ավանեսյանն ասաց, որ այն աշխատակիցներն, ովքեր ունեն աշխատանքային պայմանագրեր, վճարվելու են, իսկ ովքեր օրավարձով են` ոչ: Պարզվեց` բոլոր շինաշխատողները օրավարձով են աշխատում:

«Վերածնունդ» բնակելի թաղամասից էլ մեզ տեղեկացրին, որ հորդորել են կապալառու կազմակերպությանը` շինարարություն իրականացնողին, ամբողջությամբ վճարել աշխատակիցների մարտ ամսվա աշխատավարձերը:

«Բայց երկար չաշխատելու պայմաններում վստահ չենք, թե ինչպիսի վարք կդրսևորենք: Մենք այն տեսակետին ենք, որ օր առաջ պետք է թույլատրեն շինարարությունը, հակառակ դեպքում՝ երկրի ֆինանսատնտեսական վիճակն ավելի կբարդանա»,- ասաց ԵՊՀ շրջանավարտների միավորման աշխատակից Մերի Պողոսյանը:

«Բիդեք» (Bedeck construction) ընկերությունը, որը բնակելի թաղամաս է կառուցում Երևանի Էրեբունի փողոցում, վերոնշյալ ընկերություններից մեկն է: Ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց, որ սպասում են աշխատանքների վերսկսմանը, հնարավոր է՝ վերսկսելուց հետո ավելի ինտենսիվ աշխատեն, որպեսզի բաց թողնված օրերը լրացնեն: Այս ընկերությունն իր բոլոր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրեր ունի, այս փուլում բանվորներ չկան, աշխատանքները պայմանագրային հիմունքներով են կատարվում:

Ընկերության ներկայացուցիչը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այս պահին հստակ որոշում չկա, թե աշխատակիցները չկատարած աշխատանքի համար ինչպես են վարձատրվելու, սակայն ընդգծեց` կփորձեն ինչ-որ կերպ փոխհատուցել: Նրա խոսքով` քանի որ հարկադիր պարապուրդի օրերը դեռ հստակ չեն, իսկ շինարարության համար 7-ից 10 օրը մեծ թիվ չէ, կփորձեն պարապուրդը փոխհատուցել:

Ընկերությունը և՛ բաց, և՛ փակ շինարարական աշխատանքներ է կատարել մինչ արգելքների սահմանումը, մի մասնաշենքում բետոնային աշխատանքներ են տարվել, մյուսում` ներքին հարդարում: Թե որքանով է մեծ վարակի փոխանցումը բաց շինարարական աշխատանքների դեպքում, մեր զրուցակիցն ասաց, որ ռիսկ ինչ-որ չափով իհարկե կա, սակայն այն չի կարող համեմատվել օրինակ՝ ռեստորանային աշխատանքի հետ, որտեղ աշխատակիցներն ավելի սերտ են շփվում:

«Շինարարարության մեջ այդ տարածությունն ավելի մեծ է` նաև կախված նրանից, թե որ փուլում են աշխատանքները, բայց ամեն դեպքում ռիսկ կա, քանի որ մարդկանց առողջությունն ավելի թանկ է, քան ցանկացած բան, կարելի է մի քիչ հարմարվել, բայց եթե շատ երկարի այս իրավիճակը, կարող են որոշ խնդիրներ առաջանալ»,- ասաց նա:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter