HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կասեցվել է «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետներում սննդի մատուցման` մինչ երեկ շարունակվող գործընթացը

Մարտի 13-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է նոր կորոնավիրուսի վարակի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ։  Այս մասին մինչ լրագրողների հարցերին պատասխանելը հայտնեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին, սննդամթերքի արտադրություններին բաժանվել են վարակի տարածումը նվազեցնելուն ուղղված միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ, որոնց կատարմանը տեսչական մարմինը հետամուտ է եղել վերջին մեկ ամսվա ընթացքում։

Տեսուչներն այս ընթացքում այցելել են Երևանի մոտ 500, իսկ մարզերում՝ մոտ 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ և արտադրություններ, մինչև հանրային սննդի օբյեկտների աշխատանքի դադարեցումը՝ նաև հանրային սննդի օբյեկտներ։

ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սաքերի, սայլակների, դռան բռնակների և ՀԴՄ սարքերի ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, բացառել խանութներում ավելորդ հերթերը, ինչպես նաև արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք։

Որոշ մարզերում տեսչական մարմնի մասնագետները տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ դեպքերում նաև ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են շրջայցեր՝ բացօթյա առևտուրը բացառելու նպատակով։

«Մարտի 25-ին, ինչպես տեղեկացրել էինք, Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները շրջայց են իրականացրել, այսպես կոչված, բաց «Մեյմանդարի» շուկայում։ Շրջայցի ընթացքում դիմակներ, ձեռնոցներ չունեցող 15 անձանց չի թույլատրվել իրականացնել սննդամթերքի վաճառք, պաշտպանիչ միջոցներ չունեցող, վաճառք իրականացնող անձանց չի թույլատրվել մուտք գործել շուկա։ Հաջորդ օրն արդեն կրկնակի այցելության ժամանակ շուկայի ողջ տարածքում տեսուչների հսկողությամբ իրականացվել են ախտահանման աշխատանքներ։ Արձանագրվել է, որ սննդամթերք վաճառողներն ու շուկայի աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով»,- նշեց Գեորգի Ավետիսյանը։

Մարտի 27-ին և 28-ին մշտադիտարկումներ են իրականացվել գյուղատնտեսական արտադրության 18 շուկաներում։ Արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի գործում, իսկ գործող շուկաներում միայն մի քանի կետերում է վաճառք կազմակերպվում, այցելուների քանակն էլ  նկատելիորեն պակասել է։

Տեսչական մարմինը իրականացրել է նաև համեմատական մոնիթորինգներ 2019 և 2020 թվականների կտրվածքով մարտի 1-26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներմուծման և արտահանման սննդամթերքի վերաբերյալ։ Որոշ սննդամթերքի ներկրումներ նվազել են, որոշներինը՝ ավելացել։ Արտահանումները նույնպես ավելացել են։

Ապրիլի 6-ին Տեսչական մարմնում ստեղծվել է աշխատանքային խումբ առցանց վաճառվող սննդամթերքի գործունեությամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպման նպատակով։

Գեորգի Ավետիսյանը հայտնեց, որ երեկ Տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային կենտրոնների մասնագետները այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետների «ֆուդկորտեր», և պարզել, որ այդ վայրերում սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ։

Մասնագետների ցուցումների համաձայն հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է, և այսօրվանից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter