Սերժ Սարգսյանը հանդիպել է բելգիահայ համայնքին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ի երեկոյան հանդիպել է Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նախագահը կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի համար սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի և հայրենիքի միջև, և իր ցանկությունն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան:
«Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնությունը՝ իրենց նպաստը բերելով հայ-բելգիական բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը: Մենք ուժեղ ենք մեր վառ անհատականություններով, բայց առավել ուժեղ ենք մեր միասնությամբ»,-հանդիպման մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:
Նա հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է Բելգիայի, Եվրոպական միության և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի հարաբերություններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, նաև Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և մի շարք այլ հարցերի:
Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ հարաբերություններում և այսօր բանակցում է մի կողմից Ասոցացման համաձայնագրի, իսկ մյուս կողմից Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ու մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ, ինչը զգալի խթան կլինի ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման ու հարաբերությունների զարգացման գործում:
Բրյուսելում այսօր ավարտվել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Արդեն մեկնարկել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստը:
Օրվա ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ հանրապետության ղեկավարն այսօր ելույթ կունենա նաև Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել