HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՍԱՏՄ ղեկավար․ ««DAROINK»-ում վարակվածը արտադրության աշխատակից չէ, այլ՝ մենեջեր»

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները, սահմանային հսկողությունը և պատասխանել քաղաքացիների ահազանգերին։

Անդրադառնալով այն հարցին, որ մարզերից մայրաքաղաք գալ չկարողանալու պատճառով մարդիկ կանգնել են մթերքի իրացման խնդրի առջև՝ ՍԱՏՄ ղեկավարը նշեց, որ դա իրենց գործառույթի մեջ չի մտնում, իրենց գործառույթը սննդամթերքի անվտանգությունը երաշխավորելն է, ոչ թե վաճառքը կամ սպառումը։

Խոշոր արտադրամասերում վարակից խուսափելու համար բոլոր արտադրամասերին բաժանվել են ուղեցույցներ՝ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ՝ առձեռն։

«Գրեթե բոլոր մեծ արտադրամասերը ամենօրյա ռեժիմով մեզ ուղարկում են իրենց կողմից ախտահանման միջոցառումների ֆոտո և տեսառեպորտաժներ»,- հայտնեց Գեորգի Ավետիսյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ հացի միջոցով կարելի է վարակ փոխանցել՝ ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ այդ մասին որևէ գիտական աղբյուրի, որևէ հրապարակման ծանոթ չեն

«Հացի փաթեթավորման համար որևէ օրենսդրական պարտադիր պահանջ չկա, սակայն մեր հորդորներով շատ արտադրողներ իրականացնում են հացի փաթեթավորում»։

Տեսչական մարմնի ղեկավարը նշեց նաև, որ ձվի ինքնարժեքը բավական բարձր է, մոտ՝ 41-42 դրամ, դա մեծ թռչնաբուծարանների բացթողման գինն է։ 55 դրամով վաճառքն այս դեպքում նորմալ գին է։ Կար ձվի գերարտադրություն, որի ժամանակ գները իջան, հիմա գները վերադառնում են նորմայի սահմաններ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների թվում չկան վարակվածներ։ Սահմանում գտնվող աշխատակիցները ապահովված են բոլոր պաշտպանիչ միջոցներով, այդ թվում նաև՝ պաշտպանիչ արտահագուստներով։ Ունեն համապատասխան դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր։

Արտերկրից Հայաստան մուտք գործող վարորդները, նախքան Հայաստանի սահմանը հատելը, պարտադիր անցնում են բուժզննում։ Այն իրականացվում է Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի մասնագետների կողմից։

Գեորգի Ավետիսյանն անդրադարձավ նաև այն լուրերին, որ «DAROINK» ընկերությունում կան կորոնավիրուսով հիվանդներ։

«Տեսուչները տեղում պարզել են, որ «DAROINK»-ում վարակվածը արտադրության աշխատակից չէ, այլ՝ մենեջեր։ Ինչ վերաբերում է տվյալ արտադրության աշխատակիցներին, նրանք շփում չեն ունեցել մենեջերի հետ և վարակի տարածումը տվյալ գործարանում գրեթե զրոյական ռիսկ ունի»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը։

Պատասխանելով քաղաքացիների մտահոգությանը խանութներում ժամկետանց մթերքի մասին՝ տեսչական մարմնի ղեկավարը հայտնեց՝ մտավախություն միշտ կա, որ խանութներում կարող են լինել ժամկետանց մթերքներ։ Դրա համար թե՛ Սննդի անվտանգության տեսչական մարմինը, թե՛ համայնքների համապատասխան ստորաբաժանումները իրականացնում են շրջայցեր։ Միայն այս ամսվա ընթացքում քաղաքացիների ահազանգերի հիման վրա ունեցել ենք 2 դեպք, երբ տեղում առգրավվել և ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter