HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՏՄՊՊՀ նախագահ. «Գնում են, 5000 դրամանոց իտալական լոլիկ են նկարում. ես վստահ եմ, որ ավելի քան 99 տոկոսը երբեք դա չի կերել»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) որևէ իրավասություն չունի շուկայի գները կարգավորելու հարցում, և առհասարակ գները կարգավորելու գործառույթ որևէ մարմին չունի:

Այս մասին խորհրդարանում 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` արձագանքելով առաջնային ապրանքների թանկացման վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին:

«Մենք չենք կարող միասնական գին սահմանել և կիրառել, եթե գները բարձրանում են, մեր հանձնաժողովը որևէ բան չի կարող անել, այն էլ մեկ-երկու օրվա ընթացքում, որը հաճախ պահանջում ենք: Մենք մենաշնորհ դիրք ունեցող տնտեսական սուբյեկտների վարքագիծը կարգավորող մարմին ենք, եթե գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները չարաշահում են իրենց դիրքը, այդտեղ մենք գործ ունենք անելու»,- ասաց Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` արտակարգ դրության հաստատելուց հետո հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով 44 ապրանքային մշտադիտարկում է իրականացրել, ի դեպ այդ հարցում հանձնաժողովին օգնել են նաև մարզպետարանների աշխատակիցները:

«Ինչ վերաբերում է գների դինամիկային, որոշակի բարձրացումներ ունենք, բայց այն աղաղակող փաստերը, որ գները կրկնապատկվել են և այլն, նման բան գոյություն չունի, կամ փաստով պետք է ներկայացվի, թե որտեղ է, որ նայենք կամ ուղղակի չենք կարող այդ հայտարարության հետևից գնալ»,- ասաց նա:

Ըստ Գևորգյանի` թանկացումները հիմնականում կապվում են արտարժույթի բարձրացման և ներմուծման թանկացումների հետ, այսինքն` տնտեսվարողներն են այդկերպ բացատրում:

«Ուրախալի լուր ասեմ` էսօրվա տվյալներով գրեթե բոլոր ապրանքների գները նվազել են»,-ասաց նա:

Գևորգյանի խոսքով` չնայած գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունը ևս իրենց լիազորությունների մեջ չի մտնում, սակայն այս ընթացքում դա էլ են արել և արձանագրել, որ տեղական արտադրության բանջարեղենի գնանկում կա:

Գևորգյանին վրդովել են հատկապես պատգամավորների հրապարակած այն լուսանկարները, ըստ որոնց, օրինակ` իմբիրը կամ իտալական լոլիկը թանկացել է: Ասում է` ամբողջ շուկան ուսումնասիրել են, պարզվել է, որ իմբիրի թանկացում չի եղել, պարզապես տնտեսվարողը թանկ գնով է ներմուծել, այնպես էլ վաճառել է: Գևորգյանը կատակով ասաց` փորձում են գտնել, թե այդ ներմուծողը էլ ինչ տեսակի ցիտրուսային միրգ է ներմուծել, որպեսզի արհեստական դեֆիցիտի հիմքով վերջինիս պատասխանատվության ենթարկեն, քանի որ շատ երկար ժամանակ են տրամադրել այդ հարցի ուսումնասիրությանը:

«Գնում են, 5000 դրամանոց իտալական լոլիկ են նկարում. ես վստահ եմ, որ ավելի քան 99 տոկոսը երբեք դա չի կերել, կամ նազրվան վարունգ են նկարում, ժողովուրդ, անկեղծ խոսենք, նազվրան վարունգը միշտ էլ մարտին ամենապիկ գինն է ունեցել»,- ասաց նա:

Գևորգյանի խոսքով` այս օրերին մտածում են միայն հնարավորինս շատ աշխատանք կատարելու մասին, նույնիսկ չեն էլ հասցնում իրենց կատարած աշխատանքը հաշվետվության տեսքով ներկայացնել հանրությանը, ասաց` հետո կմտածեն իրենց գովազդի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter