HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ֆինանսների նախարարի խոսքով` 2020 թվականի բյուջեով արտացոլված դեֆիցիտն ու արտաքին պարտքը կարող են վերանայվել

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Զեկույցին որպես Կառավարության ներկայացուցիչ են ներկայացված գործադիրի անդամները, որպեսզի յուրաքանչյուրն իր ոլորտում ներկայացնի կատարված աշխատանքը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը իր խոսքում նշեց, որ հանրային ֆինանսների կառավարումն ավարտուն գործընթաց չէ, այն անընդհատ գործընթաց է, պարզապես ժամանակի ընթացքում արձանագրվում է մինչ այդ նախանշված ուղղությունների կատարումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատեց, որ նախորդ երկու տարի Կառավարությունն ունեցել է զսպող հարկաբյուջետային քաղաքանություն, որը հիմնականում ուղղված է եղել արտաքին պարտքի կայունացմանը:

«Հիմա ակնհայտ է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը մեր հիմնական գործիքներից մեկն է լինելու: Հակաճգնաժամային այս միջոցառումների շրջանակում ինչ փոփոխություններ եք նախատեսում այստեղ, ինչ է արվում կապիտալ ծախսեր կատարելու մեր կարողությունները շտապ մոբիլիզացնելու ուղղությամբ»,- հարցրեց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց` անշուշտ, չափազանց կարևոր է առկա զագացումներին համարժեք արձագանքելը:

«Դուք իրավացի եք, պարո՛ն Խաչատրյան, 2017-ին խորհրդարանի ընդունած հարկաբյուջետային կանոնների շրջանակում հարկային քաղաքականությունն ուղղված է եղել պարտքի կայունացմանը: Մեր կարծիքով՝ դա բավականին հաջողությամբ իրականացվել է: Այդ նույն կանոնները ենթադրում են, որ այն ժամանակ, երբ առկա են բացասական ազդեցության ռիսկեր, տնտեսական զարգացումների տեսակետից հարկաբյուջետային քաղաքականությունը որպես գործիք դառնում է լավագույնը կամ գրեթե միակը, որի միջոցով ջանք պետք է գործադրվի` մեղմելու տնտեսական զարգացումների բացասական ազդեցությունը»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանի խոսքով` Կառավարությունը հենց այդպես էլ վերաբերվում է հարկաբյուջետային քաղաքականությանը:

«Հիմա քննարկումների փուլում ենք, և դա է պատճառը, որ չենք ներկայացրել «Բյուջեի մասին» օրենքի հնարավոր փոփոխությունների նախագիծ: Անցյալ տարի, երբ սեպտեմբերին ներկայացվեց 2020-ի բյուջեի նախագիծը, հնարավոր չէր կանխատեսել այն զարգացումները, որոնք տեղի են ունենում հիմա: Այժմ անհրաժեշտ կլինի փոփոխություն կատարել «Բյուջեի մասին» օրենքում, վերանայել թե՛ դեֆիցիտի ներկայացված պահանջը, թե՛ պարտքին ներկայացվող մոտեցումները»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն էլ խոսեց պետական ֆինանսների կառավարման տեսանկյունից 300 միլիարդ դրամ կապիտալ ծախսերի թերակատարման մասին, ապա հավելեց, որ Կառավարությունը 500 միլիոն դոլարի փոխառություն է ձեռք բերել:

«Ուզում եմ հասկանամ այդ գումարի մեջ 300 միլիարդ դրամը մտնում է, թե չէ»,- հարցրեց նա:

Նախարարն արձագանքեց, որ նախորդ տարվա ցուցանիշները դեռևս վերջնական չեն և հրապարակված չեն:

«Ընդհանրապես կապիտալ ծախսերը վերջնական տեսքով նախատեսված են եղել 262 միլիարդ դրամ, հետևաբար 300 միլիարդ դրամի թերակատարում չէր կարող լինել, եթե նույնիսկ զրո լիներ կատարողականը, բայց փաստացի ցուցանիշը եղել է 192 միլիարդ դրամ, այսինքն՝ տարբերությունը 70 միլիարդ դրամ է»,- ասաց Ջանջուղազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter