HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԿԳՄՍ-ի փոխնախարարները՝ հեռակա ուսուցման, միասնական քննությունների, մշակութային ծրագրերի վերաբերյալ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ կրթության ապահովման համար իրականացվող քայլերին։

Նա տեղեկացրեց, որ Հանրային հեռուստատեսությամբ շարունակվում են ուսումնական նյութերի հեռարձակումը, հանրային դասերը. այս ընթացքում առանցքում են եղել մաթեմատիկան եւ բնագիտական առարկաները։

«Կարծում ենք, որ տեսադասերն ու այն բովանդակությունը, որ մշակում ենք ու հասանելի ենք դարձնում, այս պայմաններում ապահովում են մարդկանց ներգրավվածությունը, եթե չունեն այդ սարքերը»,- նշեց փոխնախարարը։

Հեռավար ուսուցում իրականացնելու համար փոխնախարարն ասաց, որ հավաքագրվել է շուրջ 600 սարքավորում, որը տրամադրվել է մարզերին։ Հիշեցնենք, որ նախարարությունը տեղեկացրել է, որ կա 24 հազար սարքավորման պակաս։

Փոխնախարարն անդրադարձավ էլեկտրոնային մատյաններին՝ նշելով, որ դրանք ցույց են տալիս, թե ինչպես են ընթանում հեռավար դասերը տարբեր դպրոցներում, եւ ինչպիսին է ուսուցիչների ներգրավվածությունը։ Նշեց նաեւ, որ հեռավար ուսուցման գործընթացներում կա աշակերտների 80 % ներգրավվածություն։ Այն հարցին, թե ուսուցիչների շրջանում կան կորոնավիրուսի վարակակիրներ, նշեց, որ առանձնացված տվյալներ չկան։

«Վերջին զանգի» միջոցառումների վերաբերյալ տեղեկացրեց, որ քննարկվում են մի քանի սցենարներ, թե ինչպես են շարունակելու աշխատանքը. «Կարծում եմ, որ այս տարի «Վերջին զանգը» կունենա առանձնահատուկ նշանակություն»,- հավելեց փոխնախարարը, իսկ միասնական քննությունների հետաձգման վերաբերյալ հայտնեց, որ նախարարությունը պատրաստ է լինելու ցանկացած իրավիճակի։ «Բոլոր իրավիճակների լուծումները ուրվագծված են։ Կրթության համակարգը առանձին համակարգ չէ, եւ մենք մեր գործունեությունը կազմակերպում ենք՝ ելնելով պետության եւ հասարակության ներսում առկա դրությունից»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ հեռավար ուսուցման նպատակներց է ապահովել կրթության անընդհատությունը։

Ժաննա Անդրեասյանն այն հարցին, թե որ մարզին ինչքան տեխնիկա է տրամադրվել պատասխանեց, որ 56 –ական պլանշետներ են նվիրել Լոռի, Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր, Սյունիք եւ Վայոց Ձորի մարզերի աշակերտներին, Արագածոտնի մարզին նվիրել են 81 սարքավորում, Տավուշի մարզին ԱԺ-ն 85 համակարգիչ է տրամադրել, իսկ Կոտայքի մարզին համակարգիչներ տրամադրել է «Ucom» ընկերությունը։ «Առաջին հերթին սարքերը տրամադրվում են միայնակ ծնողների, սոցիալապես անապահով եւ մեկից ավելի աշակերտ ունեցող ընտանիքներին»,- հավելեց փոխնախարարը։

Իսկ փոխնախարար Արայիկ Խզմալյանն անդրադարձավ մշակութային կառույցների աշխատանքին։ Ըստ նրա՝ ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը աճել է։ Նշեց, որ Օպերայի եւ բալետի թատրոնը մարտի 17-ից ապրիլի 5-ը օնլայն ցուցադրել է 6 ներկայացում։ «Օպերային թատրոնին վերաբերող նյութերը 326 հազար դիտում են ունեցել, 5000-ով ավելացել է էջի հետեւորդների թիվը»,- տեղեկացրեց փոխնախարարը՝ հավելելով, որ առցանց ցուցադրումները շարունակվում են գրեթե բոլոր թատերահամերգային կազմակերպությունների սոցցանցերի էջերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter